Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՕՊ՝ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ

Մայիս 21,2003 00:00

ՀՕՊ՝ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ Միայն ՀՀԿ-ի ինտերնետային պաշտոնական էջում զետեղված նյութերը բավական են, որ այդ կուսակցությանն «Ընտրական օրենսգիրքը» խախտելու համար ԿԸՀ-ն զրկի գրանցումից: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Իսկ այժմ հետեւենք, թե օրենքի այս դրույթը որքանով է պահպանում Հանրապետական կուսակցությունը՝ համաձայն իր իսկ ինտերնետային պաշտոնական էջում հրապարակված նյութերի: Ըստ այդմ՝ մայիսի 16-17-ին ՀՀԿ-ին Լոռու մարզում իր քարոզարշավի ընթացքում ուղեկցել է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Սարամեջ գյուղում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գյուղացիներին խոստացել է, որ 10 օրից կսկսվի բնակավայրի գազիֆիկացումը, որի գործընթացին մասնակցելու են նաեւ իրենք՝ գյուղացիները, ապահովվելով ժամանակավոր աշխատանքով: Նա հայտնել է, որ այստեղ մասնավորից զգալի ցածր արժեքով՝ 3500 դրամով, կբաժանվի պարարտանյութ: Եվ Սարամեջի գյուղապետը ՀՀԿ առաջնորդին է հանձնել համայնքի հիմնախնդիրների փաթեթը: Վրաստանին սահմանամերձ Մեծավան գյուղում Անդրանիկ Մարգարյանը խոստացել է մինչեւ սեպտեմբեր վերանորոգել եւ գույքով ապահովել թիվ 1 դպրոցը, իսկ 10 օրից սկսել բնակավայրի գազիֆիկացումը: Մայիսի 17-ին ՀՀԿ անդամները Մարգահովիտ գյուղում խոստացել են, որ շուտով կլուծվի հեռախոսակապի հարցը, տեղի դպրոցը մինչեւ սեպտեմբեր կապահովվի անհրաժեշտ գույքով: Մայիսի 13-ին Թալինում վարչապետը հայտնել է, որ ներկրվելու է 1 մլն 200 հազար դրամի չափով պարարտանյութ, որը կբաժանվի անվճար, իսկ մինչ այդ գյուղացիները կարող են ձեռք բերել շուկայական գներից զգալի ցածր՝ մեկ պարկը՝ 3400-3800 դրամով: Ոսկեվազ գյուղում նա տեղեկացրել է, որ մեկ շաբաթից կսկսվեն դպրոցի շինարարական աշխատանքները, ոռոգման ջրի խնդիրը կլուծվի երեք խորքային հորերի կառուցմամբ: Իսկ Ներքին Բազմաղբյուրում նույն խնդիրը մասնավորապես կլուծվի մոտակա Պարտիզակի ջրամբարի վերանորոգմամբ, ինչը կկրճատի ջրի կորուստը. «Հարցը կդրվի հինգշաբթի օրվա կառավարության նիստի քննարկմանը- կհատկացվեն միջոցներ»: Հաջորդ տարվա ընթացքում մարզի զարգացման ծրագրի մեջ կընդգրկվեն նաեւ ջրամբարի մեծացման աշխատանքները: Մայիսի 11-ին Արմավիրի մարզում ՀՀԿ խորհրդի նախագահը նշել է, որ հաշվի առնելով բնակիչների բողոքները, ուշադրություն է դարձրել դպրոցներում ընթացող կրճատման վրա, որի առիթը սոցապ հիմնադրամի համար դրույքից պակասի դեպքում՝ 5000 դրամ գանձումն է: Վարչապետը հայտնել է, որ բոլոր մարզպետներին հանձնարարված է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի այդ մասի կատարումից, մինչեւ թյուրիմացությունը հարթվի ԱԺ-ում նոր օրենքի ընդունմամբ: Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը բնակչությանը հայտնել է, որ ՀՀԿ ծրագրի համաձայն՝ մինչեւ տարվա վերջ խորքային մեկ հորին կավելացվի եւս մեկը, որի շնորհիվ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: Այստեղ եւս պրն Մարգարյանը ընտրողներին տեղեկացրել է, որ կարող են ձեռք բերել պետության կողմից տրամադրվող պարարտանյութեր՝ մասնավոր վաճառվող 4000-5000 դրամի փոխարեն՝ վճարելով 3800 դրամ: Մայիսի 9-ի հանդիպման մասին տեղեկատվությունից. «Բնակիչները նշեցին, որ հեռախոսակապ չկա շրջակա ինը գյուղերում, եւ խնդրեցին նախագահի ընտրության կապակցությամբ Ամասիային եւ Աշոցքին տրամադրված ռադիոհեռախոսները թողնել իրենց՝ մինչեւ խնդրի լուծումը, ինչին Անդրանիկ Մարգարյանը համաձայնեց առանց երկմտելու»: Այս հանդիպման մասին մեկ այլ տեղեկատվություն էլ՝ արդեն «Առավոտից». «Վարդաքարի բնակիչները բարձրացրին իրենց գյուղի կիսափուլ կամրջի հարցը, որին հետեւեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականը Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանին։ Վերջինս պարտավորվեց 1 շաբաթվա ընթացքում վթարված կամուրջների ցանկը ներկայացնել կառավարությանը»: Մայիսի 4-ին Ճամբարակի քաղաքապետ Հայկ Լազարյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀԿ ծրագրերում տեղ է գտել տարածքի հիմնախնդիրների մեծ մասը, եւ կոչ է արել բնակիչներին՝ քվեարկել կուսակցության օգտին: ՀՀԿ առաջնորդն ի պատասխան խոստացել է, թե մյուս շաբաթ մասնագետները ժամանակավոր ճանապարհի կառուցման համար կուսումնասիրեն վնասված տարածքները: Նա հայտնել է, որ Ճամբարակի սոցիալական պայմանների բարելավման համար գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվող մարդկանց կտրամադրվեն վարկեր: Վարդենիսում վարչապետը նշել է, որ սոցիալական հիմնադրամի միջոցներով քաղաքում կատարվելիք ծրագրերը շուտով կհաստատվեն իր կողմից եւ կսկսվեն դպրոցների, ջրագծերի վերանորոգման կամ կառուցման աշխատանքները: Մայիսի 3-ի հանդիպման ժամանակ Այնթապի եւ Խարբերդի բնակիչներն արծարծել են բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավման հարցը, որն, ըստ սոցապնախարար Ռ.Մարտիրոսյանի, կլուծվի 30-35 տարով արտոնյալ վարկի տրամադրմամբ՝ նախարարությունում գործող միջգերատեսչական հանձնաժողովին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցին վարչապետը խոստացել է նվիրել հեռուստացույց եւ համակարգիչ, իսկ 15 օր հետո սկսել տանիքի վերանորոգումը, լուծել Գետազատ գյուղի հեռախոսակապի խնդիրը: Ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուրի բնակիչները Անդրանիկ Մարգարյանին դիմել են գյուղի մոտակայքում գտնվող յոթ աղբյուրների ջուրն ինքնահոս եղանակով բնակավայր հասցնելու խնդրանքով, որից կօգտվի նաեւ 15 համայնք: Մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանել է, որ ծրագիրն արդեն քննարկվում է ՀՀ կառավարությունում: Ապրիլի 26-27-ին հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոստացել է, որ մինչեւ այս տարեվերջ կամ 2004թ. կեսերը Սյունիքում կլինի հզոր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ: Նա հայտնել է, որ այս տարվա ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կկատարվեն 60 մլն դոլարի ներդրումներ, ինչն էապես կբարելավի սյունեցիների սոցիալ-տնտեսական վիճակը: … Այսքանն ընդամենը մի մասն է www.hhk.am սայթից քաղված այն նյութերից, որոնք վկայում են, թե քարոզարշավի ընթացքում ՀՀԿ առաջնորդները ընտրողներին խոստանում են մատուցել զանազան ծառայություններ եւ տալ ապրանքներ, ու նաեւ՝ որ օգտագործվել են վարչական լծակները: Թեեւ կարող է հակափաստարկ հնչել, թե այդ խոստումները նրանք տալիս են իբրեւ վարչապետ կամ կառավարության անդամ: Բայց այս երկվության պատճառն էլ «Ընտրական օրենսգրքի» այլ դրույթների խախտումն է. 18 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին «իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս» արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել, իսկ 111 հոդվածի համաձայն՝ «Այն թեկնածուները, ովքեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են՝ գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց»: Օրենքի դրույթները պարզ եւ հստակ են: Սակայն ԿԸՀ-ն օրենսդրությանը հակասող պարզաբանումներ ներկայացրեց՝ հնարավորություն տալով պաշտոնյաներին անօրինական մասնակցություն ունենալ քարոզարշավին: ԿԸՀ-ն փոխեց օրենքի պահանջները՝ իր կամայական մեկնաբանությամբ, թե քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական եւ ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ չեն: Խիստ կասկածում ենք, թե միջազգային հանրությանը, որի համար ԱԺ ընտրությունները վերջին թեստն են՝ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը ճշգրտելու համար՝ օրենքից չբխող այս մեկնաբանություններով հնարավոր կլինի համոզել, թե, ինչպես եւ նախագահի ընտրության ժամանակ, վարչական ներուժն այս ընտրություններում եւս չկիրառվեց, եւ ընտրողներին բացահայտ չխոստացվեց ընտրակաշառք: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել