Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

Մայիս 21,2003 00:00

ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրիին խնդրեցինք գնահատել ընտրությունների նախընտրական շրջանը՝ նկատի ունենալով թե ԶԼՄ-ների վարած քարոզչությունը, թե ընտրություններին մասնակցող ուժերի գործունեությունը, թե արձանագրված օրինախախտումները: – ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլում մասնավորապես ԶԼՄ-ներին առնչվող մեր գնահատականներն արտացոլված են դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվությունում, բայց ամփոփ ասեմ, որ Հանրային հեռուստատեսությունն այս անգամ ավելի հավասարակշռված տեղեկատվություն մատուցեց: Փոխարենը մասնավոր հեռուստաընկերությունները նման հավասարակշռված լրատվություն չեն ապահովել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր նախընտրած թեկնածուն: Ինչ վերաբերում է պետական տպագիր մամուլին, ապա այն ընդհանրապես հավասարակշռված տեղեկատվություն չի տրամադրում բոլոր մրցակից կուսակցությունների մասին: Ընդդիմադիր տպագիր մամուլն էլ պարզ կերպով կողմնակալություն է անում հօգուտ ընդդիմության: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ քարոզարշավին, ապա՝ այն պակաս լարված է, քան ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ավելի քիչ են նաեւ հաղորդագրությունները կողմերի բախումների վերաբերյալ, նաեւ պակասել է հանրության հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ հանրությունն այս ընտրություններն այնքան չի կարեւորում, որքան նախագահի ընտրությունները, մասամբ էլ նրանով, որ հասարակության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ ավելի պակաս է, քան առաջ: – Ի՞նչ եք կարծում, իշխանություննե՞րն են բարի կամք դրսեւորել այս ընտրություններն ավելի քաղաքակիրթ անցկացնելու համար, թե՞, այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն իրենք հակված չեն որեւէ բողոքի, անօրինականության վերաբերյալ բարձրաձայնել: Ի վերջո, թեկնածուներն առանձին-առանձին պակաս կենտրոնացված ու համակարգված են աշխատում, քան նախագահի ընտրությունների ժամանակ: – Ձեր երկու հարցին էլ պատասխանում եմ՝ այո: Կարծում եմ, ՀՀ քաղաքական, ներառյալ՝ իշխանական կուսակցությունների առաջնորդները, իսկապես ցանկանում են ավելի լավ ընտրություններ անցկացնել: Միաժամանակ ճիշտ է այն դիտարկումը, թե ավելի շատ մրցակցություն կա «իշխանամետ» կոչվող բլոկի ներսում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեջ ընտրապայքարն ամենաթեժն է, բայց, երբ գործը հասնում է այդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուին, շատ հաճախ չկա վերահսկողություն ոչ կուսակցությունների կողմից, ոչ նույնիսկ իշխանությունների: Հիմնական խախտումների մասին մեղադրանքներն էլ, ի դեպ, ստացվում են հենց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից: Եվ հենց մեծամասնական ընտրապայքարին է, որ մենք ուշադրությամբ պետք է հետեւենք: – Արդյո՞ք կան արդեն որոշակիացված ընտրատարածքներ, տեղամասեր, որտեղ Դուք անօրինությունների կամ կեղծիքների ակնկալիքներ ունեք եւ որտեղ Դուք արդեն այսօր ծրագրել եք այցելել քվեարկությանը օրը: – Մի շարք ընտրատարածքներ ենք նշել, որտեղ կարող են պրոբլեմներ լինել: Կան նաեւ առանձին ընտրատարածքներ, որոնց մասին մենք տեղեկություններ ունենք, որ կարող են կեղծիքներ լինել: – Երեկ հանդիպել եք ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել: – Ընդհանուր առմամբ խոսել ենք ընտրություններից մեր ակնկալիքների մասին: Պարոն Սահրադյանը հայտնեց որոշակի խնդիրների ու դժվարությունների մասին, որոնք ԿԸՀ-ն կարող է ունենալ: Մենք նշեցինք մեր մտահոգություններից մի քանիսը, որոնք նշել ենք նաեւ միջանկյալ հաշվետվությունում: Այդ հանդիպման մասին ավելի կոնկրետ ոչինչ չեմ ուզում ասել, բայց ավելացնեմ, որ ես հույս հայտնեցի, թե առաջիկա ընտրությունները նորմալ կանցնեն: Սակայն, ինչպես ասացի իմ առաջին ասուլիսի ժամանակ, տարբերություններ կան հույսի եւ ակնկալիքի միջեւ: Դրա մասին ոչինչ հնարավոր չէ հաստատ ասել, մինչեւ ձայները չհաշվարկվեն, չաղյուսակավորվեն, չհայտարարվեն եւ բողոքներին ընթացք չտրվի: – Ձեր հաշվետվությունում արձանագրվել են նաեւ այս ընտրությունների նախընտրական փուլում ընտրակաշառք բաժանելու տխուր ավանդույթի դեպքեր: Բայց եղել են նաեւ ոստիկանության, հարկային մարմինների, իշխանական այլ օղակների միջամտություններ թեկնածուների նախընտրական շտաբներում: Ինչպե՞ս են դրանք գնահատվել Ձեր կողմից: – Այն բոլոր փաստերը, որ նշեցիք, իհարկե, օրենքի խախտումներ են, որոնց մենք դեմ ենք, բայց դրանցից շատերն ի հայտ կգան միայն ընտրությունների օրը: Այդուհանդերձ, նմանատիպ մի շարք մեղադրանքներ եղել են մամուլում, նաեւ մեզ են դիմել, սակայն շատ հաճախ դրանք շատ աղոտ տեղեկություններ են, որոնք զուգակցված չեն տուժած կողմի բողոքներով ԸԸՀ-ներ կամ դատարաններ: Եթե մենք չկարողանանք որեւէ բան անկախ աղբյուրների միջոցով ստուգել եւ հաստատել, շատ դժվար կլինի որեւէ բան որակել՝ որպես օրենքի խախտում: Որեւէ բողոք պետք է ներկայացվի ԸԸՀ-ներին, իրավապահ մարմիններին, դատարաններին: Շատ հաճախ մարդիկ չեն ուզում դա անել, եւ այդ պարագայում մեր ձեռքերը կապվում են: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել