Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂԻՆ ՎԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Մայիս 20,2003 00:00

ԳՐՈՂԻՆ ՎԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ Մայիսի 7-ին Երեւանի Էրեբունու համայնքի թաղապետարանում ծեծի ենթարկեցին Հայաստանի գրողների միության անդամ, ճանաչված գրող, հրապարակախոս Ռոբերտ Կարայանին։ «Առավոտն» առաջինն անդրադարձավ այդ խայտառակ պատմությանը իր մայիսի 13-ի հրապարակման մեջ։ Ի՞նչն էր հունից հանել թաղապետարանի աշխատակիցներին։ Գրողը հարց էր բարձրացրել Անդրֆեդերացիայի թիվ 25 հասցեում բնակվող ընտանիքի մասին։ «Փլված տանիքով, հողածածկ, մգլոտ, նեղլուկ՝ ընդամենը 7-8 քառակուսի մետր տարածքում, արդեն հինգ տարի անընդմեջ՝ իր չորս անչափահաս (2-9 տարեկան) երեխաների հետ ապրում է գաղթական մայրը՝ գիշեր ու զօր՝ արցունքների հետ»։ Այս ընտանիքը նստացույցերի է դիմել «վարչապետ Մարգարյանի կառավարության քարասանդուղքներին եւ Էրեբունու թաղապետարանի առջեւ»։ Հայաստանի գրողների միությունը մայիսի 16-ին հանդես եկավ հայտարարությամբ։ Այն է՝ «Հայաստանի գրողների միության նախագահությունն իր վրդովմունքն ու բողոքն է արտահայտում եւ խստորեն դատապարտում Երեւանի Էրեբունու համայնքի թաղապետարանում ՀԳՄ անդամ, ճանաչված գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանի հանդեպ թաղապետարանի աշխատողների կողմից թույլ տրված բռնարարքը։ Պահանջելով այդ բռնարարքն իրագործած անձանց պատասխանատվության ենթարկել, ՀԳՄ նախագահությունն ընդգծում է, որ ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվող որեւէ անվայել արարք»։ Երեկ Ռ. Կարայանից փորձեցինք ճշտել իր հետագա քայլերի մասին։ Գրողին վայել արժանապատվությամբ նա ասաց, որ պատրաստ է ներելու, եթե թաղապետարանը այդ դժբախտ ընտանիքին իրական օգնություն ցույց տա եւ ներողություն խնդրի իրենից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել