Լրահոս
Օրվա լրահոսը

Լոբի եւ ալյուր էլ չի լինելու

Մայիս 20,2003 00:00

Լոբի եւ ալյուր էլ չի լինելու Մայիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 4-օրյա այցելություն էր նախաձեռնել Լոռու եւ Տաուշի մարզեր։ Մայրաքաղաքից հեռու շրջաններում, գյուղերում կուսակցության այցելությունները տոնի էին վերածվում։ Տեղական ինքնակառավարման մարմիններն այդ մարզերում եւս հոգ էին տարել, որպեսզի տպավորությունը լիներ չափազանց ջերմ, տոնական եւ մարդաշատ։ Այդուհանդերձ, սոցիալ-տնտեսական խնդիրներ ե՛ւ Լոռիում, ե՛ւ Տաուշում բազմաթիվ էին։ ՀՀԿ պատվին առաջին «տուշը» հնչեց Սպիտակի Սարամեջ գյուղում, որի բնակիչները կուսակցության նախագահ Ա. Մարգարյանից խոստումներ պոկեցին՝ գյուղին պարարտանյութ տրամադրելու, գազահեռախոսաֆիկացման խնդիրները կարգավորելու վերաբերյալ։ Սարամեջի բնակիչների հավաստմամբ, երկրաշարժից հիմնահատակ ավերված գյուղում բնակարանների դեռեւս 20%-ն է վերականգնված։ Անդրանիկ Մարգարյանը Սպիտակի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ էր անում աղետի գոտին այսուհետ փոխարինել զարգացման գոտիով. «Պետք է ազատվել մարդասիրական օգնություն ուզելուց։ Աղետի գոտու բնակիչներն ասում են՝ ձեր տված լոբին էլ, ալյուրն էլ ձեր գլխին կպնի։ Աշխատատեղեր բացեք՝ աշխատենք, մեր գլուխը պահենք»։ Վանաձորում, Ստեփանավանում եւս հանրապետականները բարձրաձայնեցին կառավարության կողմից մարած 64 մլրդ պարտքի մարման, ավելացրած թոշակների, բանակում տեղի ունեցած դրական տեղաշարժերի մասին։ Դատելով լոռեցիների բուռն արձագանքներից, այս քաղաքներում ՀՀԿ ծրագրերը հավատ էին ներշնչում։ Պաշտպանության նախարարը կոչ արեց չհավատալ դրախտ խոստացող կուսակցություններին եւ ապավինել հանրապետականների մտքին ու բազկին։ Մեծավան գյուղում հանդիպման ժամանակ շտապօգնության մեքենա էլ կար, բայց ուշաթափության դեպքեր չեղան։ Ալավերդիում բազմությունը պասիվ էր ու ակնհայտորեն եկել էր պարզապես «ներկա» ստանալու համար։ Ալավերդցիներից համարձակը Լուիզա Ռեսթեւանյանն էր, որը խիստ կասկածում էր ընտրությունների արդար ընթացքին։ Նրա հավաստմամբ, ինչպես նախագահական, այնպես էլ ԱԺ ընտրությունները անարդար ու կեղծիքներով կանցնեն, քանի որ «շուրջբոլորը ընտրակաշառք են բաժանում։ Այստեղ հավաքված մարդիկ դպրոցի աշակերտներ, հիվանդանոցի աշխատողներ, ուսուցիչներ են։ Մինչ միտինգը մարդկանց տեղեկացրել են, թե իբր Հայկոն համերգ է տալու, բայց պարզվեց, որ հյուրախաղերով ժամանածները վարչապետն ու պաշտպանության նախարարն էին»։ Այս մարզերում տարերային աղետների արդյունքում մի քանի անգամ կրճատվել էին գյուղացիների եկամուտները։ Տաշիրցիների հավաստմամբ՝ կարտոֆիլի ցանքատարածությունը մոտ 5 անգամ պակասել է։ Այստեղ բնակիչները հանրապետականներից ակնկալում էին հողի հարկի նվազեցում։ Տաուշի Ոսկեպարը սահմանամերձ գյուղ է, սակայն մարդիկ հուսահատված նշեցին, որ չեն նկատում պետության գոյությունը. «Ոսկեպարցիները լքում են հայրենի գյուղը. ապրուստի միջոց չկա, սահմանամերձ հողամասերում աշխատելը վտանգավոր է, քանի որ պարբերաբար կրակոցներ են լինում»,- ասաց գյուղի բնակիչ Արմիկ Գրիգորյանը։ Հանրապետականներն այստեղ էլ համբերատար պատասխանում էին բորբոքված բնակիչների հարցերին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել