Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «ԿԱՄԵՐԱՅԻՑ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ»

Մայիս 20,2003 00:00

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «ԿԱՄԵՐԱՅԻՑ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ» «Ազատական դաշինքին» անդամակցող կուսակցություններից «Ազատ Հայք Առաքելությունը» նախագահական ընտրություններին սատարել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ուստի հիշյալ կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը նախագահական ընտրություններին դաշինք էր կազմել «Ազգային միաբանության» հետ ու սատարում էր Արտաշես Գեղամյանի թեկնածությանը, վերաբերվում դրան: «Իրար հետ զրուցել ենք, նա լավ տեղյակ է դրան ու գիտի, որ մենք մեր այդ դիրքորոշումը չենք փոխել: Հետո՝ եթե ԱԻՄ-ը չի պաշտպանել Քոչարյանին, դա չի նշանակում, որ մենք չենք կարող միասին լինել,- հայտարարեց Ռ. Մնացականյանը՝ ավելացնելով:- Դրանք, կարծում եմ, գաղափարական տարբեր մոտեցումներ չեն»: Ավելին՝ Ռ. Մնացականյանը հավատացած է, որ ԱԻՄ ղեկավարի նման քայլը՝ իրենց հետ դաշինք կազմելու, ցույց է տալիս, թե որքան ժողովրդավարական ըմբռնումներ ունի Հայրիկյանը: Վերջինիս կողմից պարբերաբար կազմակերպվող ասուլիսներին Ռ. Մնացականյանը չի մասնակցում, ինչի առնչությամբ անկեղծ պատասխանեց. «Ես ուղղակի խուսափում եմ էկրանների դեմ երեւալ: Ես միշտ խուսափել եմ կամերայի առաջ հայտնվել: Հաճելի չէ: Գո՞ւցե կոմպլեքս է, չգիտեմ: Ես իմ «ես»-ը երկրորդ պլան եմ մղել, մենք մեր մեջ մեր «ես»-ը սպանել ենք: Հայրիկյանի մոտ էլ, կարծում եմ, այդ հատկանիշները կան»: Մեր դիտարկմանը, որ Հայրիկյանն ամենեւին էլ չի փայլում նմանատիպ «համեստությամբ», Ռ. Մնացականյանն ասաց. «Ի՞նչ անենք, եթե իր անձի գովասանքով է զբաղվում, ես չեմ կարծում, թե վրիպումներ է թույլ տալիս կամ սխալվում է»: Նա նաեւ վստահեցրեց, որ ինքը Պ. Հայրիկյանի հայտարարությունների հետ գրեթե ամբողջությամբ համամիտ է, եւ նա կարող է միայնակ ասուլիսներ հրավիրել ու ասել այն, ինչ «սիրտն ուզում է»: Իսկ տարաձայնությունների առկայության դեպքում, ինչը նույնպես գոյություն ունի դաշինքում, ինչպես «Ազատ Հայք Առաքելության» նախագահն ասաց՝ «Տեսակետներ կան, որոնք արտահայտելու դեպքում Հայրիկյանը բացարձակ հակադրվում է, մենք՝ չէ, բայց չենք ասում»: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել