Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՐՇՈԿՆԵՐԻՑ» ԱՆԴԻՆ

Մայիս 20,2003 00:00

«ԳԱՐՇՈԿՆԵՐԻՑ» ԱՆԴԻՆ «Ավելորդ եմ համարում ՀՅԴ հասցեին գովեստի խոսքեր ասել»,- իր խոսքն այսպես սկսեց շաբաթ օրը Երգչախմբային ընկերության դահլիճում ներկաներից մեկը, եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ընդհատեց նրան. «Իզո՜ւր, իզո՜ւր»: Մինչ այդ Վահան Հովհաննիսյանը ներկաներին փոխանցել էր իր դիտարկումներն այն թեմայով, թե արդյոք երբեւէ ունեցե՞լ ենք ընտրության հնարավորություն. «Ուսումնասիրելով մեր մրցակիցների համամասնական ցանկերը եւ ներկայացված թեկնածուների կենսագրական հատվածները՝ հասկացել եմ, որ մեր ժողովուրդն 1919-ից հետո, երբ Դաշնակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ այլընտրանքային ընտրություն չի ունեցել երբե՛ք: Սովետական տարիները հաշիվ չեն՝ այնտեղ այլընտրանքը միայն նագանից գլխին հետեւից կրակելն էր՝ ցանկացած ընտրության ժամանակ: Ի՞նչ եղավ հետո. տեսանք, որ անկախ Հայաստանում ձեւավորվեց իշխանության կուսակցություն: Ընդ որում, կարեւոր չի, թե իշխանության այդ կուսակցությունն ինչպես է կոչվում. այն սովորություն ունի պարբերաբար փոխելու իր անունը՝ մի օր կոչվում է կոմունիստական, հետո սկսում է կոչվել ՀՀՇ»: Թե ինչպես է այն կոչվում այժմ՝ պրն Հովհաննիսյանը լռեց, թեեւ ակնհայտ է, որ իշխանության կուսակցությունն այժմ ՀՀԿ-ն է: «Իշխանափոխությունը տեղի ունեցավ մի սցենարով՝ ՀՀՇ-ն մի քանի անկեղծ նվիրյալների, մի քանի ավանտյուրիստ եւ պրովոկատորների ճանապարհով ստեղծեց մի խումբ եւ օղակ, որի շուրջ հանկարծ նորից միավորվեց հին կոմունիստական նոմենկլատուրան. տարբեր էշելոններից՝ ամենավերինից (հիմա էլ դրանք կան, ու գիտեք՝ որ ատյաններում)՝ մինչեւ ներքինը: Նրանք, իհարկե, շատ արագ այդ նվիրյալներին դուրս շպրտեցին: Ով էլ խելոք էր՝ ինքը գնաց, եւ ավանտյուրիստների եւ նոմենկլատուրայի այս պարկը մեզ հրամցվեց իբրեւ նոր իշխանություն»: Միջանկյալ նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչն այս տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ էր ընդունում, որ ՀՀՇ-ի շարքերում կային նաեւ «անկեղծ նվիրյալներ»: Քիչ անց մի իրողություն ընդունեց դարձյալ առաջին անգամ. որ թեեւ փաստ է, թե 90-ականներին եղել են «խայտառակ թալան» ու չարաշահումներ, բայց՝ «նաեւ հաշվի առեք, որ Հայաստանը պատերազմ է շահել՝ չունենալով որեւէ բնական ռեսուրս, չունենալով ոչի՛նչ եւ լինելով շրջափակված նաեւ Վրաստանի կողմից»: Սակայն անդրադարձավ նաեւ ՀՀՇ-ից հետո «իշխանության կուսակցության» այլակերպումներին: Ըստ այդմ, տարիներ անց, երբ իրավիճակը փոխվեց ու ժողովուրդը սկսեց զարգանալ ու պահանջել այլընտրանքային ընտրություն՝ այդ վտանգից «փախչելու համար ժողովրդին նորից դեմ տվեցին այդ նույն պարունակությունը, բայց ուրիշ… կներեք, գարշոկի մեջ»: Դարձյալ ակնհայտ էր, որ խոսքն 1998-ի իշխանափոխության մասին էր, բայց պրն Հովհաննիսյանն էլի խուսափեց որոշակիացումից. «Հիմա նույնն է կատարվում: Այս անգամ բայց կա ճարպկություն՝ մի քանի գարշոկների մեջ մատուցվում է նույն պարունակությունը: Որն էլ լինի՝ լավ է: Նո՛ւյն կազմը, նո՛ւյն դեմքերը, նո՛ւյն կուշտ կերպարները. կշտացած ինչից՝ դուք գիտեք: Հանկարծակի այս նույն մարդիկ, կապերը, նույն տնտեսական կլանները՝ փոխելով դրոշը, առաջնորդին (հաճախ նույնիսկ առաջնորդին էլ չփոխելով), կուսակցության անունը փոխելով՝ ճամփորդում են, անընդհատ իշխանության շուրջը մնալով»: Չնայած վերջին նկատառումը բացառում էր, թե այս վերլուծությունը կարող է վերաբերել իշխանությունից դուրս գտնվող որեւէ ուժի՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե այդ «գարշոկի» ընդհանուր պարունակությունը «մի տեղ ընդդիմադիր դիրքով է հանդես գալիս, մյուս տեղում՝ մի քիչ ավելի մեղմ, մեկ այլ տեղ՝ պինդ իշխանական, բայց իրականության մեջ այդտեղ այլընտրանք չեք տեսնի»: Բնականաբար՝ ըստ նրա, այլընտրանքը ՀՅԴ-ն է: Թեեւ առանձնակի երաշխիք չկա, որ իշխանություն դառնալու պարագայում այն լիովին ապահովագրված է իշխանության կուսակցության ուղեկիցներով համալրվելու վտանգից: Ի դեպ, ՀՅԴ գործիչներն իրենց քարոզչական հաղթաթուղթն են դարձրել, թե իրենց կուսակցությունը չի պառակտվել՝ ի տարբերություն ԱԺ այլ խմբակցությունների, ասենք՝ «Միասնության» կամ ԱԺՄ-ի: Վերջինիս պառակտված մի հատվածի՝ ԱԺԴ-ի առնչությամբ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Արշակ Սադոյանը գտնում է, թե ինքը կարող է լաչառությամբ մի նոր կուսակցություն ղեկավարի»: Թեեւ պրն Հովհաննիսյանը նաեւ նշեց, թե բոլորին՝ ընդդիմությանն ու իշխանության կողքին կանգնած կուսակցություններին վերաբերվում են հարգանքով. «Բայց դա չի նշանակում, թե ճիշտն երեսին չպիտի ասենք: Ասո՛ւմ ենք: Պիտի չնեղանան»: Ուրեմն՝ թող էլի փորձեն չնեղանալ հերթական անգամ նետված այս կշտամբանքից. «Մենք նման չենք այն լացկան կուսակցություններին, որոնք նախագահի ընտրության առնվազն առաջին փուլում կոկորդ էին պատռում, իսկ երկրորդ փուլում պախկվեցին… ինչ-որ տեղեր, հետո նորից հիշեցին, որ իրենք հերոս են»: Կամ՝ նորից ասվեց, թե «իշխանության մեջ դեռ շատ-շատ են մարդիկ, որոնց սարսափեցնում է, երբ Դաշնակցությունն ասում է՝ փոխենք մեր կյանքը… Իսկ երբ պարզվում է, որ խոսքը նաեւ կադրային փոփոխությունների մասին է՝ սկսում են ջղային, նյարդային ռեակցիա ցույց տալ»: Սակայն թե իշխանության մեջ հատկապես ում է պատրաստվում փոխել ՀՅԴ-ն՝ չասվեց այս անգամ էլ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել