Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսենք արդարությունից

Մայիս 17,2003 00:00

Սկսենք արդարությունից Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամները երեկ «քարոզարշավեցին» Կոտայքի մարզի Նոր Հաճըն ավանի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերություն։ Գործարանի աշխատակիցների հետ մտքերի փոխանակությունը քարոզարշավի շրջանակում էր։ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը հայաստանցիների թշվառ առօրյայի նկարագրության արդյունքում հանգեց «ինչի՞ց սկսենք, ո՞նց գնանք առաջ» հարցերին։ Ի պատասխան՝ դահլիճից լսվեց՝ «արդարությունից»։ Համաձայնելով սույն նկատառման հետ, ՔԴՄ առաջնորդը հավելեց կուսակցության հիմնական թեզը. «պետք է մարդու մասին սկսենք մտածել, մարդու իրավունքներն ու շահերը պաշտպանենք ու այդպիսով պետություն կառուցենք, ոչ թե մարդուն անտեսենք ու պետությունից խոսենք»։ Այս ամենի համար Խ. Հարությունյանի համոզմամբ՝ միմիայն քաղաքական կամք է հարկավոր։ ՔԴՄ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պրն Հարությունյանը գործարանի աշխատակիցներին ներկայացրեց նաեւ միության՝ «վերոբերյալ սկզբունքից բխող», հիմնական ծրագրային թեզերը՝ հատուկ ընդգծելով մշակույթի, գիտության ու կրթության դերը եւ նշանակությունը պետականաշինության գործում։ Պատասխանելով աշխատակիցներից մեկի հարցին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքը «կողմ է» քվեարկելու սահմանադրական փոփոխություններին։ Սակայն ընդգծեց, որ չէր ցանկանա, «որպեսզի ինձ լսելով՝ դուք էլ նույնն անեք։ Ինքներդ ծանոթացեք ու որոշեք»։ Այս խորհուրդը, սակայն, մեղմ ասած, ոչինչ չփոխեց. մարդիկ շարունակեցին մնալ «շիվարած»։ Այդուհանդերձ, ՔԴՄ-ն հետեւյալ դիրքորոշումն է ամրագրել. «Գործող Սահմանադրությունն իրեն չի սպառել, ավելին, ստեղծված ճգնաժամային իրավիճակներից թույլ է տվել դուրս գալ։ Քաղաքական գործիչների ներկա սերունդը չէ, որ պետք է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գար։ Հանրաքվեն համատեղելով ԱԺ ընտրությունների հետ՝ նպաստավոր պայմաններ չի ստեղծվում իմաստավորված հանրաքվե անելու»։ «Նախագահին դիտում ենք երկրի գեներալնի դիրեկտորը»,- զայրացավ ՔԴՄ առաջնորդը՝ պատասխանելով նախագահի հնարավոր պաշտոնանկությանը վերաբերող հարցին։ Ըստ այդմ, առավել կարեւորելով խորհրդարանի դերն ու նշանակությունը պետության գոյության համար, Խ. Հարությունյանն արձանագրեց. «Նախագահական ընտրությունները երկիրն առաջ չտարան, առավել լարված վիճակի հանգեցրին։ Բայց արձանագրենք, որ նախագահ ունենք, ու փորձենք առաջ գնալ»։ Ապա՝ «եթե պետք է ետ նայել՝ դասեր քաղելու համար,- եզրափակեց Խ. Հարությունյանը,- իսկ մենք դա անում ենք ցեխ շպրտելու համար»։ «Դոփում ենք, դոփում՝ առաջ չենք գնում»,- նախընտրական հանդիպումը տխուր նոտայով եզրափակեց ընկերության մի աշխատակցուհի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել