Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմշակույթ» խոստումներ

Մայիս 17,2003 00:00

«Անմշակույթ» խոստումներ Համարյա բոլոր կուսակցություններն ու դաշինքները ամենաքիչը մշակութային խնդիրներին են անդրադարձել իրենց նախընտրական ծրագրերում։ «Ուշագրավ» է հատկապես «Արդարություն» դաշինքի ծրագիրը, որին ծանոթանալով տպավորություն ես ստանում, թե դաշինքի համար մշակույթը երկրորդական է։ Նրա նախընտրական ծրագրում նույնիսկ մշակութային հարցերին վերաբերող կոնկրետ գլուխ կամ բաժին չկա։ «Արդարության» նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականության բնագավառին վերաբերող հատվածում ընդամենը մի քանի նախադասությամբ ինչ-ինչ բարի ցանկություններ են նշված. «Ուսուցիչը, բժիշկը, ինժեները, արվեստի եւ մշակույթի գործիչը, մարզիկը վերստին պետք է զգան իրենց կարեւորությունը հասարակության մեջ։ Իսկ կրթության, մշակույթի ու գիտության համակարգերի պահպանման ու զարգացման հարցերը պետք է զերծ լինեն կամայական որոշումներից»։ «Արդարություն» դաշինքի նախընտրական ծրագրում սոցիալական խնդիրներին ածանցված մի մշակութային երազանք էլ է տեղ գտել. «Համաշխարհային քաղաքակրթության գանձարանին բերելիք նպաստները կարող են առավել բազմապատկվել պետականորեն խթանվող գործընթացի շնորհիվ»։ «Օրինաց երկիրը» խորհրդարանի աթոռների էքսպանսիայից բացի, որոշել է «առաջադրել մշակութային էքսպանսիայի նպատակ»։ Ի տարբերություն մյուսների, ՕԵ-ի ծրագրում գոնե բարձրացված է մշակույթի մասին եւ մշակութային տարբեր բնագավառների վերաբերյալ օրենքների ընդունման հարցը։ ՕԵ-ն ցանկանում է Հայաստանը տեսնել տարածաշրջանի համար կարեւոր մշակութային կենտրոն, ինչի ճշմարիտ ճանապարհը, ըստ նախընտրական ծրագրի, համագործակցությունն է եվրոպական կառույցների եւ ՄԱԿ-ի հետ։ ՕԵ-ն գտնում է նաեւ, որ պետք է խրախուսվեն մշակութային նվաճումների հեղինակները եւ սերտացվեն արտերկրի ու Սփյուռքի մշակութային կապերը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս իր նախընտրական ծրագրում մի քանի տողով է «մտածել» հայրենի մշակույթի մասին։ ՀՀԿ-ն նախընտրական խոստում է տալիս. «Ապահովել մշակույթի զարգացման համար հատկացվող բյուջետային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումը (թե ինչպես, ինչ ճանապարհով՝ որեւէ խոսք չկա- Գ. Հ.)… Խթանել հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման գործընթացը»։ Մշակույթի բարգավաճումն ապահովելու կոնկրետ քայլեր ծրագրում նշված չեն, հավանաբար մեր մշակույթի ճակատագիրը ՀՀԿ-ն որոշել է լուծել ընտրություններում հաղթանակելուց հետո։ Այնուհետեւ դրան կհետեւի «ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ցուցաբերման իրավական հիմքերի մշակումը»։ Մշակույթի վերաբերյալ մտահոգությամբ ամենեւին պերճախոս չէ Ազգային միաբանություն կուսակցությունը՝ իր հակաճգնաժամային ծրագրում։ Գուցե Ա. Գեղամյանը վստահ է, որ Հայաստանի մշակույթում ճգնաժամերը հաղթահարված են կամ ԱՄ-ն որոշել է բոլոր ճգնաժամերը հաղթահարել քարոզարշավի ժամանակ։ Նույն հակաճգնաժամային ծրագրում ընդամենը նշված է. «Մշակույթի բնագավառում անհրաժեշտ է աջակցել մշակույթի գործիչների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը՝ պետության կողմից մշակույթի հովանավորչության հաստատմանը։ Մշակույթի գործիչների ու ստեղծագործողների նյութական ու բարոյական խրախուսումը պետք է պայմանավորված լինի զուտ գեղագիտական նկատառումներով՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից»։ Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագիրը եւս ժլատ է մշակութային «զեղումներով»։ ՀՅԴ-ն առաջարկում է համակարգային բարեփոխման հաջողությունն ապահովող համապատասխան մշակութային հենքի ձեւավորում, մշակութային անվտանգության ծրագրի ստեղծում ու իրականացում՝ որպես ազգային անվտանգության համալիր ծրագրի կարեւոր բաղկացուցիչ մաս։ Այս նպատակներին հասնելու համար ընդամենը, ըստ նույն ծրագրի, անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել մշակույթի ասպարեզում բյուջետային ֆինանսավորումը եւ իրականացնել ճիշտ կառավարում։ Թեեւ մշակութային խնդիրները մեր երկրում շատ են, ընտրությունների շեմին կուսակցությունների նախընտրական ծրագրերում դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ ու ճանապարհներ չեն առաջարկվում։ Իհարկե, կան նաեւ ճոխ նախընտրական խոստումներ, սակայն դրանք վերաբերում են մյուս բնագավառներին։ Բայց դա ամենեւին չի նշանակում, թե մոտ ապագայում լուծվելու են, օրինակ, տնտեսական կամ սոցիալական ոլորտի խնդիրները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել