ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ-2 Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրները մեծ վերապահումներով է հնարավոր քաղաքական համարել եւ այդ պատճառով դժվար է ենթադրել, թե դրանք կարող են քաղաքական լուծում ունենալ։ Արդեն 95-ին, անկախությունից հետո, խորհրդարանական առաջին ընտրություններին երեւաց, որ երկրի իշխանություններին ոչ այնքան քաղաքական կապիտալ՝ վստահության քվե է պետք, որքան ուժ։ Նույնը կրկնվեց 96-ի նախագահական ընտրություններում, ավելի անսքող՝ 98-ին, իսկ 2003-ին միեւնույն վարքագիծը հասավ կուլմինացիայի՝ արտաքաղաքական իններորդ ալիքի տակ ճզմելով ժողովրդի մեջ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո մարած հույսի վերարթնացումը ու վերջնականապես պարզվեց, որ բացառապես բռնի մեթոդներով իշխանություն պահպանած ինքնավերարտադրվող կեղծ վերնախավի համար հոգեբանորեն ընդունելի է միայն ու միայն ուժի, քան ազատ ընտրություններով իշխանություն ունենալու իրավունքը։ Թվում է, թե նույնկերպ շարունակել այլեւս անհնար է, որովհետեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Քոչարյանը ոչ թե վերընտրված նախկին նախագահ է, այլ, ինչպես հոդվածներից մեկում էինք բնութագրել՝ ռեժիմ, որի դիրքերն ամրապնդելու այսուհետ կատարած ցանկացած գործողություն ընդդեմ իրեն է, Տիգրան Հայրապետյանի նկատած «ցուգցվանգային» իրավիճակում թելադրված պարտադիր քայլ, ինչը նախապես չի հիմնավորված որեւէ ճշգրիտ հաշվարկով։ Նույն պատճառով Քոչարյանը եւ իր համակարգը, որ անկասկած սեփական օգտագործման մեծամասնություն է ունենալու Ազգային ժողովի մայիսի 25-ի ընտրություններում, ինքնին սպառնալիք լինելով հասարակության հետագա զարգացման ճանապարհին, շատ ավելի վտանգավոր է լինելու պետության համար տարածաշրջանում սպասվող գլոբալ փոփոխությունների հեռապատկերին՝ առ ոչինչ դարձնելով «կազմակերպված պետություն» ունենալու հերթական ինքնահնար առասպելը։ Ինչքան էլ տարօրինակ, առաջին հայացքից անմեկնելի թվա, բայց միանգամայն օրինաչափ է, որ իրեն նետված ցանկացած մարտահրավերի յուրաքանչյուր պետության պատրաստության աստիճանը որոշվում է ոչ այնքան «ուժեղ» լինելու հանգամանքով, որքան կառավարման համակարգով։ Օրինակները բազմաթիվ են, սակայն փաստի կլասիկ նմուշ կարելի է համարել հենց մեր տարածաշրջանում պատմության «առանցքային ժամանակներում» տեղի ունեցած Հին Պարսկաստանի եւ Հին Հունաստանի բախման օրինակը, երբ տիպիկ «արեւելյան կառույց» մարմնավորող հզոր պարսկական թեոկրատական պետությունը պարտվեց անհամեմատ թույլ, բայց «արեւմտյան կառույց» ունեցող դեմոկրատական Հունաստանին։ Կրկին հեռու չգնալու համար վերհիշենք նաեւ ղարաբաղյան պատերազմը, որում հաղթելու հայերիս թափած հսկայական ջանքը հաջողությամբ պսակվեց. ոչ թե (իհարկե, ցանկալի է այդպես կարծելը) մեր «հոգեբանական» կամ «պատմական», կամ երկրորդ համաշխարհային պատերազմում ավելի շատ հերոսներ տալու «ցեղային» առավելությունն էր, որքան Ադրբեջանի համեմատությամբ… ժողովրդավարական լինելը։ Այս առումով առաջին նախագահի հրաժարականը կարելի է նաեւ դիտարկել նոր տեսանկյունից։ Բնավ մտադրություն չունենալով հերքելու «հայտնի ուժերի» հարկադրանքի իրողությունը, չենք կարող չարձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ըստ ամենայնի հեռացավ եւ ոչ թե պարտվեց։ Չենք կարծում, թե նա բավականաչափ քաղաքական ռեսուրսներ չուներ մնալու համար, որքան այսօր ունի Քոչարյանը, սակայն նրա ողջամտությունը բավարարեց գիտակցելու, որ իր պարտությունը ավելի շուտ կանխորոշված էր «անօրինական նախագահ» լինելու հանգամանքով, որով եւ կասկածի տակ էր դրվելու ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ միայն սեփական տարբերակի ճակատագիրը, այլեւ ցանկացած այլ տարբերակի մեզ համար դրական լուծման հեռանկարը։ Դժվար է հավատալ, թե Քոչարյանը չի ըմբռնում, որ ինքը հայտնվել է պետության եւ առավել եւս Ղարաբաղի համար վտանգավոր, առաջին նախագահի պարագան հիշեցնող համանման իրավիճակում։ Բայց այդ պարագան զգալիորեն տարբերվում է Լ. Տեր-Պետրոսյանի կացությունից այն առումով, որ վերջինս նախագահական ընտրություններից հետո չուներ խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու հնարավորություն. դրանք նախորդել էին եւ ոչ թե հաջորդել, ինչպես Քոչարյանի դեպքում։ Այսինքն՝ Քոչարյանն այսօր ունի լրացուցիչ քայլի բացառիկ հնարավորություն՝ իր «անօրինականությունը» հավասարակշռելու օրինական Ազգային ժողովով, ինչը համեմատաբար կթուլացնի ինչպես ներքաղաքական լարվածությունը, այնպես էլ, կարելի է կարծել, ինչ-որ չափով կմեղմի արտաքին ճնշումները։ Այնպես որ, հարկ է ենթադրել, որ ԱԺ մայիսի 25-ի ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար հիմա, ավելի քան երբեք, ընդդիմության՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի եւ Քոչարյանի դիրքորոշումները համընկնում են։ Սակայն խնդրի ողջ բարդությունն այն է, որ Քոչարյանը համ ուզում է նախագահ մնալ, համ էլ օրինական ընտրություններ անցկացնել, ինչը բնական համատեղելիությունը գրեթե դարձնում է անհնարին։ Մանավանդ այն սպառնալիքի պարագայում, երբ ընդդիմությունը դեպ եւ անդեպ հիշեցնում է Սահմանադրական դատարանի «վստահության հանրաքվեի» պահանջը կյանքի կոչելու իրավունքը խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում։ Մյուս դժվարությունն այն է, որ ընտրությունների արդարությունը ընդունելի կլինի կամ կհամարվի միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը իսկապես կարողանա մեծամասնություն կազմել, իսկ ցանկացած այլ ելք կխորացնի ԱԺ-ի օրինական լինելու կասկածը ինչպես վերջիններիս, այնպես էլ միջազգային դիտորդական կառույցների աչքում։ Մի խոսքով, նախագահական ընտրություններով օրինականություն հաստատելու ձախողված փորձից հետո Հայաստանում երկրորդ անգամ ստեղծվելու է փակուղային իրավիճակ։ Նման իրավիճակում Քոչարյանին այլ բան չի մնում, քան օգտագործել հակառակ տարածված՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստն է» արտահայտության, իր կարիերայում բազմիցս փորձարկված «քաղաքականությունը անհնարի արվեստն է» գործելակերպը։ Ըստ այդմ, «էկզիստենցիալ պայմաններում» նա կարողանում է ի շահ իրեն լավագույնս օգտագործել հակամարտող կողմերի թաքուն կամ բացահայտ հակասությունները։ Այդպես է եղել ինչպես Ղարաբաղում եղած տարիներին, այնպես էլ Հայաստանում՝ սկսած 97-ից, երբ հակասություն առաջացավ մի կողմից Վազգեն Սարգսյանի, մյուս կողմից՝ Լ. Տեր-Պետրոսյանի, այնուհետեւ «Միասնության» երկու թեւերի՝ հանրապետականների եւ ՀԺԿ-ի միջեւ 99-ի հոկտեմբերից հետո ստեղծված կացությունը։ Էլ չենք խոսում նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմությունը Գեղամյանով պառակտելու մինչ այժմ կենսունակությունը չկորցրած մարտավարությունը։ Եվ քանի որ տրամաբանությունը հուշում է, որ ակամա պետք է «թույլատրվեն» արդար ընտրություններ, եւ միաժամանակ չպետք է հաղթի իրական ընդդիմությունը, իմիտացիոն ընդդիմության չափաքանակը մեծացնում է՝ ի նպաստ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» բարեհաջող ընտրարշավի պատրանքի ստեղծման, իսկ հանրապետականների մեծամասնություն կազմելու եւ արտաքին հնարավոր ճնշումների դեպքում պատրաստում է վերեւից իշխանափոխություն կատարելու սցենարը։ Բայց այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ