Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տակնուվրա

Մայիս 17,2003 00:00

Տակնուվրա Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) իր նախընտրական ծրագիրը սկսում է երկրի ներկա սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներով, որոնց մի մասը փոքր-ինչ հնացած է։ Օրինակ, նշվում է, թե «երկրի տնտեսությունը գտնվում է վերջնական փլուզման եզրին, հիմնովին քայքայվել են ազգի գոյատեւման սոցիալ-տնտեսական հիմքերը»։ Պետք է արձանագրել, որ այդ խորհրդային պլանային տնտեսությունն է վերջնականապես փլուզվել ու հիմնովին քայքայվել, իսկ շուկայական տնտեսությունը Հայաստանում վաղուց արդեն ու հաջողությամբ հիմնավորվել է։ Որն, ի դեպ, տակնուվրա կլինի, եթե ՀԿԿ-ի որոշ դրույթներ անգամ փորձ արվեն իրագործվել։ Համախոհ ուժերի հետ մեծամասնություն կազմելու պարագայում, օրինակ, ՀԿԿ-ն խոստանում է ազգայնացնել ռազմավարական նշանակության խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն ու միավորումները, դրանց «արագ գործարկման արդյունավետության ապահովման կարեւոր երաշխիք համարելով վերածումը համատեղ ձեռնարկությունների, առաջին հերթին Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ՝ երկրների հետ»։ Ինչպես նաեւ «օրենսդրորեն ապահովել պետական հովանավորություն հայրենական ապրանքարտադրողների նկատմամբ՝ անկախ սեփականության ձեւից»։ Այս մոտեցումն, ի դեպ, հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, որի անդամը դարձավ Հայաստանը, մեծ ջանքերից հետո։ ՀԿԿ-ն կոպիտ միջամտություններ է նախատեսում մի շարք տնտեսական հարցերում եւս։ Եվ սա այն բանից հետո, որ Կոմկուսն իբր փոփոխել է իր որոշ հայացքներ եւ, օրինակ, ինչպես ԿԿ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանն ասաց «Առավոտին» մի առիթով, «մենք արդեն ընդունում ենք բազմակացութաձեւ տնտեսությունը»։ Իսկ հետեւյալ մեջբերումից հետո պարոն Դարբինյանի այս հավաստիացումն առնվազն արժանահավատ չէ. «Մշակել օրենք (…) թեթեւ եւ սննդի արդյունաբերության բարձր եկամտաբեր ճյուղերում (ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ այլն) պետական մենաշնորհ մտցնելու մասին»։ Քննարկման արժանի է միայն Կոմկուսի հետեւյալ մտադրությունը. «Սեղմ ժամկետներում անցկացնել ՀՀ պետական սեփականության, ինչպես նաեւ սեփականաշնորհված ձեռնարկությունների եւ օբյեկտների գույքագրում, միաժամանակ ստուգել սեփականաշնորհման բոլոր գործարքների համապատասխանությունը գործող օրենսդրությանը եւ հիմնական միջոցների իրական արժեքին»։ ՀԿԿ-ն խոստանում է նաեւ «սահմանադրական փոփոխությունների շրջանակներում վերականգնել քաղաքացիների աշխատանքի եւ հանգստի իրավունքը», մոռանալով, որ ՀՀ գործող Սահմանադրությամբ դրանք արդեն իսկ ամրագրված են 29-րդ եւ 30-րդ հոդվածներում։ Այլ հարց է, որ դրանք ապահովված չեն, ինչի երաշխիքը չունենք նաեւ Կոմկուսի ընտրվելու պարագայում։ Նոր Սահմանադրության նախագծով կուսակցությունն առաջարկում է նաեւ ապահովել «բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները», ինչի առիթով հնարավոր չէ չհիշել, որ աչքը տեսածից է վախենում, որ ԽՍՀՄ օրոք գոնե ա՛յդ ազատությունները չտեսանք եւ որ գործող Սահմանադրությունը գոնե մարդու իրավունքների ամրագրման տեսանկյունից անթերի է։ Կոմկուսը կապահովի նաեւ «բազմակուսակցականության պայմաններում նոր բովանդակություն ստացող աշխատավորների իշխանությունը՝ խորհուրդների տեսքով, որպես ուղղակի ժողովրդավարության պետական համակարգ»։ Կարճ ասած, ՀԿԿ-ն խոստանում է հիմնովին փոխել մեր կյանքը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել