Բարձունքը մերն է, տղերքը չկան Մայիսի 18-ն Արարատի տարածաշրջանում արդեն 10-րդ տարին է՝ նշվում է որպես Ազատամարտիկի օր։ Երախտագետ արարատցիները հարգանքի տուրք են մատուցում ազատամարտում քաջի մահով ընկած իրենց հայրենակիցների հիշատակին։ Եվ պատահաբար չէ ընտրված օրը. 1992թ. մայիսի 18-ը նշանավորվեց Երասխավանում երբեւէ մղված ամենակատաղի ճակատամարտով։ Մայր Հայաստանն Արցախին կապող Արարատ-Գորիս ավտոմայրուղին ամիսներ շարունակ կրակի տակ էր պահված թուրքերի կողմից։ Երասխավանի բլուրներից թշնամուն ետ շպրտելը սպարապետ Վազգեն Սարգսյանը Շուշիի գրավումից հետո առաջնահերթ խնդիր էր համարել։ Նրա հանձնարարությամբ ռազմական այդ գործողությունը գլխավորեցին շտաբի պետ Դավիթ Զադոյանը եւ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, որի ջոկատը Շուշիի ազատագրմանը փառահեղ մասնակցելուց հետո պատրաստ էր նոր սխրանքի։ Արարատյան կամավորական բազում ջոկատներ նետվեցին մարտի։ Այդ օրն ընկան մեր հինգ ընկերները՝ Գառնիկ Ղուկասյանը, Մեսրոպ Միրզոյանը, Գառնիկ Ավդալյանը, Մարատ Խաչատրյանը, Մարտին Վարդանյանը… Շատերը վիրավորվեցին։ Հաղթանակը նվաճվեց ծանր գնով, բայց թշնամին այդ օրը համոզվեց, որ Երասխավանում իր որեւէ ոտնձգությունն այլեւս չի ներվի։ Այս տարի մայիսի 18-ը կսկսվի Վեդի քաղաքում Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա զոհված արարատցիներին նվիրված խաչքարին ծաղիկներ դնելով։ Կհնչեն պաշտոնյաների անկեղծ կամ հավուր պատշաճի ելույթներ եւ երկրապահների ու նրանց հարազատների սրտի խոսքը։ Հետո օրվա խորհուրդն ապրողները կայցելեն զոհվածների՝ Վեդու, Վանաշենի, Այգավանի պանթեոններ, իրենց հավերժ հրամանատար Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, կլինեն նրա անունը կրող Արարատի գումարտակում եւ օրը կավարտեն Սբ. Նշան եկեղեցում, որտեղ հեռավոր 1989-ին Վազգենի նախաձեռնությամբ առաջին անգամ արարատցիներով երդվել էին զինվորագրվել ազատագրական պայքարին։ Կհիշեն իրենց մարտական անցյալը, նրանց, ում ֆիզիկապես կորցրին այս տարիներին։ Պատվոգրեր եւ հուշամեդալներ կստանան տասնյակ ազատամարտիկներ։ Կմխիթարվե՞ն, արդյոք, դրանով, երբ ցավն ու անհուսությունն օղակել են իրենց ամեն կողմից՝ զգում են, որ Վազգենի հիշատակն այնպես չի պահվում, «Հոկտեմբերի 27»-ի գործը ահաբեկիչների սրտի ուզած ընթացք-չընթացքի մեջ է, զոհվածների ընտանիքները եւ վիրավորները ամիսներով թոշակ չեն ստանում, իրենց մարտական ընկեր, ԵԿՄ վարչության անդամ Արմեն Սարգսյանը անհավանական մեղադրանքով ձերբակալվել եւ, որ ամենաստորացուցիչն է, պահվում է «27»-ի ճիվաղների հարեւանությամբ, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել, նույնիսկ՝ բացճակատ այցելել սպարապետի մորը՝ Գրետա մայրիկին։ Էլի մի անգամ լուռ կամ բարձրաձայն կխոստովանեն, որ երկրապահներին սիրում են միայն պատերազմի ժամանակ, իսկ հիմա ասպարեզն ուրիշներինն է։ Այս ուրիշների համա՞ր էր մեր կռիվը՝ վիրավորանքից կխենթանան։ Հետո, երբ ամեն մեկը կմնա ինքն իր հետ, կհարցնի ու չի գտնի պատասխանը. – Բարձունքը մերն է, տղերքը չկան, Շահեցի՞ր, երկիր, թե՞ կորցրեցիր… ՄԱՐԻԱՄ ԿՈՍՏԱՆՅԱՆ