Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ»

Մայիս 17,2003 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՆՈՐ ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ» Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ընտրողից Ազգային ժողովի պատգամավորի մանդատ է խնդրում Աշոտ Բլեյանը։ Դառնալով ընտրյալ՝ «ես պարտական կլինեմ միայն ձեզ, հաշվետու՝ ձեր առաջ, կլինեմ ձեր իրավունքների եւ շահերի հավատարիմ պաշտպանը», ընտրողին խոստանում է Աշոտ Բլեյանը։ – Պարոն Բլեյան, հասարակությունը կարծես դեռ չի հաղթահարել «թշնամանքը» նախկին իշխանությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, Դուք որոշեցիք պատգամավոր դառնալու հայտ ներկայացնել, որովհետեւ համոզված եք, որ մարդիկ կգա՞ն Ձեր ետեւից։ – Ես երբեք նախկին չեմ եղել, ես միշտ ներկա եմ։ Դրա համար էլ իմ գլխավոր կարգախոսն է՝ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք»։ Երկու տարի արդեն ազատության մեջ եմ եւ մարդկանց հետ անընդհատ շփումների, ընդգծված հարգանքի, փոխհասկացության մթնոլորտ կա։ Ուստի այդ մթնոլորտում իմ չառաջադրվելը անհասկանալի կլիներ, եւ ես ստիպված պետք է լինեի բացատրություն տալ, թե ինչու չեմ առաջադրվում։ – Ձեր պահանջը հասարակությունն ունի՞։ – Այո՛, ես էլ այդ պահանջը կատարողն եմ։ Ես առաջադրվում եմ իմ քաղաքական գործունեությունը շարունակելու վճռականությամբ։ Իմ ամբողջ կյանքի գլխավոր խնդիրը եղել է քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը՝ անկախ պաշտոնավարությունից։ Ինձ պատգամավորի իրավունքներն անհրաժեշտ են մարդկանց իրավունքներն ու շահերը արդյունավետ պաշտպանելու համար։ – Վստա՞հ եք, որ ամեն ինչ արդար է լինելու։ – Ակնհայտ է, որ կեղծելու են, զոռբայություն են անելու, ամբողջ նախընտրական քարոզչությունը վերածել են ընտրակաշառք բաժանելու պրոցեսի, որով փչացնում են առանց այդ էլ հիվանդ վիճակում գտնվող հասարակությանը։ Մարդուն իրավազրկելով՝ թույլ չեն տալիս հասարակության առողջացումը եւ այլն։ Բայց այս՝ կալվածատիրական Հայաստանի շրջանը պիտի հաղթահարվի։ Հասարակությունը միայնակ, առանց կազմակերպելու դա չի կարող։ Ուրեմն այն գործիչները, ովքեր իրենց պատասխանատու են զգում մարդկանց առջեւ՝ պետք է կազմակերպեն հասարակության իրավունքների ինքնապաշտպանությունը։ Դա պետք է նաեւ ընտրական գործընթացներով իրականացվի։ – Իսկ եթե փորձենք տոկոսների վերածել՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները։ – 100 տոկոս։ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ես պիտի ապահովեմ իմ ընտրողների հաղթանակը։ Հասարակությունը հաղթանակի կարիք ունի։ Հասարակությանը պետք է նաեւ օգնել, կրթել, իրազեկել, ընտրության չափանիշները հաստատել։ Իմ բուկլետներից մեկով ես ուսուցանում եմ ընտրողներին, թե որոնք են պատգամավորի ֆունկցիաները, ինչով պետք է նա զբաղվի։ – Իսկ ինչո՞ւ որոշեցիք մեծամասնական կարգով առաջադրվել։ Չէ՞ որ Ձեր ծրագրերը առավել արդյունավետ կիրականացնեիք կուսակիցների հետ համատեղ։ – Այս փուլում, երբ կուսակցությունները պայմանական են, այսինքն մարդկանց կոնկրետ խմբեր (ՀՌԱԿ, ՀԺԱՄ եւ այլն) միավորվել են, անուններ են դրել, մի ունեւոր էլ մտցրել են ցուցակում… իրականում իրենց համար սա մեծամասնական պայքար է։ Ճիշտ կլիներ, որ այն անհատները, գործիչները, որոնք 2-3 սկզբունքային հարցերում համաձայնություն ունեն՝ 56 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրվեին, կազմեին նախընտրական մի միավորում։ Ես գիտեի, որ ապուշացման այս հասարակական փուլում, երբ եթերը ծառայում է քաղաքացու իրավունքների դեմ, հակադրելու ոչինչ չէինք ունենալու։ Այդ կերպ կարող էինք կազմակերպել եւ ընտրական իրավունքի ճակատ ստեղծել։ Քիչ է ուզենալ, որ իշխանությունը լեգիտիմ լինի, օրինականությունը վերահաստատվի, մարդու իրավունքները չոտնահարվեն՝ անհրաժեշտ կազմակերպում է պետք։ Կուսակցությունների դաշինքների ձեւով այսօրվա կազմակերպումը չի ապահովում։ Նոր բան էր պետք։ Ցավոք, այդ նոր առաջարկն անհրաժեշտ աջակցություն չգտավ։ Իսկ ես գտնում եմ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ մեծամասնական կարգով պետք է ընտրողի քվեն ստանա՝ գալով խորհրդարան, այնտեղ կձեւավորվի նոր քաղաքական ուժ։ Այլ կերպ հնարավոր չէ այս աղճատված քաղաքական դաշտը վերականգնել։ Մարդիկ իրենք քվեով կորոշեին որ արժեքներն են իրենց այսօր պետք եւ ով է այդ արժեքների կրողը։ Այդպիսով էլ նոր քաղաքական ուժ կձեւավորվեր, որն ի վիճակի կլիներ հակադրվել այս սոդոմ-գոմորին։ – Իսկ Դուք ծանո՞թ եք Սահմանադրության փոփոխությունների նախագծին եւ այդ առիթով ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։ – Բնականաբար, ինչպես ասում են՝ մատիտով աշխատել եմ դրա վրա։ Ես ունեմ բացասական վերաբերմունք եւ ինքս դեմ եմ քվեարկելու։ Իսկ հասարակությունը, փաստորեն, այս դեպքում դառնում է, այսպես ասած, կոճակ սեղմող, ինչի արդյունքում այդ օրենքը կընդունվի կամ՝ ոչ։ Հանդիպումների ժամանակ մարդիկ ցույց են տվել բացասական վերաբերմունքը կոճակ սեղմող պատգամավորների նկատմամբ։ Հիմա քաղաքացուն դրել են այդպիսի վիճակի մեջ եւ ցանկանում են փչացնել։ Մարդիկ՝ շատերը, ծանոթ չեն նաեւ գործող Սահմանադրությանը, այս փոփոխություններին։ Պետությունը ջանք չի թափել մարդկանց իրազեկել ու այդպիսով էլ պատասխանատվությունը ուզում են գցել հասարակության վրա։ – Իսկ որո՞նք են Ձեզ համար սկզբունքային անհամաձայնությունները։ – Ոչ ինքնուրույն, չինքնորոշված ու թույլ տեղական ինքնակառավարման համակարգը։ Ես կտրականապես դեմ եմ Երեւանի առաջարկվող կարգավիճակին։ Փորձ է արվում Երեւանի թաղապետարանների ձեւավորման դինամիկ, ժողովրդավարական գործընթացը ջարդել, որպեսզի ունենանք պետական կառավարմանը հնազանդ երեւանցի։ Չկա հանրապետության նկարագրությունը, քարտեզը, դրեք սահմանները, որ ճանաչենք ու չշփոթենք մեր երկիրը։ Առաջին Սահմանադրությամբ դա չարվեց, որն ինձ համար գլխավոր բացթողումն էր եւ հիմա էլ չի արվում։ Սա շատ վտանգներ ունի։ Եվ երրորդը՝ արդարադատության համակարգը։ Մարդու պաշտպանվածությունն ինձ համար թիվ մեկ խնդիրն է։ Ակնհայտ է, որ դատական համակարգն այսօր պատժիչ ինստիտուտի է վերածվել, հնազանդ ենթարկվում է գործադիր իշխանությանն ու կալվածատերերին։ Լուրջ մեխանիզմներ են պետք դատական իշխանությունը ծառայեցնելու իր բուն կոչմանը՝ իրավունքի պաշտպանությանը։ Ես դա չտեսա փոփոխությունների նախագծում։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել