Եղբայրը, խնամին եւ մորաքրոջ որդին Երեկ ՀԺԿ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել է Լոռու մարզում ու մասնավորապես թիվ 36 ընտրատարածքում, որտեղ ինքն է դրել իր թեկնածությունը: Ըստ պատգամավորի, Լոռու մարզի երեք ընտրատարածքներում բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով խորհրդարան է անցկացնում իր հովանավորյալներին: Դրանցից մեկն է Լոռու մարզպետի եղբայրը՝ Հովհաննես Քոչինյանը: Նա եղել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ եւ, պրն Դալլաքյանի խոսքերով, «երբեւէ մեր հանձնաժողովում նույնիսկ չի հորանջել»: Իշխանության մյուս ֆավորիտն է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանը, որին ընդդիմադիր պատգամավորը բնութագրեց հետեւյալ կերպ՝ «երեք անգամ պատգամավոր ընտրված, բայց ԱԺ-ում երբեւէ ելույթ չունեցած»: Վ. Բադալյանի համար ճանապարհ բացելու համար նրա մրցակից Արսեն Դարբինյանին նշանակել են բնապահպանության նախարարի տեղակալ: Ինչ վերաբերում է թիվ 36 ընտրատարածքին, ապա պարոն Դալլաքյանի մատուցմամբ, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը զգուշացրել է մարզպետ Քոչինյանին՝ եթե հանկարծ Վիկտորն անցավ, դու /այսինքն՝ Քոչինյանը/ Շնողում գյուղապետ ես աշխատելու: Իրավիճակն այստեղ հետաքրքրական է նաեւ նրանով, որ այս ընտրատարածքում իշխանության ֆավորիտն է պրն Դալլաքյանի բարեկամը՝ Արմեն Սարուխանյանը: «Գործող խունտան իմ դեմ օգագործում է իմ հարազատ մորաքրոջ տղային»,- բողոքեց պրն Դալլաքյանը: Վերջինիս բարեկամը ընդամենը փռի վարիչ է, մինչդեռ Վ.Դալլաքյանը, իր տեղեկություններով, ԱԺ-ում ընդունված օրենքների 40 տոկոսի հեղինակն է: Իր ասուլիսում օրենսդիրը հայտնեց նաեւ հետեւյալը. «ՌԴ-ի տարբեր քաղաքներից Վանաձոր են բերվել հանցագործ խմբերի ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են իմ բոլոր հանդիպումներին, սեւ ակնոցներ դրած ժողովրդին օղակի մեջ վերցրած կանգնում են: Այսինքն, խունտան օգտագործում է նաեւ հանցագործ տարրերին: Հեռախոսով բազմաթիվ անգամ նաեւ անանուն սպառնալիքներ են հնչել իմ հասցեին, թե հարցերդ լուծելու ենք եւ այլն: Ես չեմ դիմում ուժային կառույցներին, որովհետեւ հենց նրանք են դա կազմակերպում՝ ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի հրահանգով»: Սեփ. լր.