Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անտեղյակություն իրականությանը

Մայիս 17,2003 00:00

Անտեղյակություն իրականությանը Վերջերս մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության մի թեկնածուի հետ էի զրուցում: Թեեւ իր հաղթանակը երաշխավորված է, ի սեր քաղաքավարության, այնուամենայնիվ, հետաքրքրվեցի. «Ընտրապայքարն ինչպե՞ս է անցնում»: «Լա՜վ էլի, ի՞նչ ընտրապայքար: Ախր այդտեղ ո՞վ կա, որ ում դեմ պայքարեմ»: 6-7 թեկնածու ընտրատարածքում, իհարկե, կան: Համամասնական ընտրակարգով նույնպիսի վստահություն իրեն թույլ տալ կարող է թերեւս միայն «Արդարություն» դաշինքը. հասարակության աջակցությունն այդ դաշինքին անվերապահ է: Տեղապահ Քոչարյանի կեղծարարության հակումներն էլ միջազգային հանրության ճնշմամբ սահմանափակվում են: Մինչդեռ հակառակ պատկերն է տեղապահի երբեմնի սատարողների շարքերում՝ ՀՀԿ, ՀՅԴ-ից մինչեւ ՀՌԱԿ եւ ՄԱԿ: Այդտեղ ոչ մեկը 3-5 տոկոսը գերազանցող վարկանիշ չունի: Չասենք, թե հասարակությունը նրանց մեջ արժանիքներ չի տեսնում: Ուղղակի այդ ուժերից յուրաքանչյուրի համար հասարակությանն ավելի դժվար է համոզել սեփական արժանիքների հարցում, քան մրցակցի անարժանության: Քարոզարշավի մեկնարկից շատ չանցած՝ տեղապահին սատարողները օրինաչափորեն հենց այս մարտավարությանն էլ հանգեցին: Այնպես որ, ասենք ՀՀԿ-ի կամ վարչապետի մասին աննպաստ տեղեկություն հրապարակելիս, զգուշանում ես՝ արդյո՞ք ավելի անարժաններին ակամա ծառայություն չես մատուցում: Մյուս կողմից, սակայն, երբ հանրապետականները իրենց գերադասում են դաշնակցականներից, դրա հետ կարելի է համաձայնել, բայց երբ ջանում են համոզել, թե իրենք եղել են իշխանություն, որն արժանի է վերարտադրվելո՜ւ… Չարիքի փոքրագույնը չի նշանակում բարիք: Մանավանդ, երբ հասարակությունը վերջինիս ընտրությունն ունի: Եթե հանրապետականներն առաջացել են այնքան, որ Դեմիրճյանի ներկայությամբ էլ կարող են իշխանության արժանի հավակնորդ համարել իրենց, արժե վերջիններիս հիշեցնել որոշ ճշմարտություններ: Օրինակ՝ իրենց անտեղյակությունն իրականությանը: «2 ապրիլի, 2003թ. ԱԺ հերթական եռօրյայից հետո վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին. – ԵՄ-ն Հայաստանին տրամադրվելիք գրանտները նվազեցրել է չորս անգամ: Ինչո՞վ է պայմանավորվում դա եւ ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա: – Գրանտների քանակը պակասում է, բայց ընդհանուր վարկային միջոցները չեն պակասել: Կատարվածը պայմանավորված է Իրաքյան պատերազմով, ոչ թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության արդյունք է: …Դա մեր երկրում անցկացված նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի: Ադրբեջանում ու Վրաստանում էլ հո ընտրություն չի՞ եղել» /«ՀՀ», 3 ապրիլի, 2003թ/: Որոշ լրատվամիջոցներով նաեւ 6 միլիոն եվրո թիվն է հաղորդվել: Ինչպես տեսնում եք, վարչապետը տեղյակ է ոչ միայն Եվրամիության կողմից տրամադրվող գրանտների կրճատմանը, այլեւ վարկային միջոցների պահպանմանը եւ դրա պատճառներին: Մինչդեռ Եվրամիությունը Հայաստանին վարկեր չի տրամադրում ընդհանրապես: Ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունը ՏԱՍԻՍ եւ «Պարենային ապահովություն» ծրագրերի շրջանակներում է, ինքնաբերաբար՝ դրամաշնորհների տեսքով: Այն կրճատման չի ենթարկվել, կազմում է գրեթե նույնքան, որքան նախորդ տարիներին՝ 36-38 մլն եվրո: Մասնավորապես 2003-ին՝ 37,81 մլն եվրո, ինչպես տեղեկացանք Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի Պատվիրակության երեւանյան գրասենյակից: Ներկա 37,81 մլն-ից՝ 34,7 մլն եվրոն տրամադրված է Եվրահանձնաժողովի կողմից, 1,41 մլն՝ Նիդեռլանդիայի կառավարության, 1,7 մլն՝ Իսպանիայի: Այստեղ սակայն ի՞նչն է կարեւոր: Ընդամենը գիտակցելը, թե վարչապետի խոսքերը որքանով են հիմնավոր ու վստահելի: Համարյա նույնքան, որքան «Սովետական Հայաստան» թերթի նախկին մի ղեկավարից լսածս պատմությունը: «Ն. Խրուշչովի ԱՄՆ կատարած այցն է լուսաբանվում. ՏԱՍՍ-ից ստացվում է հաղորդագրություն, որ Խրուշչովը այցելում է Հոլիվուդ: «Սովետական Հայաստան» թերթի մի ամբողջ էջ նվիրվում է այդ այցելությանը՝ մանրամասնություններով եւ այլն: Գիշերը, թերթն արդեն տպագրվելիս, ՏԱՍՍ-ի հեռատիպը բերում է նոր հաղորդագրություն՝ ծրագիրը փոխվել է, եւ Խրուշչովը Հոլիվուդ չի այցելել»: Հանրապետականները ժողովրդի քվեին էլ հավակնում են թերեւս նույն՝ իրականությանն իրենց անտեղյակության իներցիայով: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել