Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԻԼԱԿԻՑ» ԱՌԱՋ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿԱ՞Ր

Մայիս 17,2003 00:00

«ԲԻԼԱԿԻՑ» ԱՌԱՋ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿԱ՞Ր Նախագահական քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցությունն ընդդիմությանը շարունակ կոչ էր անում ընտրապայքարն անցկացնել քաղաքակիրթ տարբերակով, սակայն ԱԺ ընտրությունների քարոզարշավում իրենք էլ որդեգրեցին փոխադարձ վիրավորանքների մարտավարությունը: Այն էլ՝ ամենակոշտ դրսեւորումներով: ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը «կուրտիզանուհիներ» կոչեց ՀՅԴ-ին, որի հետ ամիսներ առաջ նույն հարթակում քարոզում էին Ռ. Քոչարյանի վերընտրությունը, ինչին իր հերթին ՀՅԴ-ն հանդես եկավ պատասխան հակահարվածով: ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն որոշել առաջնորդվել սեւ PR-ով, եւ արդյոք դա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն մտավախություն ունի, թե առաջիկա ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն ոչ թե իրենք, այլ՝ ՀՅԴ-ն: «Նախագահական ընտրություններին նույն թեկնածուն ունեցող կուսակցությունները բոլորովին էլ պարտադիր չէ, որ ԱԺ ընտրություններում մրցակիցներ չլինեն: Այլ հարց է, որ միջկուսակցական մրցակցությունն, անգամ ԱԺ ընտրություններին, երբ կրքերը բավականին բորբոքվում են, պահանջում է քաղաքակիրթ մոտեցում բոլոր կողմերի համար»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: Իսկ այն դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀԿ-ն գուցե փորձում է նման մարտավարությամբ քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, Տ. Թորոսյանը նկատեց. «Դա մարտավարություն չէ, եւ չեմ կարծում, թե փոխադարձ վիրավորանքները կարող են օգուտ բերել որեւէ մեկին: Ճիշտ հակառակը: Վիրավորական արտահայտությունները, որոնք օգտագործում են կուսակցությունները, համոզված եմ՝ իրենց համար ունենալու են բացասական հետեւանքներ: Քանի որ՝ դժվար թե ընտրողները վիրավորական արտահայտություններ օգտագործողների նկատմամբ դրական վերաբերմունք ունենան: Սա վերաբերում է բոլոր կուսակցություններին, որովհետեւ միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չէ, որ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տվել,- եւ ավելացրեց,- ցանկություն չունեմ դատավորի դեր ստանձնել, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ-ն գոնե նախընտրական շրջանի 1-ին փուլում որեւէ մեկի նկատմամբ որեւէ վիրավորական արտահայտություն չի օգտագործել, մինչդեռ հակառակ դրսեւորումներ եղել են»: Տ. Թորոսյանը, սակայն, գտնում է, որ դեռեւս ուշ չէ շտկելու համար միջկուսակցական եւ նախկին դաշնակիցների հետ նման հարաբերությունները՝ նշելով, թե նախընտրական շրջանն ավելի քաղաքակիրթ ավարտելու համար դեռեւս ժամանակ կա, որի ընթացքում որոշ կուսակցություններ «որոշակի ճշգրտումներ կանեն իրենց արտահայտություններում»: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ վերաբերյալ Գ. Սահակյանի՝ «կուրտիզանուհիների» մասին հայտարարությանը, ապա Տ. Թորոսյանն ասաց. «Որեւէ կուսակցություն որեւէ կուսակցության նկատմամբ նման բառ չպետք է օգտագործի, ճիշտ այնպես, ինչպես այն բազմաթիվ որակումները, որոնք օգտագործվել են մի քանի կուսակցությունների կողմից ՀՀԿ նկատմամբ: Միջկուսակցական հարաբերություններն այդ հարթությունում չէ, որ պետք է լուծվեն: Համոզված եմ, որ հետագայում նման արտահայտություններ չեն լինի միմյանց նկատմամբ»: Տիգրան Թորոսյանին հիշեցրինք ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանի հակադարձումը, թե՝ իրենք ուզում են «մաքուր» ԱԺ, որտեղ հնարավորին չափ քիչ են թափանցում ու ձգտում «կիսահանցագործ» տարրերը, որտեղ՝ ոչ թե փողն է դերակատար, այլ գաղափարը, խելքն ու կրթությունը, ոչ թե «ուժն ու բիլակը», ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Չեմ ուզում շարունակել բանավեճը, որն անիմաստ է, երբ մանավանդ բանը հասել է նրան, որ մեկը չի կարողանում տեսնել կարգախոսի առաջին հատվածը եւ միայն տեսնում է երկրորդը: Ես չեմ ուզում հերթական վիրավորական արտահայտության թույլ տվողի դերը ստանձնել: Պետք է դադարեցնել այդ ամենը, եւ շարունակել պարկեշտ մրցակցություն»: ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց, թե տեւական ժամանակ է, ինչ ՀՀԿ հասցեին տարբեր կուսակցությունների կողմից հնչում էին «անթաքույց, կիսաթաքույց եւ քիչ թե շատ քողարկված» ոչ միայն մեղադրանքներ, այլեւ երբեմն հայհոյանքներ, եւ, ըստ նրա, դա է թերեւս պատճառ հանդիսացել, որ ՀՀԿ կողմից եղել են արձագանքներ. «Իհարկե, ցանկալի է չարձագանքել նման հայհոյանքներին, սակայն կյանքը մնում է կյանք: Եղել են արձագանքներ, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ ՀՀԿ-ն է առաջինը նման քայլ արել: Ճիշտ հակառակը. տեւական ժամանակ, իսկապես որեւէ մեկի նկատմամբ որեւէ բան չի հնչել ՀՀԿ կողմից»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե ընդդիմությունն իրենց նույնպես քննադատում է, ընդ որում շատ կոշտ, բայց վիրավորական արտահայտություններ նրանց ներկայացուցիչների խոսքերում չեն հնչում: Անդրադառնալով ՀՀԿ վերաբերյալ հնչեցվող քննադատություններին՝ Տ. Թորոսյանն ասաց. «ՀՀԿ-ն երբեք չի ասել, որ կառավարության կամ ԱԺ գործունեության մեջ, կամ մեր կյանքում ընդհանրապես թերություններ եւ սխալներ չկան: Իհարկե, կան: Բայց թերությունների եւ սխալների մասին պետք է խոսել առարկայորեն: Այսօր կոռուպցիայի մասին խոսում են կուսակցություններ, որոնք 3 տարի առաջ ոչ միայն չէին խոսում, այլեւ չգիտեին էլ, թե դա ինչ է: Իհարկե, միչեւ հիմա էլ շատերը չգիտեն, թե դրա տակ ինչ պետք է հասկանան: Կոռուպցիայի դեմ պայքարը չի ենթադրում զուտ ինչ-որ մարդկանց աշխատանքում չարաշահումներ հայտնաբերել եւ նրանց պատժել. դա անհրաժեշտ, բայց չնչին մասն է միայն»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել