Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիս 17,2003 00:00

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ հանրահավաքում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, որ նախագահի ընտրության 1-ին փուլում թեկնածու էր, բացահայտեց 2-րդ փուլը բոյկոտելու վերաբերյալ այն հայտարարության պատմությունը, որն Արտաշես Գեղամյանի հաղթաթուղթն է դարձել. «Մենք պայմանավորվել եւ ստորագրել էինք մի փաստաթղթի տակ եւ այն ներկայացրել ԿԸՀ-ին: 2-րդ փաստաթուղթը պետք է քննարկվեր ժամը 7-ին: Իսկ ժամը 5-ին այդ փաստաթուղթը գողեգող տարել էին ԿԸՀ: Եվ դրա համար էլ մենք հրաժարվեցինք մեր ստորագրությունից: Մենք պայմանավորվել էինք, որ 2-րդ փուլ անցնող թեկնածուին պաշտպանելու են բոլորը: Եվ եթե բոլորը պաշտպանեին՝ համոզված եմ, ընտրական այս կեղծիքները հնարավոր չէր լինի իրականացնել»: Իսկ Շավարշ Քոչարյանը նշեց, որ եթե ինչպես առաջարկում էր Գեղամյանը՝ փետրվարի 19-ի դեռ ցերեկն իրենք հայտարարեին, թե բոյկոտում են ընտրությունները՝ վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները հեռանալու էին, մարդկանց որոշակի մասը չէր գնալու ընտրությանը. «Ի՞նչ կլիներ: Կգրեին այն՝ ինչ իրենց պետք էր, առանց որեւէ դիմադրության, չէր լինի դիտորդների այսպիսի վերաբերմունքը եւ, ըստ էության, մենք ճանապարհ կհարթեինք Ռոբերտ Քոչարյանի համար եւս 5 տարի մնալ նախագահ»: Հանրահավաքի մասնակիցներն առանց որեւէ հրահանգի սկսեցին «ամոթ» վանկարկել Գեղամյանին: Հռետորները բազմիցս հայտարարեցին, թե իշխանությունը հսկայական գումարներ է վատնում «կառավարելի եւ վերահսկելի ընդդիմության վրա», որպեսզի նաեւ այդ միջոցով ձայներ խլեն «Արդարություն» դաշինքից: Արամ Զավենի Սարգսյանն ասաց, թե կեղծ ընդդիմությունն այս անգամ բացահայտվեց. «Իշխանության նույն թեկնածուներին են պաշտպանում, իրար պաս տալով՝ խոսում են «Արդարություն» դաշինքի դեմ»: Իսկ հանրահավաքը վարողը՝ Վարդան Խաչատրյանը, նշեց, թե իրենց համար իշխանամետ ուժերն այժմ վտանգ չեն ներկայացնում, քանի որ «ինչքան էլ հագնեն գառան դիմակներ՝ ժողովրդի համար մնալու են գայլեր: Մեզ համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում կեղծ ընդդիմությունը: Այսինքն՝ այն անձինք ու կուսակցությունները, ովքեր արտաքին քող որպես՝ ձեզ ներկայանում են իբրեւ արմատական ընդդիմություն, իսկ իրականում ներկայացնում են այս իշխանության 5-րդ շարասյունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել