Լրահոս
Հանդի բույրը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ 2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մայիս 17,2003 00:00

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ 2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Ամենայն լրջությամբ, դա է մնում: Որովհետեւ ակներեւ է, թե ինչպես են անցնելու այս տարվա մայիսի 25-ի ընտրությունները: Իհարկե, 4 տարի հետո էլ Հայաստանը Հոլանդիա, Բելգիա /կամ թեկուզ Էստոնիա/ չի դառնա՝ ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ քաղաքական, ոչ էլ հոգեւոր իմաստներով: Մասնավորապես, 2007-ին էլ ընտրազանգվածը պատգամավորության թեկնածուներից պահանջելու է աշխատատեղեր, աշխատավարձ-թոշակի բարձրացում, ավանդների վերադարձ, ոռոգման ջուր, պարարտանյութ, վերելակների նորոգում եւ այլն, եւ թեկնածուներն էլ բարեխղճորեն կատարելու են այդ հասարակական պատվերը՝ ինչ որ հնարավոր է՝ բաժանելով տեղերում, ինչ որ հնարավոր չէ՝ խոստանալով հետագայում: Բայց ընտրությունների անցկացման հետ որոշ խնդիրներ մակերեսի վրա են, եւ դրանց լուծումը պետք է որ ձեռնտու լինի բոլոր բանական մարդկանց: Վերցնենք, օրինակ, ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը: Գործիչներից մեկը շատ դիպուկ է նկատել, որ այդ հանձնաժողովները դարձել են «5-րդ իշխանություն»: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի դեռ դրանք նշանակվում են քաղաքական սկզբունքով՝ 3-ը ՀՀ նախագահի կողմից, 6-ը՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի կողմից: Արդյունքում՝ պետության իրավական պատասխանատվությունը ձախողված ընտրությունների համար գրեթե զրոյական է: Ճիշտ նույն մակարդակի է հանձնաժողովականների անաչառությունն ու պարկեշտությունը: Ընտրություններից մոտավորապես մեկ ամիս առաջ այդ «5-րդ իշխանության» ներսում սկսվում է պարզունակ առեւտուր՝ կուսակցություններն իրար տեղեր են վաճառում, մասնավորապես, տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Դրանով կարծես, a priori ընդունվում է, որ հանձնաժողովի անդամ լինելը նշանակում է քվեների կեղծում այս կամ այն կուսակցության /թեկնածուի/ օգտին: Մինչդեռ լուծումն ակնհայտ է՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բուռն քաղաքական գործընթացից պետք է վերածվի զուտ տեխնիկական, ռուտինային աշխատանքի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ աշխատանքը կատարեն պետական պաշտոնյաները /իհարկե, զուգահեռաբար մեծացնելով վստահված անձանց եւ դիտորդների իրավասությունները/: ԿԸՀ-ն, ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովները պետք է կազմված լինեն բացառապես պետական բյուրոկրատիայի ներկայացուցիչներից: Դրանք կարող են լինել քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների ապարատի աշխատակիցներ: Կարելի է նաեւ ընտրությունների անցկացումն ամբողջությամբ հանձնարարել արդարադատության նախարարությանը կամ ոստիկանությանը: Ցանկացած կաշառակեր ավտոտեսուչ կամ թաղապետարանում փողով տեղեկանք տվող ցանկացած պաշտոնյա հասարակության առաջ պատասխանատվության ավելի մեծ զգացում ունի, քան նախագահի թե ԱԺ-ի կողմից նշանակված ուսուցիչ կամ ինժեներ: Վերջինիս համար իրեն երաշխավորած կուսակցությունները ժամանակավոր եւ հեղհեղուկ երեւույթներ են՝ գուցե փող աշխատելու «խոպանի» տեղ: Այնինչ, նույն ավտոտեսուչը ցանկանում է բոլոր իշխանությունների եւ հասարակարգերի ժամանակ պահպանել իր դիրքը: Հատուկ ընտրական հանձնաժողովում աշխատելու պարտականություն ունեցող պետական պաշտոնյան իրեն թույլ չի տա այն, ինչ անում է հանձնաժողով գործուղված «ժամանակավոր կուսակցականը»: Բայց ամենակարեւորն այն է, որ ընտրությունների ազատության, արդարության եւ թափանցիկության համար այս դեպքում ամբողջությամբ պատասխանատու է պետությունը, եւ արդյունքները կեղծելու դեպքում իշխանությունը որեւէ արդարացում չի ունենա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել