ԿԱՇԽԱՏԵՆՔ ՕՆԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՒՄ Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը երեկ լրագրողներին ներկայացրեց «Կովկասի լրագրողների ցանց» վեբ-էջը՝ www.caucasusjournalists. net։ Այն ստեղծվել է Հայաստանում՝ «Ռեգիոնի», Վրաստանում՝ Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի եւ Ադրբեջանի լրագրողների պաշտպանության «ՌՈՒՀ» կոմիտեի կողմից՝ «Հանուն Անդրկովկասում ընդհանուր տեղեկատվական միջավայրի ստեղծման» ծրագրի շրջանակներում, Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ։ Էջը նպատակ ունի նպաստելու երեք երկրների լրագրողների համագործակցությանը՝ հարեւան երկրների գործիչների հետ օնլայն բացառիկ հարցազրույցներ, քննարկումներ կազմակերպելու, վերլուծական հանդես հրատարակելու, կովկասյան վերլուծական շուկա ստեղծելու միջոցով։ Առաջին հարցազրույցն արդեն կայացել է. վրացական «24 ժամ» թերթի քաղաքական մեկնաբանը հարցազրույց է վարել Աղասի Ենոքյանի հետ։ Մեր վրաց եւ ադրբեջանցի գործընկերները այդ առումով առավել հետաքրքրված են հետեւյալ հայ գործիչներով՝ Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Ժիրայր Լիպարիտյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Արամ Զ. Սարգսյան, Գեւորգ Պողոսյան։ Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը լրագրողներին ասաց. «Սա տարածք է, որ կարող եք օգտագործել բոլորդ»։ Իսկ դրա համար լրագրողը պետք է գրանցվի կենտրոնում, որից հետո կարող է հայտ ներկայացնել՝ ասուլիսի կամ ֆորումի մասնակցելու, իրեն հետաքրքրող գործչի հետ հարցազրույց վարելու համար։ Մնացյալը կենտրոնի գործն է։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ