Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսի հաշվին՝ փեսային լավություն»

Մայիս 16,2003 00:00

«Հարսի հաշվին՝ փեսային լավություն» Ի դեպ, ժողովրդական այս ասացվածքը դատարանի դահլիճում երեկ ակնարկեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը, որի նախագահությամբ վերաքննվում էր «Դատակոմ Սերվիս» ՍՊԸ հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի։ Ասացվածքի իրավաբանական ձեւակերպումը հետեւյալն է. Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը 2003թ. ապրիլի 22-ին քննել է «Դատակոմ Սերվիս» ՍՊԸ-ի 12 աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության, երրորդ անձ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի՝ «աշխատավարձի եւ փոխհատուցման պահանջի մասին» եւ «Դատակոմ Սերվիս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»՝ «վնասի փոխհատուցման պահանջի մասին»։ Հայցագինը 513 հազար դոլար է, որից մոտ 120 հազարը վերոնշյալ 12 աշխատակիցների աշխատավարձն է կազմում։ Առաջին ատյանի դատարանը «մերժել» է երկու հայցերն էլ, պատճառաբանելով, որ «աշխատավարձի փոխհատուցման հայցով հայցվորները կնքել են աշխատանքային պայմանագրեր (…), սակայն աշխատանքային պայմանագրերը խզվել են մինչեւ դրանցում նշված ժամկետում պայմանագրային աշխատանքների սկսվելը։ Հետեւաբար, փոխհատուցման պահանջ չի կարող ներկայացվել»։ Իսկ «ԱրմենՏելի» դեմ հայցը դատարանը մերժել է, «քանի որ հայցվոր կողմը բավարար ապացույցներ չներկայացրեց այն մասին, որ իր կոնտրագենտի հետ կնքված պայմանագրերը խզվել են եւ դրանից բխող վնասներ են առաջացել պատասխանող («ԱրմենՏել»- Ն. Գ.) կազմակերպության մեղքով, որպիսի հանգամանքը էական պայման է հանդիսանում վնասի հատուցման համար»։ Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը, նախ, այսպես ասած, 180 աստիճանով մերժելով առաջին ատյանի որոշումը, երկու հայցերն էլ բավարարեց։ Ըստ այդմ, «ԱրմենՏելը» «Դատակոմ Սերվիս» ՍՊԸ-ին պետք է, հանրամատչելի լեզվով ասած, տա 513 հազար դոլար, որից էլ ընկերությունը իր պայմանագիր կնքած, բայց աշխատել չհասցրած աշխատակիցներին մոտ 120 հազար դոլար աշխատավարձ կվճարի։ Այսպիսով, փաստորեն, դատավորը հաստատեց իր նկատառումը՝ հարսի հաշվին փեսային լավություն անելու մասին։ Հարկ է նկատել, որ «Դատակոմ Սերվիս» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը երեկ դատարանում անգամ հստակորեն չկարողացավ ներկայացնել հայցադիմումի բուն էությունը, անգամ «բազմաչարչար» գործի վերաբերյալ դատարանի եւ պատասխանող կողմի նույնպես «բազմաչարչար» հարցերին, մեղմ ասած, դժվարանում էր պատասխանել։ Մի կերպ «էշը ցեխից հանում էր»՝ դատավորների բուռն միջամտությամբ։ Ինչեւէ, ըստ «ԱրմենՏելի» իրավաբանական ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի, իրենք պատրաստվում են սույն վճիռը բողոքարկել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել