Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ն սատարում է իշխանության թեկնածուին

Մայիս 16,2003 00:00

ՀԺԿ-ն սատարում է իշխանության թեկնածուին Արդեն ավանդույթ է դարձել, որ սկզբունքային որոշումներ կայացնելիս ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի տուն կամ հյուրեր են գալիս, կամ նա, իր գործելաոճի համաձայն, անտեղի ձգձգում է դրանց իրագործումը, որից կամա թե ակամա միշտ շահում է իշխանությունը: Արդյո՞ք սա զուգադիպություն է: «Արդարություն» դաշինքում ընդգրկված, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրը գործում է ինքնուրույն: Իսկ թե ինչո՞ւ են նրանք դաշինք կազմել ու հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանի ապօրինի վարչախմբի դեմ պայքարում են միասնական, այդպես էլ անհասկանալի է մնում: Սակայն միանշանակ է, որ եթե մինչ օրս միայն ԱԺՄ-ն, ՍԻՄ-ն ու Կոմկուսն էին շրջանցում դաշինքի միասնական որոշումները՝ ընտրահանձնաժողովներում իրենց տեղերը զիջելով իշխանություններին, ապա ՀԺԿ-ն դա անում է յուրովի՝ ընտրատարածքներում սատարում է ոչ թե դաշինքի առանցքային կուսակցության թեկնածուին, որն ընդգրկված է նաեւ դաշինքի համամասնական ցուցակում, այլ՝ իշխանության: Թիվ 43 ընտրատարածքի շուրջ ծավալված դաշինքային հակասությունները ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի անսկզբունքայնության պատճառով «լուծվեցին» հօգուտ իշխանության թեկնածուի: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն օրենքով սահմանված վերջնաժամկետում հանեց իր թեկնածությունը թե՛ ընտրատարածքից, թե՛ դաշինքի համամասնական ցուցակից, քանի որ այդպես էլ ի վերջո Ս. Դեմիրճյանը չհայտարարեց, որ այդ ընտրատարածքում դաշինքը սատարում է ոչ թե «Հաղթանակ» հասարակական կազմակերպության կողմից պաշտպանվող թեկնածու Արթուր Գալստյանին, այլ Ս. Սուրենյանցին: «Դաշինքը պարտավոր էր մինչեւ մայիսի 15-ը այդ հարցին վերջնական լուծում տալ: Ես կարծում էի, որ դաշինքի առաջադրած քաղաքական խնդիրները լավագույնս այդ ընտրատարածքում կարող եմ լուծել ես: Բայց դաշինքն ընտրատարածքում չառաջնորդվեց քաղաքական տրամաբանությամբ, այլ իրադրային լուծումներ գտավ: Դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ՀԺԿ-ի վրա,- հայտարարեց Ս. Սուրենյանցը՝ ավելացնելով,- Մենք ԱԺ ընտրությունները դիտարկում էինք որպես նախագահական ընտրությունների 3-րդ փուլ, սակայն ՀԺԿ տվյալ դիրքորոշման մեջ ես դա չտեսա: Ես դադարեցրի իմ ընտրապայքարը, քանի որ չէի ուզենա, որ դաշինքը տվյալ ընտրատարածքում ունենար 2 թեկնածու: Այդպիսով դաշինքի նկատմամբ հավատը կսասանվեր, եւ ընդհանրապես ընտրողի մոտ անորոշություն կառաջանար»: Ս. Սուրենյանցից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա բացատրում Ռ. Քոչարյանի վարչախմբի դեմ պայքարող ՀԺԿ-ի դիրքորոշումը, որը սատարում է այն թեկնածուին, որին սատարում է իշխանամետ «Հաղթանակ» կազմակերպությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Այդ հարցը ճիշտ կլինի ՀԺԿ-ին ուղղել: Ինձ համար շատ անսպասելի էր դա: Ուղղակի անհեթեթ է, որ 2 ամիս կարելի է քննարկել՝ տվյալ ընտրատարածքում պաշտպանել դաշինքի առանցքային կուսակցություններից մեկի քաղխորհրդի անդամի՞ն, թե՞ անկուսակցական որեւէ մեկին: Եթե այդտեղ գործեր քաղաքական տրամաբանությունը, ապա որոշումը հստակ պետք է լիներ: ՀԺԿ ղեկավարության պաշտոնապես չեզոք ու գործնականում խիստ որոշակի այս դիրքորոշման մեջ ես քաղաքական մոտիվացիա չեմ տեսնում: Դրա համար ցավում եմ ու հույս եմ հայտնում, որ դա ՀԺԿ-ի ոչ թե ստրատեգիական որոշումն էր, այլ՝ տակտիկական: Եթե մեր հրապարակային գործունեությունը հաշվի առնելով Ս. Դեմիրճյանը չի կարողանում կողմնորոշվել, ապա ես դա համարում եմ անվստահություն իմ նկատմամբ»: Իսկ ինչո՞ւ է «Հանրապետությունը», որը նույնպես դաշինքի առանցքային կուսակցություններից մեկն է, իր գործունեությունը պայմանավորում Ս. Դեմիրճյանի հետ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ս. Սուրենյանցն ասաց. «Հանրապետությունը» ամեն ինչ կապում է մեր շարժման, մեր պետության հետ եւ ոչ որեւէ անձի: Այլ խնդիր է, որ այդ անձը նախագահական ընտրություններում մեր մրցակիցն է եղել: Ես չեմ համարում, որ մենք զիջում ենք, ավելի շուտ մենք հաշվի ենք նստում միասնականության անհրաժեշտության գաղափարի հետ: Պահեր կան, որ պետք է ընտրություն կատարել. սկզբունքային քո մոտեցո՞ւմը ստորադասես միասնականությանը, որը մի քիչ վիրտուալ է, թե՞ հակառակը: Նման վարքագծով բնականաբար դաշինքի քաղաքական դիմագիծը վտանգվելու էր, դրա համար ես դադարեցրի իմ ընտրապայքարը: Ցավով եմ արձանագրում, որ այդ ընտրատարածքում քաղաքական պայքարն ընդհատվեց՝ տեղը զիջելով միջկլանային, տեղական նշանակության վեճի: Իմ խնդիրն էր՝ իշխանության թեկնածուին նույնացնել Ռ. Քոչարյանի հետ եւ ընտրողներին հնարավորություն տալ եւս մեկ անգամ կողմնորոշվել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել