Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԷԼ Է ԳՈՐԾ ԱՐՎԵԼ

Մայիս 16,2003 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԷԼ Է ԳՈՐԾ ԱՐՎԵԼ Ասում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը Երեւանի Արաբկիրի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ավելի քան տասնյակ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը, ինքնաբացարկ են հայտնել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի մանդատի համար պայքարը շարունակելու մտադրություն ունեն միայն ԱԺ պատգամավոր, «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ Արմեն Մխիթարյանն ու նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը, որն այսօր չի աշխատում: Ընդ որում, երկուսն էլ անկուսակցական են եւ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնության կարգով: Միաժամանակ, դիտորդների գնահատմամբ, հիշյալ թեկնածուներից ընտրվելու առավել մեծ հնարավորություններ ունի Արմեն Մխիթարյանը: Ավելին՝ շատերը դա միանշանակ են համարում եւ ոչ միայն նրա համար, որ նա՝ որպես քաղաքական գործիչ, միշտ սկզբունքային է եղել, այլեւ՝ որ ուշադրության կենտրոնում է պահել իր ընտրատարածքի ու առավելապես վետերանների հիմնախնդիրները: Անցած 4 տարիների ընթացքում եղել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ: «Դեռեւս գործող ԱԺ-ն բավական աշխատանք է կատարել ՀՀ օրենսդրական դաշտը կարգավորելու, բարեփոխելու ուղղությամբ, ներկայացվել եւ ընդունվել են օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կոնկրետ նպատակներ են հետապնդել եւ ծառայել են այդ նպատակին: Սա՝ հակառակ այն բանի, որ հասարակության ներսում ԱԺ-ի նկատմամբ տրամադրվածությունն ու վերաբերմունքն այնքան էլ բարենպաստ չեն»,- նկատեց Ա.Մխիթարյանը՝ հավելելով, թե դրան նպաստել են ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր ԶԼՄ-ները: Անդրադառնալով ԱԺ Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի կատարած աշխատանքներին, նա ընդգծեց, թե վերջինս նույնպես բավականին կարեւոր օրենքներ է ներկայացրել, որոնք ԱԺ-ում ընդունվել են. «Որպես օրինակ՝ նշեմ «Ոստիկանության մասին» օրենքը, որի ընդունումը վաղուց արդեն օրախնդիր էր, որովհետեւ մեր ոստիկանությունը մինչ այդ աշխատում էր Խորհրդային միության Մինիստրների սովետի որոշումներով եւ խորհրդային օրենսդրությամբ: Ընդունվեցին բավականին լավ օրենքներ, որոնք կարգավորում են ազգային անվտանգության, պաշտպանության ոլորտները: Անձամբ ես եղել եմ ոչ միայն այս ոլորտին առնչվող օրինագծերի՝ «Զինապարտության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», այլեւ՝ «Երիտասարդության մասին» օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրինագծի համահեղինակ: Իհարկե, այս ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան, առավել եւս՝ Եվրախորհրդին անդամակցելուց հետո եւ Եվրամիությանն անդամակցելու ցանկություն դրսեւորելու պայմաններում: Այսօր մենք խնդիր ունենք ՀՀ օրենսդրական դաշտը մոտեցնելու ու համահունչ դարձնելու եվրոպական չափանիշներին»: Ա.Մխիթարյանը խոստովանեց, որ այս ոլորտում «անելու շատ բան, իհարկե, դեռ կա՝ կապված ե՛ւ պաշտպանության, ե՛ւ բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության ոլորտների հետ, ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով»: Նա վերջինս հատկապես կարեւորեց որ միայն տնտեսության զարգացմանը խոչընդոտող, այլեւ, իբրեւ պետության անվտանգությանը լրջորեն սպառնացող հանգամանք, ինչը, նրա ասելով, պայմանավորված է նախ համապատասխան օրենքի բացակայությամբ: Անդրադառնալով երկրի պաշտպանության, ազգային անվտանգության խնդիրներին՝ Ա.Մխիթարյանը կարեւորեց այդ ոլորտում հստակ ու պետական հայեցակարգի մշակումը՝ դրանք համարելով անհրաժեշտություն: Պատգամավորի համոզմամբ, Հայկական բանակը պետք է դառնա պրոֆեսիոնալ, որովհետեւ «գործող մոդելը, իմ կարծիքով, իրեն չի արդարացնում», իսկ «պրոֆեսիոնալ բանակի արդյունավետությունն ակնհայտ է եւ դրան ականատես ենք ամբողջ աշխարհում: Իհարկե, դա էլ պայմանավորված է այն ֆինանսավորմամբ, որը պետությունն ի վիճակի է ուղղել բանակին ու երկրի պաշտպանությանը, բայց ամեն ինչ պետք է անենք, որ մեր բանակը հզոր, մարտունակ լինի, առավել եւս, որ մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, եւ Ղարաբաղի հարցն էլ կարգավորված չէ»: Իբրեւ «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ՝ նա կարեւորեց նաեւ ընդհանրապես վետերանների հիմնախնդիրների լուծումը: Ընդ որում՝ դրա մեջ ընդգրկելով ե՛ւ Հայրենական պատերազմի, ե՛ւ Աֆղանական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին ու հաշմանդամներին: «Վետերանական կազմակերպություններն ընդհանրապես այսօր շատ վատ վիճակում են: Լուրջ պրոբլեմներ կան հատկապես հաշմանդամների առողջության, բուժման հետ կապված: Մենք նաեւ փորձում ենք այս խնդիրն ինչ-որ կերպ լուծել, բայց հիմնախնդիրը դարձյալ օրենսդրական լուծում է պահանջում: Զարգացած պետություններում վետերանների պրոբլեմներով զբաղվող առանձին նախարարություններ կամ գերատեսչություններ կան, որոնք ամբողջովին աշխատում են այդ ուղղությամբ: Տեսեք՝ մեր հարեւան Վրաստանը, որի տնտեսական վիճակը մերից քիչ է տարբերվում, ունի վետերանների խնդիրներով զբաղվող դեպարտամենտ, որն, ըստ էության, նախարարության կարգավիճակ ունի: Հայաստանում վետերանների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունները միայն հասարակական հիմունքներով են գործում, որոնք փորձում են ծագած պրոբլեմները լուծել սեփական ուժերով, կապերի շնորհիվ, ստացած նվիրատվությունների հաշվին: Փաստորեն վետերանների պրոբլեմների նկատմամբ համակարգված մոտեցում, առավել եւս, պետական մակարդակով, չկա: Դրանով զբաղվում են ե՛ւ սոցապնախարարությունը, ե՛ւ առողջապահության, ե՛ւ պաշտպանության նախարարությունները: Այս խնդրի լուծումը ես տեսնում եմ պետական կարգավիճակ ունեցող առանձին գերատեսչության ստեղծման եւ համակարգված աշխատանքի մեջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել