Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա մերձավորիդ այն, ինչ կուզեիր՝ անեին քեզ համար»

Մայիս 16,2003 00:00

«Արա մերձավորիդ այն, ինչ կուզեիր՝ անեին քեզ համար» ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ երեկ կայացավ «Կրթական քաղաքականությունը եւ ազգային փոքրամասնությունները» թեմայով երկրորդ կոնֆերանսը, որը մեկնարկել էր Ստրասբուրգում: Ի դեպ, Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ հանձն առավ ու կյանքի կոչեց այս նախագիծը: Ընդհանրապես, ազգային փոքրամասնությունների հարցում ԿԳՆ-ն առաջնորդվում է Ավետարանի սկզբունքով. «Արա մերձավորիդ այն, ինչ կուզեիր՝ անեին քեզ համար». աշխարհն այս հարցում մեզ պատասխան ունի տալու, որովհետեւ մենք բազմաթիվ երկրներում հայկական համայնքներ ունենք: Կոնֆերանսին մասնակից ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը կարեւորեց եւ Եվրախորհրդի ուշադրությունը հրավիրեց ազգային փոքրամասնությունների կրթությունն իրականացնող մասնագետների պատրաստման, նրանց մայրենի լեզվի ուսուցման եւ դասագրքերով ապահովելու հետ կապված խնդիրների լուծմանը: Հայաստանում ազգային փոքրամասնությունների շրջանում այսօր տարբեր իրավիճակներ են: Այսպես՝ համեմատաբար «ապահովված է» Ռուսաստանի համայնքը, որ ՌԴ-ից մեծ աջակցություն է ստանում՝ հատկապես դասագրքերի պարագայում: Նման ակնկալիք չունեն, օրինակ, ասորիները կամ եզդիները: «Այլընտրանքային կրթություն ապահովելու համար մենք դեռ շատ դժվարություններ ունենք, եւ հիմնական դժվարությունն այն է, որ դասարաններում չկա անհրաժեշտ խտությունը, իսկ երբ դասագրքի տիրաժն իջնում է, ինքնարժեքը բարձրանում է: Խնդիրը բարդանում է, երբ պետք է դասագիրք տպագրենք 200, 400, 500 օրինակով: Սրանք լուծելու համար 2 ճանապարհ կա. կամ ներդրումները պետք է կատարվեն դրսից, կամ պետական համայնքային ուժերի ջանքերով»,- նշեց ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոնի նախագահ Վ. Մարտիրոսյանը, որն, ի դեպ, մեծացել է ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ ադրբեջանական, քրդական, եզդիական համայնքների շրջանում: «Ինձ համար շատ կարեւոր է, թե դա ինչ հարստություն է երկրի համար, եւ այսօր մեզնից յուրաքանչյուրը միտված է, որպեսզի նրանց խնդիրներին լուծման տարբերակներ գտնենք»: ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը եւս մեծացել է մի համայնքում, ուր 40-ից ավելի ազգային փոքրամասնություններ կային, այդ թվում հույներ (որոնք այդտեղ ապրում էին ավելի քան 300 տարի), վրացիներ, ռուսներ, «եւ սա թերեւս ապացուցում է, որ Հայաստանը բազմամշակույթ երկիր է եւ բազմալեզու, թեպետ ազգային փոքրամասնություններն այսօր Հայաստանում ազգաբնակչության ընդամենը 3 տոկոսն են կազմում: Ցավալիորեն վերջին 10-12 տարիների ընթացքում նրանց, մասնավորապես հույների զգալի մասն արտագաղթեց՝ կապված Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների եւ ներգաղթի այն քաղաքականության հետ, որ վարում էր Հունաստանի կառավարությունը: Այսօր ՀՀ-ն միացել է մի շարք եվրոպական կոնվենցիաների, որոնք կապվում են ազգային փոքրամասնությունների, նրանց մշակույթի եւ լեզվի հետ, սակայն մենք դեռեւս չունենք օրենք՝ ազգային փոքրամասնությունների մասին, ինչը հնարավորություն կտար իրավական տեսակետից ավելի կանոնակարգել նրանց հարաբերությունները պետության, հասարակության հետ եւ նաեւ՝ կապված նրանց լեզվի ու մշակույթի տարածման հետ»: Քարոզարշավի շրջանում ձեւավորված սովորույթի համաձայն, Վ. Խաչիկյանը նաեւ վստահաբար խոստացավ. «Նոր խորհրդարանում կփորձենք օրենսդրական լուծում տալ ազգային փոքրամասնությունների խնդրին, ինչպես նաեւ նպաստել, որպեսզի կառավարությունն ավելի հետամուտ լինի նրանց խնդիրներին: Նոր խորհրդարանի, վստահաբար, առաջին նստաշրջանում այս հարցը օրենքի նախագծի տեսքով կներկայացվի պառլամենտին եւ կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ համապատասխան փորձաքննության: Իսկ շրջանառվող օրենքի 2 նախագծերը, որ մշակվել են կառավարության եւ խորհրդարանի կողմից, բավարարում են Եվրոպական կոնվենցիայի պահանջներին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել