Ձայներ՝ աշխատատեղերի դիմաց Քարոզարշավի մարզային այցելությունները Միավորված աշխատանքային կուսակցությունը սկսեց մայիսի 14-ին՝ Լոռու մարզից։ Վանաձոր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն իր ելույթը սկսեց նրանից, որ ՄԱԿ-ը իր քաղաքական համոզմունքներում առաջնորդվելու է ազատական, ժողովրդավարական գաղափարներով։ Գ. Արսենյանի հավաստմամբ, իրենց ծրագրային դրույթներում առաջնահերթությունը տրվում է քաղաքացու բարեկեցության բարձրացմանը. «Ժողովուրդը բարեկեցիկ ապրելու համար մի հնարավորություն ունի, այն է՝ ստեղծել ապրանք, զարգացնել արտադրություն, որպեսզի մեր ստեղծածը դրսում պահանջարկ ունենա»։ Կուսակցության նախագահի խոսքերով, այսօր մենք ունենք անցյալից ժառանգած միայն մի համակարգ, որը դեռեւս շուկայում պահանջարկ ունի. «Դա երաժշտական կրթության համակարգն է»։ Կուսակցության նախագահը վանաձորցիներին նաեւ մեկառմեկ ներկայացրեց կուսակցական ցուցակով առաջադրված թեկնածուների կենսագրությունները։ Գրիգոր Ղոնջեյանը, որը ցուցակի յոթերորդ թեկնածուն է, ելույթի ժամանակ նշեց, որ ընտրությունները մեր հայրենակիցների համար մեծ սթրես են, որը դեռեւս մի քանի օր էլ շարունակվելու է։ Եվ եթե ընտրողներն ուզում են սթրեսն արդարացված լինի, «ձեզ պետք է նեղություն տաք՝ ծանոթանալու կուսակցությունների ծրագրերին։ Այսօր շատերն են խոսում ծրագրերի մասին ու ասում են, որ պետք է իրար հետ մրցակցեն ծրագրերը, բայց մենք գտնում ենք, որ իրար հետ պետք է մրցակցեն մարդիկ։ Քանի որ լավ գրված ծրագրեր շատ կան»։ Ինչ վերաբերում է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությանը, Գ. Ղոնջեյանի համոզմամբ, բացասական երեւույթներ շատ կան մեր երկրում. «Առանձին գնահատականներով, ողջ տնտեսությունում ստվերն այսօր հասել է մոտ 50 տոկոսի»։ Այս խնդիրը արդյունավետ լուծելու համար պատգամավորության թեկնածուն խոստանում է վարչարարության նկատմամբ վերահսկողության միջոցով ավելացնել երկրի բյուջեի եկամուտները եւ ուղղել դրանք սոցիալական հարցերի լուծմանը։ Վանաձորի երաժշտական ուսումնարանի դահլիճում հավաքվածների եւ կուսակցության անդամների միջեւ նաեւ հարց ու պատասխան եղավ։ Վանաձորցի Սեյրան Սարդարյանը քարոզարշավն իրականացնողներին խորհուրդ տվեց, որ վերջիններս մինչ ընտրությունները «մի 100» աշխատատեղ բացեին իրենց քաղաքում, դրանից հետո ձայներ ակնկալեին. «Ձեզ նման շատերն են գալիս՝ խոստումներ տալիս ու գնում, բայց ժողովրդի վիճակը չի լավանում։ Մեր շենքում արդեն 30 տարեկան տղաներ ու աղջիկներ կան, չեն ամուսնանում, որովհետեւ աշխատատեղեր չկան, ո՞նց պետք է ընտանիք պահեն»։ Կուսակցության նախագահը լոռեցիների համար թվարկեց մի քանի ծրագրեր, որոնք իրականացվելու են Վանաձորում. «օրինակ, ադամանդագործությունը, որը չի պահանջում այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք քիմիական գործարանն է պահանջում»։ Գ. Արսենյանը ժողովրդին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ընտրողն իրենք են։ Այս դիտարկմանը մի լոռեցի այսպես արձագանքեց. «Է՜, նախագահին չընտրեցինք, բայց ընտրվեց»։ Նորաստեղծ կուսակցությունը հանդիպում ունեցավ նաեւ սպիտակցիների հետ։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ