Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է: ՄՈՌԱՑԵ՛Ք

Մայիս 16,2003 00:00

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է: ՄՈՌԱՑԵ՛Ք Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծված՝ ընտրախախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքը, եւ թե՛ արդյունքներին, թե՛ միջազգային դիտորդների բոլոր զեկույցներին վերաբերող «ամփոփ տեղեկատվությունը եւ գնահատականը կտրվի ԱԺ ընտրություններից հետո»՝ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել էր նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը: Մինչդեռ Գլխավոր դատախազությունն արդեն իսկ հաղորդել է, թե ինչ լուծում են ստանում ընտրախախտումներին առնչվող դիմումները: Մեջբերենք մի հատկանշական օրինակ այդ տեղեկանքից: Գլխավոր դատախազություն մուտք է եղել Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանի հաղորդումը թիվ 0219/10 տեղամասում փետրվարի 19-ին ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային հանձնաժողովի նախագահ Սլավիկ Խաչատրյանի կողմից թույլ տրված ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ. «Մասնավորապես, գրության մեջ եւ դրան կից ներկայացված արձանագրությունների համաձայն՝ ընտրությունների օրը նշված ընտրատեղամասում հայտարարվել է ընդմիջում, անհարմարության պատճառաբանությամբ՝ քվեատուփը սեղանի վրայից իջեցվել եւ դրվել է նախագահի ոտքերի մոտ։ Արդյունքում քվեատուփ է նետվել ոչ սահմանված ձեւով ծալված 394 քվեաթերթիկ, ինչը նկատել եւ քվեատուփից հանել է Ս. Դեմիրճյանի վստահված անձ Գ. Հարությունյանը։ Ի պատասխան բանավոր հարցման, Գ. Հարությունյանը հայտնել է, որ վերոհիշյալ 394 քվեաթերթիկները քվեարկված են եղել Ռ. Քոչարյանի օգտին»։ Այս ամենը շարադրելուց հետո Դատախազությունը միայն նշում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով 2003 թ. մարտի 21-ին քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»։ Զուտ հռետորական հարցադրումներ են, թե ինչպես է բացակայել հանցադեպը կամ ինչպես է ստացվում, որ բոլոր խախտումները մնում են անպատիժ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել