Հարցումներ Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին եւ Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը ս.թ. ապրիլի 21-26-ը հանրային կարծիքի հետազոտություն է անցկացրել Շիրակի մարզի շրջկենտրոններում՝ 400, եւ Գյումրիում՝ 600 հոգու շրջանակներում: Ընդհանուր առմամբ, 1000 հարցվող պատասխանել է առաջադրված 13 հարցերի, այդ թվում՝ «Պատրաստվո՞ւմ եք մասնակցել 2003 թ. մայիսի 25-ին կայանալիք ԱԺ ընտրություններին»: Հարցվածների 65,20 տոկոսը դրական պատասխան է տվել, 19,30 տոկոսն ասել է, որ ընտրություններին չի մասնակցի, 15,50 տոկոսը չի կողմնորոշվել: Գործող Ազգային ժողովի աշխատանքից «լիովին» գոհ է եղել հարցվողների 5,00 տոկոսը, ԱԺ աշխատանքները «Բավարար» է գնահատել՝ 19,60 տոկոսը, «Ոչ այնքան»՝ 36,50 տոկոսը, «Դժգոհ եմ»՝ ասել է 22,50 տոկոսը, «Խիստ դժգոհ եմ»՝ 16,40 տոկոսը: «Ձեր կարծիքով, ո՞վ էր անցած գումարման Ազգային ժողովի ամենաբարեխիղճ պատգամավորը»: Այս հարցին ի պատասխան՝ 1000 հարցվողներից 18,60 տոկոսը մատնանշել է Սամվել Բալասանյանին, 14,90 տոկոսը՝ Արշակ Սադոյանին, 11,30-ը՝ Սուքիաս Ավետիսյանին, 5,70 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանին, 4,70 տոկոսը՝ Սերգո Երիցյանին: Արտաշես Գեղամյանն այս ցանկում միայն վեցերորդն է՝ 3,60 տոկոսով: Հարցվողների 14,10 տոկոսն այս հարցին պատասխանել է՝ «Չկա», իսկ 8,00 տոկոսը՝ «Չգիտեմ», 3,50 տոկոսը դժվարացել են պատասխանել: Հարցվողների շրջանում 11,80 տոկոսն անցած գումարման ԱԺ-ի՝ որպես ամենաանբարեխիղճ պատգամավոր է մատնանշել Արշակ Սադոյանին, 21,70 տոկոսը պատասխանել է՝ «Չգիտեմ», 17,50 տոկոսն ասել են՝ «Բոլորը», 5,60 տոկոսը դժվարացել են պատասխանել: «Մինչ այժմ հայաստանյան ո՞ր կուսակցության գործունեությունն եք քիչ թե շատ հավանել»: Այս հարցադրմանը պատասխանել են հետեւյալ կերպ. «Օրինաց երկիր»՝ 23,40 տոկոս, «Ոչ մեկի»՝ 16,40 տոկոս, ՀԿԿ՝ 9,80 տոկոս, ՀՅԴ՝ 7,60 տոկոս, ՀԺԿ՝ 7,30 տոկոս, «Չգիտեմ»՝ 5,90 տոկոս, ՀՀԿ՝ 3,70 տոկոս: «Ընդդիմություն» ընդհանուր արտահայտությանը մատնանշել է 1000 հարցվողների 0,10 տոկոսը: Հարցվողների շրջանում «ամենաչհավանված» կուսակցությունների թվում առաջինը ՀՀՇ-ն է՝ 15,50 տոկոս, ապա ԱԻՄ-ը՝ 7,70 տոկոս: Հարցվողների 36,30 տոկոսը կարծիք է հայտնել, որ սեփական անձի ու ընտանիքի բարեկեցությունը, ապագան, զարգացումը ԱԺ-ից կախված չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է Սահմանադրությանը: Հարցմանը մասնակցած 1000 հոգուց 19, 60 տոկոսն է ասել, որ կարդացել է ՀՀ Սահմանադրությունը, 66,70 տոկոսը չի կարդացել, Սահմանադրությունը մասամբ կարդացել է 13,70 տոկոսը: ՀՀ Հիմնական օրենքի նկատմամբ բացարձակ անտարբերության փայլուն դրսեւորումը սակայն հետեւյալ հարցի պատասխանն է. «Կարդացե՞լ եք Հայաստանի նոր կամ փոփոխվող Սահմանադրությունների նախագծերից որեւէ մեկը». «Այո»՝ 5,10 տոկոս, «Ոչ», 94, 90 տոկոս: Ն. Մ.