Լրահոս
Օրվա լրահոսը

Ճեպազրույցը՝ հրաժեշտի գազել

Մայիս 16,2003 00:00

Ճեպազրույցը՝ հրաժեշտի գազել Երկրորդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի ճեպազրույցների շարքը երեկ ամփոփվեց։ Կրկին անգամ փորձելու պատգամավորական մոլուցքը, փաստորեն, անգործության է մատնել երկրի օրենսդիր մարմինը. նախընտրական արշավի ելածները ոչ միայն «գործի չեն գալիս», այլեւ չեն ուզում օգտագործել խորհրդարանական ճեպազրույցները՝ իրենց հանճարեղ նախընտրական ծրագրերը հեռարձակելու համար։ Վերջին ճեպազրույցն անցավ ծույլ ու ալարկոտ եւ չափազանց նման էր հրաժեշտի գազելի։ Եկողները քիչ էին, ասելիքը՝ անալի, էնտուզիազմ չկար։ Խորհրդարանական 10 խումբ-խմբակցություններից ճեպազրույցի էին ներկայացել չորսը՝ «Ժողպատգամավոր», «Ժողովրդի ձայն» եւ «Հայաստան» խմբերը եւ Գալուստ Սահակյանը։ Վերջինս որոշեց դրական գնահատական տալ նախընտրական քարոզարշավին, նույնիսկ ասաց, թե ոչ մի լարվածություն չկա։ Իսկ այն, որ մի քանի տեղամասերում դեռ «կռիվը» չսկսված արդեն կրակում են, երեւի պրն Սահակյանն առանձնապես չի կարեւորում։ Արդյո՞ք սա չի նմանվում Նար-Դոսի հայտնի հերոսի հոգեբանությանը՝ դե, ի՞նչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը՝ պատասխանելով սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին, ասաց, որ առանց ընդդիմության եւ նրանց պաշտպանների հնարավոր չի լինի ընդունել սահմանադրական փոփոխությունները, քանի որ անհրաժեշտ կլինի 2/3 կողմ ձայն։ Եթե իշխանությունն իրոք ձգտում է «պլստացնել» Սահմանադրությունը, ուրեմն ինչո՞ւ է հույսը դրել ընդդիմության ձայների վրա, որոնք հաստատ չի ստանալու, իսկ եթե հույսը չի դրել, ուրեմն ի՞նչ է ասում Գալուստ Սահակյանը։ Ընդհանրապես, նա երբեմն բաներ է ասում, որոնց տակից հետո դուրս գալ է հարկավոր, օրինակ, հետեւյալ մտքի. «բոլոր քաղաքական ուժերը նախագահականի ժամանակ մեր երկիրը հեքիաթի երկիր էին դարձրել (թերեւս նկատի ունի իշխանություններին.- Մ. Ե.), քարոզչության առաջին փուլում պարզվեց, որ ոչինչ չկա այդ հեքիաթից, 2-րդ փուլում ասացին, որ միայն առաջընթաց կա, հետո տեսան՝ այն, ինչ որ կա՝ կա, իսկ տակը Հանրապետականի ձեռքբերումը կա»։ Իհարկե, թափանցիկ է ակնարկը եւ հասկանալի է, որ խոսքը մինչեւ վերջերս ՀՀԿ-ի դաշնակիցների՝ ՀՅԴ-ի եւ «ՕԵ»-ի մասին է, եւ թե ինչո՞ւ են այս երեքն իրար անցել եւ միմյանց սեւացնում են այսպիսի կրքով, նույնպես հասկանալի է։ Արեւի տակ տեղ ունենալու խնդիր կա։ Այս խնդիրն ունեն բոլոր թեկնածուները եւ ցուցակները։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը եւս նախընտրական թոհուբոհի մեջ է, եւ թիվ 20 ընտրատարածքում, ուր ինքն է առաջադրվել, եւս կրքերը շիկացած են։ Այս ընտրատարածքում առաջադրված «ԱՄ» եւ ՍԻՄ անդամ թեկնածուներն ինքնաբացարկ հայտարարեցին՝ հօգուտ իշխանական թեւի պաշտպանությունը վայելող թեկնածուի՝ Լեւոն Խաչատրյանի։ Այս թեկնածուին պաշտպանում է ՀՀԿ-ն (այդ մասին օրեր առաջ Աշտարակում հայտարարեց Սերժ Սարգսյանը), նա նաեւ Աղվան Հովսեփյանի ընկերն է եւ, թերեւս, սա նկատի ուներ Մյասնիկ Մալխասյանը, որը հայտարարեց, թե ՍԻՄ-ը եւ «ԱՄ»-ն «Աղվան Հովսեփյանի ետեւից ընկած քարշ են գալիս»։ Մյասնիկ Մալխասյանին այս իրավիճակում այլ բան չի մնում, քան հայտարարել՝ «այս թեկնածուին պաշտպանում է իշխանությունը, իսկ ինձ պաշտպանում է ժողովուրդը», եւ հետո էլ հորդորել լրագրողներին, որ՝ ապավինենք մեր գրչին ու պայքարենք հանուն արդար եւ թափանցիկ ընտրությունների. «որպեսզի ձեւավորվի նոր ու արդար խորհրդարան»։ «Ժողովրդի ձայն» խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը բոլորի պես եւս փորձեց ամփոփել խորհրդարանի չորս տարին. ասաց, որ «Միասնություն» դաշինքի ծրագրերը կիսատ մնացին, եւ վստահաբար հայտարարեց, թե «Արդարություն» դաշինքը մեծամասնություն կձեւավորի ապագա խորհրդարանում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել