Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿ-ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԲԱՐՁՐԱՑՆԵ՜Մ

Մայիս 16,2003 00:00

ԹՈՇԱԿ-ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԲԱՐՁՐԱՑՆԵ՜Մ Դաշնակցության նախընտրական ծրագիրը, որն ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ընդհանուր արտահայտություններ, բարի ցանկություններ են, որոնք բնութագրական են ընդհանրապես բոլոր կուսակցությունների ծրագրերին: Նման դրույթների համար հատկանշական են «առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն», «նախատեսվում է խթանել», «ապահովել բարենպաստ պայմաններ», «համակողմանի օգնություն ցուցաբերել», «համալիր միջոցառումներ իրականացնել» եւ այսօրինակ արտահայտությունները: ՀՅԴ ծրագրում եւս նման ձեւակերպումները մեծամասնություն են: Ի՞նչ որոշակիություն կա, ասենք, հետեւյալ դրույթներում. «Աշխատանքով ապահովված մարդը չպետք է ունենա սոցիալական որեւէ խնդիր, իսկ նրա ծերությունը պետք է լինի ապահով», «Կոռուպցիան, կաշառակերությունը եւ հովանավորչությունն աղավաղում եւ աղճատում են պաշարների, բարիքների, հարստության արդարացի բաշխումը», «Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի օժանդակելու թույլին, այլ ոչ թե ծույլին»: Որո՞նք են այս դրույթների առանձնահատկությունները, որ բնորոշ կլինեին հատկապես Դաշնակցությանը եւ ուրիշ ոչ մի կուսակցության, ինչպես օրինակ «Արտաքին քաղաքականություն» բաժնի հետեւյալ դրույթի պարագայում է. «Հայ Դատը եւ Արցախի հիմնախնդիրը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս, էական տեղ պետք է ունենան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»: Մինչդեռ ծրագրի մեկ այլ բաժնում, ասենք, նշված է, թե պետության խնդիրն է՝ «նպաստել միջին խավի ձեւավորմանը», որը կարգախոս է դարձրել ՀԺԱՄ-ը: Պայմանական 2-րդ խմբում դրույթներ են, որոնք արդեն իսկ իրականացված են կամ իրականացման ընթացքի մեջ են: Օրինակ՝ նշված է, թե կարեւոր է «անհատական ծածկագրային համակարգի ներդրման միջոցով սոցիալական վճարներից ու արտոնություններից օգտվողների միացյալ տեղեկատվական բազայի ստեղծումը»: Մինչդեռ սոցիալական ապահովության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է ե՛ւ անհատական ծածկագրային համակարգ, ե՛ւ նման տեղեկատվական բազա ստեղծելու մասին: Կամ՝ «Առողջապահություն» բաժնում նշել են. «Բուժաշխատողի աշխատանքային մասնակցությամբ բուժհաստատության դրամարկղ մուտքագրված գումարի զգալի մասը պետք է ձեւակերպվի որպես աշխատավարձ»: Այդ պրակտիկան վաղո՜ւց կիրառվում է, ինչպես նաեւ ծրագրի մեկ այլ դրույթ, ըստ որի՝ անհրաժեշտ է ներդնել բժշկական ապահովագրություն: Նախընտրական ծրագրում նաեւ նշել են, թե հարկ է վերացնել երկքաղաքացիության սահմանադրական արգելքը, մինչդեռ Սահմանադրության ներկա փոփոխություններով արդեն իսկ վերացված է այդ արգելքը: ՀՅԴ նախընտրական այս ծրագրում սակայն գտանք նաեւ խիստ որոշակի դրույթներ, որոնք կազմում են մեր պայմանական երրորդ խումբը: Այսպես՝ խոստացվում է «ուսուցիչների աշխատավարձերի ամենամյա բարձրացում: «Հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն» բաժնում էլ նշված է, թե բյուջետային քաղաքականության առաջնահերթ խնդիրն է լինելու դեֆիցիտի հնարավորինս կրճատումը ու նաեւ, որ «նվազագույնի հասցվի երկրի արտաքին ֆինանսական կախվածությունը»: Իսկ «Սոցիալական ոլորտ» բաժնում նշված է. «Թաքնված զբաղվածության կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման, կենսաթոշակային համակարգի հետագա կատարելագործման, օրենսդրության բարեփոխման ճանապարհով նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել կենսաթոշակները՝ մինչեւ 2006 թվականը միջին կենսաթոշակը հասցնելով 20 հազար դրամի»: Բացառությամբ այս վերջինի՝ ուրիշ ոչ մի դեպքում մատնանշված չէ, թե ինչ միջոցների հաշվին են կատարվելու խոստումները: Մանավանդ որ՝ ՀՅԴ-ն նաեւ խոստանում է, թե մինչեւ որոշակի մակարդակի եկամուտները պիտի զերծ պահվեն հարկումից, վերացնեն օդի տուրքը, իսկ ավելացված արժեքի, ֆիզիկական անձանցից՝ նաեւ գանձվող եկամտահարկի դրույքաչափը պիտի իջեցվի եւ ընդհանրապես՝ պիտի ձեւավորվի «հարկային բարենպաստ դաշտ»: Որոշակի խոստումների շարքից է, թե բարեփոխվելու է ընդունելության համակարգը եւ հանրակրթական դպրոցների ավարտական գնահատականների հիման վրա՝ աստիճանաբար ներդրվելու է մրցութային ընդունելություն: Նշենք, որ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ներկայացնելով, որ ընդունելության քննությունները տեղափոխվելու են դպրոց, միաժամանակ բացասաբար էր գնահատում տարիներ առաջ Աշոտ Բլեյանի իրականացրած փորձը, որը հայոց լեզվի ընդունելության քննությունը տեղափոխեց դպրոց, նշելով, թե այդպիսով վարկաբեկվեց դպրոցը: Եթե ընդունելության ամբողջ համակարգն է այժմ ՀՅԴ-ն պատրաստվում տեղափոխել դպրոց՝ ուրեմն, վերջինս առավել սաստիկ է վարկաբեկվելու: Այսքանով ավարտենք ՀՅԴ ծրագրին անդրադարձը, քանզի ընդհանուր առմամբ՝ սա անպտուղ զբաղմունք է: Հիմա ո՞վ է հիշում, թե ինչ ծրագրով էր խորհրդարան եկել այս կամ մեկ այլ կուսակցություն, եւ ո՞ր ընտրողի քվեարկության համար է վճռորոշ, թե որքանով են կատարվել նախընտրական նախկին խոստումները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել