Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ կանցնենք, կամ կշրջանցենք

Մայիս 15,2003 00:00

Կամ կանցնենք, կամ կշրջանցենք «Արդարություն» դաշինքի կանանց հանրապետական շարժման համակարգող խորհուրդը երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան 2003. ընտրական իրավունք եւ ժողովրդավարություն։ Իրավիճակ եւ զարգացման ուղիներ» թեմայով կլոր սեղան էր հրավիրել։ Զեկուցողները մեծ մասամբ տղամարդիկ էին։ Խորհրդի անդամ Անահիտ Սարգսյանը սկզբում ընթերցեց խորհրդի հայտարարությունը Հայաստանում ընտրությունների անցկացման վերաբերյալ, որով «ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում կատարված իրավախախտումների, ԱԺ ընտրությունների նախապատրաստական շրջանի ողջ պատասխանատվությունը» դրվեց «գործադիր իշխանության, ԿԸՀ-ի եւ նրան մաս կազմող կուսակցությունների վրա»։ «Արդարության» կանայք հանրապետությունում ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված շարժմանը աջակցելու կոչով դիմեցին երկրի ճակատագրով մտահոգ ոչ միայն կանանց, այլեւ աղջիկներին։ Ելույթ ունեցողները փաստում էին ընտրախախտումները «կանխելու ներպետական միջոցների սպառված» լինելու մասին, ներկայացնում էին առաջադրվող սահմանադրական փոփոխությունների թերությունները։ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հույս հայտնեց, որ ԱԺ ընտրություններին դատավորները մի քիչ ավելի լուրջ կմոտենան իրենց գործին։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ընդդիմությանը «հիշեցրեց» նրանց մոռացկոտությունը. 98-ին նրանց համար Ռ. Քոչարյանը ՀՀ քաղաքացի էր, այսօր՝ արդեն ոչ։ Ըստ նրա, այսօր ընդդիմության կողմից հիանալի ընդունվող Արամ Կարապետյանը իրավունք չուներ մասնակցելու նաեւ նախագահական ընտրություններին։ Սակայն ընդդիմության հիմնական սխալը պրն Ավետիքյանը համարում է «Ա1+»-ի փակմանն ըստ արժանվույն չընդդիմանալը։ Իրավաբան, «Ընտրական օրենսգրքի համահեղինակ» Հրայր Թովմասյանը ազատ-արդար ընտրությունները «հրաշք» է համարում եւ ցանկանում իշխանության եկած տեսնել անգամ սատանային, եթե վերջինս ընտրվի ժողովրդի կողմից։ Այդպիսով նա կիմանա, որ հետագայում իր ռեսուրսները չեն բավարարելու վերընտրվելու համար եւ ինքը պետք է հաշվի նստի ժողովրդի հետ։ Այնուամենայնիվ, պրն Թովմասյանը նույնիսկ անցած ընտրությունները առաջընթաց է համարում, քանի որ կարելի էր ավելի վատ անցկացնել։ Ընտրական օրենսգրքի համահեղինակը խոստովանեց, որ ընտրախախտումների բոլոր դեպքերը կանխատեսելն անհնար է եւ որ ինչ-որ մի լուծում գտնելուց 1-2 օր հետո ինքը գտնում է նաեւ դրա շրջանցման ճանապարհը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել