Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԸ» ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ

Մայիս 15,2003 00:00

«ԲԱՆԱՆՑԸ» ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ Ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկից առաջ շատերն այն կարծիքին էին, թե «Բանանցն» այս տարի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն է լինելու։ Եվ այդպես մտածելու հիմքեր կային։ Նախ, թիմի բոլոր օղակները հավասարապես համալրված էին ու իր կազմով «Բանանցը» ամենաուժեղներից ու ամենակայուններից մեկն է ներքին առաջնությունում։ Մարզչական շտաբի ղեկը վստահված էր Մոսկվայի մարզչական դպրոցն ավարտած երիտասարդ ու խոստումնալից մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցին։ Թիմն առաջնության նախապատրաստական փուլում ոչ մի խնդիր չի ունեցել ու, համեմատած շատ ակումբների հետ, ավելի լիարժեք է մարզվել։ Եվ որ ամենակարեւորն է, «Բանանցն» ունի կայուն եւ հուսալի հովանավորներ։ Սակայն մրցաշրջանի մեկնարկից երեք տուր անց թիմում կադրային լուրջ փոփոխություններ սկսեցին կատարվել եւ բացառված չէ, որ դրանք հետագայում էլ շարունակվեն։ Ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում այս, իրոք, հեռանկարային կոլեկտիվում։ Մանրամասներն իմանալու համար դիմեցինք «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին։ – Անհաջող մեկնարկեցինք,- ասաց նա։- Առաջին երեք տուրում ութ միավորի կորուստ ունեցանք, ընդ որում՝ ուժեղ թիմերի հետ պայքարում։ Ուստի ինչ-որ կերպ պետք էր շտկել այս իրավիճակը։ Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական ներկայացրեց եւ նա այժմ հեռացված է պաշտոնից։ Թիմից հեռացվել է նաեւ ֆիզպատրաստականության մարզիչ Վահան Նիկոլյանը։ Իսկ մարզիչներ Արամ Փարսադանյանն ու Սամվել Սարգսյանը տեղափոխվել են մեր դուստր թիմ՝ «Սպարտակ», որը հանդես է գալիս առաջին խմբում։ Մարզչական շտաբում մնացել է միայն Ալյոշա Աբրահամյանը, որը հիմնականում աշխատում է դարպասապահների հետ։ Ներկայումս «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար ենք նշանակել Վազգեն Հայրապետյանին, որը շատերի կարծիքով լուրջ ավանդ ունի հայկական ֆուտբոլում։ Նրան օգնում է ժամանակին մեր թիմում խաղացած Աշոտ Բարսեղյանը։ – Ձեր նշած փոփոխություններին հաջորդած երկու խաղերում «Բանանցի» կազմում բացակայում էին երեք ֆուտբոլիստներ՝ Արա Ոսկանյանը, Արթուր Մինասյանը եւ Արմեն Գրիգորյանը։ – Նրանք հրաժարվեցին շարունակել մրցելույթները «Բանանցում»՝ որոշումը կապելով մարզչի հետ։ Իմ կարծիքով, դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ։ Ֆուտբոլիստը չի խաղում ինչ-որ մեկի համար։ Նա խաղում է ակումբի կամ երկրի պատվի համար։ Բայց իրենց գործն է։ Նրանք «Բանանցի» հետ պայմանագիր ունեն, սակայն եթե չեն ուզում խաղալ, ապա թող ուրիշ թիմ որոնեն։ Ես հարգում եմ ֆուտբոլիստներին, հատկապես Արա Ոսկանյանին։ Ուստի այլ թիմից համապատասխան առաջարկ լինելու դեպքում նրանց կօգնենք տեղափոխվելու հարցում, արգելք չենք հանդիսանա։ – Վերադառնանք մարզիչների հարցին։ Օտարերկրացի մասնագետ հրավիրել չե՞ք ուզում։ – Պատմությունը ցույց է տալիս, որ, իրոք, հայկական ֆուտբոլի հաջողությունները պայմանավորված են օտարերկրյա մարզիչների գործունեությամբ։ Առաջարկներ կան, սակայն շտապել դեռ պետք չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակներ ենք հետապնդելու այսուհետեւ։ Խոսքը նաեւ եվրոգավաթների մասին է, մեր հնարավորությունների եւ մեր առջեւ դրվող խնդիրների։ Գուցե հնարավորություն տանք երիտասարդներին։ Թող նրանք կարողանան եվրոպական ասպարեզներում իրենց դրսեւորել։ Ես հակված եմ հույս դնել տեղացի կադրերի վրա։ Բայց, կախված հետագա խնդիրներից, գուցե որոշ հրավերներ լինեն։ – Ի՞նչ կասեք այս տարվա Հայաստանի առաջնության մասին։ – Միանշանակ՝ խաղամակարդակը բարձրացել է։ Թիմերի ուժերը հավասարվել են եւ նախապես որեւէ մեկին առավելություն տալ հնարավոր չէ։ Նման լարված պայքարում կունենանք նաեւ առաջընթաց։ Ուրախալին այն է, որ ետնապահ թիմեր այժմ որպես այդպիսիք չկան եւ բոլոր տուրերում խաղադաշտերում հետաքրքիր ու դիտարժան պայքար է ծավալվում։ ՎԱՀԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել