Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ը ՄԱՏ ԹԱՓ ՉԻ ՏԱԼՈՒ

Մայիս 15,2003 00:00

ՀՌԱԿ-Ը ՄԱՏ ԹԱՓ ՉԻ ՏԱԼՈՒ Երեկ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ Լավրենտի Բարսեղյանը քարոզարշավի շրջանակներում այցելեցին Արմավիրի մարզ։ Արմավիր քաղաքում նրանց միացավ նաեւ Մեծամորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, անկուսակցական (բայց ՀՌԱԿ համամասնական ցուցակում 5-րդը) Սարգիս Խաչատրյանը։ ՀՌԱԿ ներկայացուցիչների այցելության առաջին վայրը Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցն էր, որի դահլիճում շուրջ 500 մարդ էր հավաքվել։ Մի երիտասարդ, կուսակցության զինանշանով դրոշը ձեռքին, հյուրերի թիկունքում կանգնած մնաց մինչեւ հանդիպման ավարտը։ «Ինչպես մեր դրոշի գույնն է՝ զուլալ, մաքուր, այդպիսին էլ ՀՌԱԿ-ի կենսագրությունն է,- ասաց Լ. Բարսեղյանն ու ավելացրեց,- մեր կուսակցության շարքերում չկան մականունավորներ»։ Ռ. Միրզախանյանն էլ, ինչպես միշտ, այս անգամ եւս խոսեց կուսակցության նյութական կարողություններից, որոնց շնորհիվ արդեն մոտ 1000 աշխատատեղ է բացվել եւ 500 մլն դրամի կոմպյուտերներ են տրվել ուսումնական հաստատություններին։ «Մեր բոլոր ծրագրերն իրականացվում են Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցների նյութական միջոցներով եւ, որ ամենակարեւորն է, դրանք ձեռք են բերվել ազնիվ աշխատանքով»,- ասաց նա։ ՀՌԱԿ ատենապետը փաստեց, որ ներկայումս ստեղծվել են «անուշիկ անուններով» մի շարք կուսակցություններ, որոնց գործունեությունը խոստումներից այն կողմ չի անցնում։ Նա ՀՌԱԿ-ը հակադրեց «իրենց քաղաքական կազմակերպություն հռչակած մի քանի խմբերին», որոնց նպատակներից մեկն էլ, ըստ Միրզախանյանի, օպտիմիզացիայի անվան տակ 20-ից ավելի դպրոցների՝ ներքին աճուրդով զբաղվելն է։ «Մենք մարդիկ ունենք, որ երկրի բյուջեից ավելի շատ փող ունեն եւ դա ստեղծել են ոչ թե ժողովրդին կեղեքելով, այլ արդար քրտինքով։ Մենք մատ թափ չենք տալու, ինչպես շատ գործիչներ, ոչ էլ սպառնալու ենք, թե կախաղան ենք հանելու ոմանց։ Փոխարենը կոնկրետ ծրագրեր ենք իրականացնելու»,- խոստացավ Ռ. Միրզախանյանը։ Արմավիր քաղաքի ուսուցիչների հետ հանդիպման ավարտին ՀՌԱԿ ատենապետը կոչ արեց ժողովրդին ձայնը տալ իրենց ցանկացած կուսակցությանը, այնուամենայնիվ «վստահ լինելով նրանց լավ ճաշակին»։ Նույն խորհուրդը, սակայն ավելի թափանցիկ, տվեց Ս. Խաչատրյանը. «Ձեր ձայնը մի վաճառեք, այլ քվեարկեք ՀՌԱԿ-ի օգտին»։ Հայկավանի դպրոցում արդեն սպասում էին ՀՌԱԿ-ի ներկայացուցիչներին։ Դպրոցի երգչախումբը մի երգ նվիրեց հյուրերին։ ՀՌԱԿ ատենապետն էլ խոստացավ սեպտեմբերի 1-ին երգչախմբին նվիրել նոր համազգեստ, իսկ դպրոցին՝ դաշնամուր. «Բայց այս ամենը ընտրակաշառք չէ։ Եթե որոշ երթուղային գծեր նայող պատգամավորներ դրանք ընտրակաշառք համարեն, ուրեմն կստացվի, որ կաշառակերներն էլ այս երեխաներն են»։ Նա հայկավանցիներին ներկայացրեց Լ. Բարսեղյանին՝ Սարդարապատի ազգագրության թանգարանի երբեմնի տնօրենին, որը «ժամանակին նույնիսկ Բրեժնեւի աղջկան է ֆռռացրել, երբ նա թանգարանում հավանել է մի քյամար ու պահանջել, որ իրեն տան»։ Ուշագրավ էր Հայկավանի գյուղապետ Ռաֆիկ Ղազարյանի ելույթը։ Թեեւ օրենքով արգելվում է ՏԻՄ ղեկավարին քարոզչությամբ զբաղվել, սակայն նա հայտարարեց. «Կմիջամտեմ, որ ձեր կուսակցությունը ընտրություններին մեզ մոտ հաջողություն ունենա։ Այնպես կանեմ, որ ամեն ինչ ձեր սրտով լինի»։ Հաջորդ կանգառը Արմավիր գյուղն էր։ «Մեր հյուրն է մեծարգո ընկեր ատենապետ, Ռամկավար-ազատագրական կուսակցության անդամ Ռուբեն Միրզախանյանը»՝ ՀՌԱԿ ատենապետին այսպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Լիզա Ռուշանյանը։ Ինչպես Արմավիր քաղաքում, այնպես էլ Հայկավանում ու Արմավիր գյուղում ՀՌԱԿ ատենապետը խոսեց իրենց ծրագրերից եւ դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմներից։ Արմավիրի մարզում բնակիչներն առանձնապես աչքի չէին ընկնում ՀՌԱԿ ներկայացուցիչներին ուղղված հարցերով։ «Սաղ հարց ա, էլի»,- դահլիճում տեղերից ասում էին նրանք, թեեւ ընդհանուր առմամբ դրական էին տրամադրված կուսակցության նկատմամբ։ Գոհ էին հատկապես մանկավարժական կոլեկտիվները. նրանք ոգեւորված էին դպրոցների «կոմպյուտերացմամբ»։ Ռ. Միրզախանյանի մտահոգությունն այն էր, որ կոմպյուտերները մարզի դպրոցներում գույքի չվերածվեն, այլ ծառայեն նպատակին։ Դրա համար նա պատրաստակամություն հայտնեց գյուղերն ապահովել համապատասխան մասնագետներով ու վճարել նրանց աշխատավարձերը։ Ընդհանրապես, մարզից ստացած տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ հոգնել են ամեն տեսակ ընտրություններից։ Հայկավանցի մի տատիկ, օրինակ, կարծում է. «Ով էշ՝ մենք փալան», որովհետեւ վստահ է, որ այս ընտրություններով էլ շատ բան չի փոխվելու։ ՀՌԱԿ ներկայացուցիչները իրենց քարոզարշավը շարունակեցին Տանձուտ գյուղում ու Մեծամոր քաղաքում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել