Հատակ լվացողները վկայություն կտա՞ն Օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ այցելեց հենակների օգնությամբ քայլող մի երիտասարդ, որը փորձում էր մի կերպ ժպտալ՝ որպես ողջույնի ձեւ։ «Վարդան Փարեմուզյանն է»,- ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը։ (Հիշեցնենք, որ Վ. Փարեմուզյանն այն անձնավորությունն է, որի՝ Վանաձորի ոստիկանության շենքի լուսամուտից ընկնելու (հարցաքննության հետ կապված) վերաբերյալ հրապարակումներ եղան մամուլում։ Վ. Փարեմուզյանին ուղեկցում էին մայրը, քույրը, մորաքույրը։ Նա տեւական բուժում էր ստացել հիվանդանոցում։ Իմ հարցին՝ «Դո՞ւ լուսամուտից նետվեցիր, թե՞ քեզ գցել են», Վարդանը պատասխանեց, որ չի հիշում։ «Էդ դեպքից հետո հիշողությունը կորցրել է»,- հավաստեցին հարազատները։ «Քեզ ծեծե՞լ են» հարցին դրականորեն պատասխանեցին բոլորը միաժամանակ։ «Դիմակո՞վ էին, թե՞ առանց դիմակի» հարցին էլ Վարդանի հարազատներից մեկն ասաց. «Չէ, հա, ի՞նչ դիմակ, ի՞նչ բան, շատ ազատ, դեմքները բաց էլ երեքով ծեծել են»։ Նրանք միաժամանակ տեղեկացրին, որ լուսամուտից ընկնելու օրը նույն սենյակում գտնվել են «բերման» ենթարկված 2 աղջիկներ, որոնք որպես «տույժ», ջանասիրաբար հատակը լվանալիս են եղել (բանակային տերմինով սա կկոչվեր «կոտրվել»)։ Իմ հարցին, թե ի՞նչ եղավ այն գործը, որի առնչությամբ Վարդանին կասկածանքով բերման էին ենթարկել (առանց հարազատներին տեղյակ պահելու), հարազատներից մեկը պատասխանեց. «Է, ո՞վ գիտի»։ Հիշեցնենք, որ Վարդանին մեղադրել էին վարսավիրանոցում կատարված գողության կապակցությամբ։ Դեպքերի զարգացումը՝ Վարդանի՝ լուսամուտից թռչելուց հետո, 360 աստիճանով շրջվել է։ Եթե մինչ այդ ոստիկաններն էին նրան մեղադրում, ապա այժմ մեղադրանքի սլաքը «բումերանգի» նման թեքվել է ոստիկանների ուղղությամբ, որոնք, թերեւս, ստիպված կլինեն պատասխանատվության ենթարկվել կատարվածի համար։ «Եթե ինքը լուսամուտից չթռչեր, մենք իրեն մեկ է՜լ… դատարանում կտեսնեինք»,- հայտնեցին Վարդանի հարազատները։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր