Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՌՋԵՎ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՆՔ ՏԱԼՈՒ

Մայիս 15,2003 00:00

ԱՅՍՕՐՎԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՌՋԵՎ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՆՔ ՏԱԼՈՒ Մանկապարտեզի երեխաները ստիպված կլինեն ընդօրինակել մեր ապուպապերին Այսուհետեւ որոշ համայնքների մանկապարտեզների երեխաներ ստիպված կլինեն հանդեսների ու զանազան միջոցառումների ժամանակ երգել իրենց ապուպապերի երգերը, առանց հասկանալու անգիր արած արտաբերել նրանց հորինած խաղիկները, իսկ ծեսերին ու տոներին վերաբերվել նորովի: Կոնկրետ Կենտրոն համայնքը մանկապարտեզների տնօրենների ու դաստիարակների համար մշակել է մի ծրագիր, որի հեղինակը ազգագրագետ Արուսյակ Սահակյանն է, ու պարտադրում է բոլոր մանկապարտեզներին՝ ունենալ դրանք եւ առաջնորդվել դրանցով: Բայց մանկապարտեզի տնօրենը կամ դաստիարակը, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չի ստացել, պարտավոր է այդ ծրագրերը «գնել», այսինքն՝ վերցնել համապատասխան վարչությունից ու հենց նույն շենքում պատճենահանել՝ յուրաքանչյուր էջի համար վճարելով 15 դրամ: Ի դեպ, ամեն տոնի համար նախատեսված ծրագիրը շուրջ 15 էջ եւ ավելի է: Այստեղ մանրամասն ծանոթություններ կան տոնի ու ծեսի մասին՝ դաստիարակների մտահորիզոնը լայնացնելու համար, որպեսզի միջոցառում կազմակերպելիս ամեն ինչ լինի գրագետ: Ծրագրում կան նաեւ երգեր, բեմական սցենարներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ: Իսկ մինչ այդ ասենք, որ մանկապարտեզների դաստիարակների համար Արարատյան հայրապետական թեմի կողմից մի ուրիշ ծրագիր էլ է իրականացվում: Ըստ այս ծրագրի, յուրաքանչյուր մանկապարտեզից 1-2 մանկավարժ պետք է մասնակցի տեր Ավետիսի հոգեւոր դասերին: Համայնքների կրթության վարչություններում մեզ հայտնում են, որ դասընթացներին կարող են մասնակցել նրանք, ովքեր ուզում են, եւ ոչինչ չի պարտադրվում: Սակայն դաստիարակներն ասում են, որ վարչությունը խիստ «ներկա-բացակա» է անում, եւ 2 բացակայի դեպքում սպառնում է աշխատանքից հեռացումը: Արարատյան հայրապետական թեմից մեզ հայտնեցին, որ ծրագրի իրականացումն ունի մեկ նպատակ. «մանկապարտեզների դաստիարակներին տալ կրոնական գիտելիքներ, որպեսզի որեւէ տոն կազմակերպելիս նրանք լինեն պատրաստված եւ կարողանան երեխաներին ամեն ինչ ճիշտ եւ գրագետ մատուցել: Որպեսզի դաստիարակները ծանոթանան հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի ավանդույթներին եւ իրենց փորձից ելնելով՝ երեխային փոխանցեն այնքան, որքան պետք է: Մեր շահառուները երեխաներն են, բայց կրթվողները՝ ուսուցիչները»: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի նաեւ, դաստիարակներին կրոնական գիտելիքներով զինելու շնորհիվ, երեխաներին հեռու պահել աղանդներից: Հետաքրքիր է, ինչպես կարող է դաստիարակը մի քանի ժամվա ընթացքում երեխային մոռացնել տալ այն աղանդավորական պատմվածքները, որ ամբողջ օրը նա սովորում ու ամրապնդում է իր աղանդավոր ընտանիքում: Թե որքանով են կապված այս եւ վերոնշյալ ծրագիրը, կարեւոր չէ, բայց մեջբերենք արդեն Ա. Սահակյանի կազմած ծրագրից սցենարի մի հատված, որ «Տյառնընդառաջի» տոնին երեխաները պետք է ստիպված լինեն սովորել: Պարի նկարագիրը. «Աջ ոտը (ներկայացնում ենք առանց սրբագրումների -Հ. Բ.)քայլում է դեպի աջ, ձախ ոտը քայլում է դեպի աջ, դնում է աջ ոտի առջեւը, ստացվում է ոտքերի խաչել: Աջ ոտը ձախ ոտի տակից դուրս է գալիս, քայլում է աջ, ձախ ոտը քայլում է աջ, ոտնաթաթով զարկում է աջ ոտի կողքին8230»: Այնուհետեւ՝ «բոլոր երեխաները խումբ-խումբ եւ մեծերի օգնությամբ ու գլխավորությամբ, փոքրիկ ջրամանից աջ բթարմատի փոսիկի մեջ ջուր են լցնում, մոմերը ձախ ձեռքն են առնում, նույն կլոր շրջանով կանգնում»: Այսպես՝ մի շարք գործողություններ, բայց ամենակարեւորն այն է, որ այդ ողջ ընթացքում երեխաները պետք է աշխատեն, որպեսզի իրենց բթարմատի փոսիկի ջուրը չթափվի: Կենտրոն համայնքի կրթության վարչության մասնագետ Գայանե Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե այս ծրագրերը համաձայնեցվա՞ծ են ԿԳ նախարարության հետ: «Դրանք նախարարության հետ կապ չունեն»,- եղավ պատասխանը: Սակայն կրթության նախարարության մշակած՝ մանկապարտեզների օրինակելի կանոնադրության համաձայն, վերջիններս մշտապես պետք է առաջնորդվեն ԿԳ նախարարության ցուցումներով: ԿԳ նախարարության նախադպրոցական վարչության մասնագետ Մելսիդա Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ մատնանշեց մանկապարտեզների կանոնադրության այն կետը, ըստ որի նախադպրոցական հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը, հոգեւոր ուղղվածությամբ քարոզները: «Նույնիսկ «Հայր մեր»-ը այդ տարիքի երեխան չի ընկալում: Նա կարող է անգիր անել այն, բայց դա խախտում է»: Իսկ մեր մանկապարտեզներն ունեն նախադպրոցական կրթական ծրագիր, որտեղ ներառված են մինչեւ 7 տարեկան երեխաների կրթության եւ դաստիարակության բոլոր խնդիրները: Ծրագիրը լույս է տեսել 1999 թ.՝ հաստատված Կրթության եւ գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնի կողմից: «Այն կազմված է գործին տիրապետող հեղինակային խմբի կողմից եւ ուրիշ ոչ ոք ծրագիր պարտադրելու իրավունք չունի: Շատերը կարող են ծրագիր գրել, բայց դա պետք է հաստատված լինի նախարարության կողմից եւ ունենա բարեփոխումների կենտրոնի՝ այսպես ասած՝ «դաբրոն»,- նշում է Մ. Սարգսյանը,- տխուր պատկեր է ստացվում, երբ մենք մեր ճաշակը թելադրում ենք նրանց: Մենք երեխաների վրա մեր ապուպապերի երգերը փորձարկելու իրավունք չունենք: Այսօրվա երեխայի խաղը տարբերվում է 30 տարի առաջվա երեխայի խաղից: Եվ դա բացատրվում է նրանց՝ ավելի շատ ինֆորմացված լինելու հանգամանքով: Այսօրվա երեխան անգամ փափուկ խաղալիք չի սիրում: Մենք հաշիվ ունենք տալու այսօրվա երեխայի առջեւ: Իսկ նախադպրոցական տարիքում երեխան խաղով պետք է քնի ու զարթնի, խաղով ընկալի արտաքին աշխարհը, եւ ոչ՝ այդ տաղտկալի երգերով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել