Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտը Լեւոն կդառնա՞

Մայիս 15,2003 00:00

Ռոբերտը Լեւոն կդառնա՞ «Ազատական դաշինքը» գրեթե ամեն շաբաթ ողջ կազմով մամուլի ասուլիս է հրավիրում, որտեղ հիմնական բանախոսը միշտ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է լինում եւ հիմնականում կրկնում է այն, ինչ արդեն ասել է նախորդ հանդիպման ժամանակ: ԱԻՄ նախագահը նշեց, թե քարոզարշավների ընթացքում իրենք եկել են այն համոզման, որ ժողովուրդն ընտրությունների նկատմամբ իսպառ կորցրել է հավատը, եւ օրեցօր «աճում» է նախագահական ընտրությունների նկատմամբ ժողովրդի դժգոհությունը: Հայրիկյանի սոցհարցումներով, եթե նախագահական ընտրություններն անարդար էր համարում «երեւանցիների» 62 տոկոսը, ապա ԱԺ ընտրություններին այն հասել է 75-ի: Շուրջ 400 գյուղ այցելած «Ազատական դաշինքը», ինչպես նշեց Հայրիկյանը, չի հանդիպել «գեթ մեկ իշխանանպաստ համայնքի»: «Այդ տրամադրություններն ընկալել են նաեւ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարած քաղաքական ուժերը, որոնք հանձնաժողովներում ունեցած իրենց անդամներով՝ ընտրախախտումների հիմնական դերակատարներով, փորձում են այդ համընդհանուր դժգոհությունը բեւեռացնել անձամբ Ռ. Քոչարյանի վրա եւ չոր դուրս գալ ջրից»,- Ռ. Քոչարյանի սատարողներից իր դժգոհությունն արտահայտեց Հայրիկյանը: Սակայն ԱԻՄ նախագահի դիտարկմամբ, դա փորձված գործելաոճ է. «Ժամանակին այդպես վարվեց ՀՀՇ ամենավայրագ թեւը: Նրանք, ովքեր հրապարակավ խոսում էին ժողովրդավարության դեմ՝ 100 տոկոսով էլ անցնեին՝ իշխանությունը չէինք տա, մի գիշերվա մեջ դարձան հանրապետական, ավելի ճիշտ՝ իրենց գրպանը դրեցին հանրապետականի մնացուկները եւ իրենց ազդարարեցին հայ ժողովրդի ազատարարներ ՀՀՇ-ից, մինչդեռ իրենք էին ներկայացնում ՀՀՇ գաղափարազուրկ թեւը»,- ասաց նա՝ փորձելով այս կերպ քար նետել Հանրապետական կուսակցության վրա: Նա գտնում է, որ ՀՅԴ-ից բացի, մյուս կուսակցությունները մոռացել են, թե ինչպես էին երկու ամիս առաջ «խանդավառ» ելույթներ ունենում երկրի բարեկեցության, առաջընթացի եւ այդ ամենի «հերոս» Ռ. Քոչարյանի մասին՝ պնդելով, թե «պետք է կույր լինել չտեսնելու համար» այդ զարգացումները: Հայրիկյանի հավաստմամբ, այս համընդհանուր ատելության ու դժգոհության, որը նույնն է՝ «չարի տիրապետության» մթնոլորտում անգամ «ամենազոր» անհատը դիմանալ չի կարող, եւ համոզված է, որ եթե «մարդկային» ուժերով այս հարցը «բարեկրթորեն» չլուծվի, ապա, նրա կանխատեսմամբ, սպասելի է ավելի ծանր եւ անցանկալի լուծում. «Որպես մեր պետության ապագայով մտահոգ անձ, ես իմ կողմից կցանկանայի, որ վատթարագույնը լիներ Ռոբերտի Լեւոնացումը՝ ոչ ավելին»,- «մաղթեց» Հայրիկյանը: Ի դեպ, ԱԻՄ նախագահը երեկվա ասուլիսում իր կյանքի ընթացքում տեղի ունեցած բոլոր դժբախտությունները վերագրեց հայ ժողովրդին՝ պնդելով, թե երբ իրեն աքսորել էին Եթովպիա՝ ոչ թե իրեն էին աքսորել, այլ՝ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել