ԿԸՀ-ն ընդդեմ ԸՕ-ի Խնդիրը ոչ այնքան քվեաթերթիկների ոչնչացման հնարավոր որոշումն է: Հայաստանը՝ վավերացնելով Եվրոպական կոնվենցիան, իր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել ընտրություններին առնչվող բողոքներով 6-ամսյա ժամկետում դիմել Եվրոդատարան: Հետեւաբար ՀՀ ԸՕ հոդված 44 կետ 4-ի նախատեսած «դատական վեճի առկայության» դեպքը ներառում է նաեւ Եվրոդատարան դիմելու 6-ամսյա ժամկետը, իսկ Եվրոդատարանում գործի քննության դեպքում՝ մինչեւ «վերջնական որոշում ընդունելու» ժամանակահատվածը: Օրենքի տառից ելնելիս՝ վերոնշյալ ամբողջ ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է ընտրական փաստաթղթերը իր պատասխանատվության ներքո պահել: Եթե ԿԸՀ-ն «անտեղյակությունից» ելնելով քվեաթերթիկների ոչնչացման որոշում էլ ընդունի՝ շրջանցելով նշված ժամկետները, Եվրախորհուրդը կբացատրի ՀՀ ստանձնած պարտավորությունները: Խնդիրը բոլորովին այլ է՝ նախագահական ընտրությունների աֆտերշոկերը շարունակվում են: Մինչ այժմ եղածները երեւի ծաղիկներ են, որովհետեւ առջեւում ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանն է, որտեղ որոշվելու է Եվրախորհրդին Հայաստանի հետագա անդամակցության հարցը, Դեմիրճյանը դիմում է Եվրոդատարան, ԱԺ ընտրություններում միջազգային հանրությունը ճնշում է այնպես, որ անգամ անթափանց քվեատուփերի կիրառում չարտոնվեց: Հետեւաբար, մի կողմից՝ ընտրակեղծիքների անպատժելիությունը ապահովելու մտահոգությամբ /որպեսզի կազմակերպիչների կծիկը չքանդվի/, մյուս կողմից՝ նախագահական ընտրություններում արձանագրված հանցագործությունները Եվրոդատարանի առջեւ հիմքերից հնարավորինս զրկելու նպատակով՝ Քոչարյանին հարկավոր է փաստաթղթերի ոչնչացում: Հատկապես այն ընտրական տեղամասերի փաստաթղթերի ոչնչացում, որոնք հիշատակված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ապրիլի 28-ի զեկույցում եւ ՍԴ ապրիլի 16-ի որոշման մեջ: Ի՞նչ է արվում: ԿԸՀ-ՀՀ ազգային արխիվ-Դատախազություն Բերմուդյան եռանկյունի է մտահղացվել, որտեղ ցանկացած փաստաթղթի անհետացումը «երաշխավորված» է: ԿԸՀ-ն բոլոր տեղամասային ընտրական փաստաթղթերի փաթեթները /թվով 1864/ ի պահ է տվել ՀՀ ազգային արխիվին /չշփոթել հանձնելու հետ/: Երեկ ՀՀ ազգային արխիվից հավաստիացրին /եւ՛ Ա. Վիրաբյանը, եւ՛ Ա. Հարությունյանը/, որ իրենց մոտ ոչ մի զմռսված փաթեթ չի բացվում: ԿԸՀ-ն անհրաժեշտ նկատվող որեւէ փաթեթ բացելու համար՝ այն ֆիզիկապես տեղափոխում է ԿԸՀ /ամեն դեպքում հանում է արխիվից/, հետո միայն բացում: ԿԸՀ-ից նույն վստահությամբ հաղորդեցին հակառակը՝ /Լ. Գրիգորյան/՝ ԿԸՀ ներկայացուցիչները արխիվում բացում են զմռսված փաթեթները եւ վերցնում հարկավոր փաստաթղթերը՝ բացված փաթեթը թողնելով արխիվում: Փաստաթղթերը ԿԸՀ-ին, որպես կանոն, հարկավոր են դատախազություն ներկայացնելու պատրվակով /ի դեպ քրեական գործերի գոյության պատճառաբանությամբ էլ ընտրական փաստաթղթերը մինչեւ մայիսի 11-ը չեն հանձնվել արխիվին/: Այլեւս հարկավո՞ր է շարունակել: Գուցե արժե ուղղակի հերթական հանցագործությունից ձեռնպահ մնալ: Միեւնույն է, Եվրոդատարանում պահանջվող փաստաթղթերի անհետացման քաղաքական պատասխանատվությունը կրելու է Քոչարյանը: Ինչ սցենարով էլ դա կատարվի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ