Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումների պահանջ

Մայիս 15,2003 00:00

Ստուգումների պահանջ Առանց հիմնավորման ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ իր նիստում ընդունեց օրակարգում ներառված 5 որոշումների նախագծերն ու մի բան էլ ավելի: Նախ, ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանն առաջարկեց, այսպես կոչված, գույքագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները՝ դրանց մի մասը՝ թվով 150, ֆիզիկական մաշվածության ու այլեւս անպիտան լինելու պատճառաբանությամբ համարելով անվավեր: Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը: Այն վերաբերում էր «ԸՕ» հոդված 62-ի 10-րդ կետին համապատասխան ստուգումներ անցկացնելու մասին: Ղեկավարվելով ԸՕ հոդ. 41-ի 1-ին կետի, 7-րդ ենթակետով եւ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշումը, ԿԸՀ-ն սահմանեց ստուգումներ անցկացնելու կարգ, ըստ որի, ընտրական տեղամասում քվեարկության վերաբերյալ ստուգման մասին գրավոր պահանջ կարող են ներկայացնել Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հատուկ կարծիք ներկայացրած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը եւ քվեարկության օրը սահմանված կարգով տվյալ ընտրատեղամասում ներկա գտնված վստահված անձը: Վերջիններիս կողմից ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները ստուգելու գրավոր պահանջում հիմնավորումներ նշելը պարտադիր չէ: Փոխարենը՝ նրանք կարող են ներկայացնել միայն մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերաբերյալ, իսկ ՏԸՀ անդամը ստուգում կարող է պահանջել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին հատուկ կարծիք է հայտնել: Ստուգման մասին գրավոր պահանջը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քննարկման եւ քվեարկության առարկա հանդիսանալ չի կարող: Այն իմպերատիվ է: Սույն որոշման վերջին՝ 17-րդ կետով սահմանվեց, որ Սահմանադրության «հանրաքվեի քվեարկության արդյունքների բողոքարկումը, հատուկ կարծիք ներկայացրած ՏԸՀ անդամի պահանջի դեպքում, իրականացվում է սույն կարգի համաձայն»: Բայց բանն այն է, որ օրենքով սահմանված կարգով հանրաքվեի քվեարկության դեպքում վստահված անձինք չկան, իսկ հատուկ կարծիք կարող է ներկայացնել միայն հանձնաժողովի անդամը: Այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու բողոքարկման կարգը: Օրենքով սահմանված կարգով նման իրավունք հանրաքվեի անցկացման դեպքում ունեն դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները: ԿԸՀ-ում միտում կար այդ հարցը լուծել առանձին որոշումով, թեեւ արդեն ընդունված սույն որոշման այդ կետն այլեւս ժամանակավրեպ ու անիմաստ ստացվեց, եթե չասենք, որ հետո, գուցե, նաեւ հակասությունների առիթ կարող է դառնալ: ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանի նախաձեռնությամբ, հանձնաժողովը երեկ լրացումներ կատարեց փետրվարի 27-ի երկու որոշումներում, ըստ որոնց, մասնավորապես, ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով եւ քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել ԱԺ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության կամ դաշինքի եւ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների մեկական վստահված անձ, որոնք կարող են իրար փոխարինել փոխադարձ համաձայնությամբ՝ համապատասխան նշում կատարելով տեսամասային հանձնաժողովի գործավարական մատյանում: ԿԸՀ-ն նաեւ սահմանեց տեղամասային հանձնաժողովներում մայիսի 25-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկները ստորագրելու համար վիճակահանություն անցկացնելու կարգը: Ընդունվեց նաեւ մայիսի 25-ի քվեարկությունների մասնակիցների թվերի հաշվարկման մասին որոշում, որով ԱԺ ընտրություններին եւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը ընտրական հանձնաժողովները կհրապարակեն առանձին-առանձին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031