Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՍՈՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Մայիս 15,2003 00:00

Մամուլի ազգային ակումբում «Հզոր Հայրենիքի» առաջնորդների երեկվա ասուլիսից առանձնացնենք «Առավոտի» հարցադրումները:

Նախ նշենք, որ նախորդ ընտրություններում շուրջ 3% հավաքած «Հզոր Հայրենիքի» փոխնախագահ, վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարեց, թե իրենց գնահատականներով՝ կուսակցության ընտրական վարկանիշը 7-10 տոկոս է: Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են անցկացրել այս հարցումները. հաստատ՝ ոչ Երեւանում, քանզի թեկուզ միայն փողոցների վիճակը (այլ լրագրողներ նշեցին նաեւ այգիները) բավական է, որ քաղաքացիները դեմ քվեարկեն այն ցանկին, որը գլխավորում է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

Վերջինս մինչ այդ ասուլիսում խոստովանել էր. «Ես ինքս իմ աշխատանքից եմ դժգոհ եւ ամեն օր տուն եմ վերադառնում անբավարարվածության զգացումով»: Սակայն մեր պնդումից հետո, թե դժգոհների շարքերը շատ ավելի ստվար են, պրն Նազարյանն անմիջապես նահանջեց. «Անբավարարվածության զգացումը, որ ունեմ Աստծո ամեն օր՝ չի նշանակում, որ ես շատ դժգոհ եմ իմ աշխատանքից; Դուք կարող է դժգոհ լինեք, առանձին քաղաքացիներ եւս, քանի որ բոլորն էլ ուզում են Երեւանը տեսնել ավելի լավ վիճակում, քան այսօր ունենք»: Քիչ անց էլ ինչ-որ հարցումների արդյունքներ հրապարակեց, ըստ որոնց՝ քաղաքացիների 50%-ից ավելին հավանության է արժանացնում իրենց գործունեությունը:

Թեեւ «Հզոր Հայրենիքը» կողմ է Սահմանադրության փոփոխություններին, բայց հենց հիշատակեցինք քաղաքապետարանի աշխատանքի թերությունները, Ռոբերտ Նազարյանն անմիջապես սկսեց բողոքել, թե որպես Երեւանի քաղաքապետ՝ համարժեք չեն իր կարգավիճակն ու լծակները եւ լիազորություններն ու պատասխանատվությունը. «Սկսած նրանից, որ մի տեղ 2 հարեւանների շներ իրար հետ կռվում են, մեկը մյուսին սատկացնում է՝ քաղաքապետն է մեղավոր, վերջացրած մնացած բոլոր հարցերով: (…) Այդ փոսերը ես ինքս չեմ սարքել: Քաղաքում 15 տարի շարունակ ճանապարհների կապիտալ նորոգում չի կատարվել եւ վերջին 70 տարիներին նման խստաշունչ ու ձյունառատ ձմեռ չի եղել, ինչպես այս տարի էր»: Բայց խոստացավ. «Այդ փոսերն այսօր կլցնենք՝ վաղը չեն լինի»:

Խորհրդարանի ընտրությունը միջազգային հանրության համար վճռորոշ է լինելու, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է անցկացնել բնականոն ընտրություններ: Եվ այս պայմաններում՝ մտահոգիչ է մի շարք պաշտոնյաների պահվածքը, որոնք այդպես էլ առանց կասեցնելու իրենց պաշտոնեական գործունեությունը՝ քարոզչություն են իրականացնում, թերեւս չդիմանալով վարչական լծակներն օգտագործելու գայթակղությանը: «Ընտրական օրենսգրքի» այս խախտման առնչությամբ մեր հարցադրմանը Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Շատ հարգում եմ օրենքը եւ իմ գիտակցական կյանքում աշխատել եմ երբեւիցե չշրջանցել օրենքները: Ընդմիջմանս ժամերին եւ աշխատանքից հետո իրավունք ունեմ զբաղվել քարոզչությամբ»: Մայիսի 19-ից, երբ կմեկնի մարզային հանդիպումների՝ քաղաքապետը կգտնվի արձակուրդում: Իսկ տվյալ հանդիպումը նա չէր համարում քարոզչություն, թեեւ ընթացքում հանգամանալից ներկայացրեց, թե ինչու է նախընտրել հատկապես «Հզոր Հայրենիքը», կամ ներկայացրեց իրենց ծրագրերն ու կարգախոսները, թե պիտի համագործակցեն բոլոր կառուցողական ուժերի հետ, որոնք զերծ են հեղափոխականությունից: Ի դեպ, որպես այդպիսին, մատնանշեց նաեւ ՀՅԴ-ին, որը հեղափոխական է անգամ անվամբ: «Անունը դեռ չի նշանակում, որ իր ծրագրի մեջ այն ծայրահեղական դրույթներ ունի,- չհամաձայնեց պրն Նազարյանը:- Մենք էլ ենք Հայ Դատի գաղափարը պաշտպանում՝ ես դա չեմ համարում ծայրահեղականություն»:

Անդրադարձ եղավ նաեւ իշխանամետ ուժերի հակադրություններին: Ստեփան Մարգարյանն ասաց. «Որոշակի իրավիճակներ են ստեղծվում, երբ կարծես մոռանում են, որ ամսի 25-ին ավարտվելու է այս ամենը, եւ մենք շարունակելու ենք ապրել: Չէի ուզենա՝ այսքան շիկանար: Չէի ուզենա լսել կուսակցությունների այնպիսի արտահայտություններ իրար նկատմամբ, որոնք երբեմն լսվում են»:

Իսկ Ռոբերտ Նազարյանը մեր հիշեցման առնչությամբ, թե «Հզոր Հայրենիքին» քննադատում են ՀՅԴ գործիչները, մասնավորապես ասաց. «Քննադատելուց հեշտ բան չկա: Ամենատգետ մարդն ի վիճակի է զբաղվել քննադատությամբ»:

Ի դեպ, ամիսներ առաջ Դաշնակցության պաշտոնաթերթում տեղ էր գտել մի հրապարակում, ըստ որի՝ Երեւանի փոխքաղաքապետ, «Հզոր Հայրենիքի» նախագահ Վարդան Վարդապետյանը հյուրընկալել էր Հայաստանում հաստատվել փորձող մասոններին: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ Ստեփան Մարգարյանը պատմեց, թե իրականում ինչ է եղել. «Այդ օրերին Վարդան Վարդապետյանը փոխարինում էր քաղաքապետին, որը քաղաքում չէր: Գործարարների խումբ էր եկել, որոնց ծրագրում եղել է նաեւ հանդիպում քաղաքապետի հետ: Ասում են, որ նրանց մեջ եղել են նաեւ մասոններ (ճիշտն ասած, մասոնները սովորաբար չեն ասում, որ իրենք մասոն են): Վարդան Վարդապետյանն ընդունել է նրանց իբրեւ քաղաքապետի պաշտոնակատար»: Մեր կեսկատակ առաջարկին, որ եթե սերտացնեին մասոնների հետ կապերը՝ 5%-ը հաստատ կհաղթահարեին՝ համաշխարհային կազմակերպություն է, հզոր ֆինանսական եւ այլ լծակներով՝ պրն Մարգարյանն արձագանքեց նույն տոնով. «Եթե հույսը դնենք մասոնների վրա՜… Մի քիչ շատ են համաշխարհային կառույցները Հայաստանում»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031