«ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ» Ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Որ մենք թերություններ ունենք, գիտենք, ինքներս ենք ասում, որ կիսատ-պռատ գործեր կան, ոչ ճիշտ կադրային բազայով ենք դա կատարել՝ ինքներս ենք ասում»,- ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հայտարարում է երկրի վարչապետը եւ չի խոստանում, թե անմիջապես, շուտով, հենց այս րոպեին «հակաճգնաժամային ծրագրի» շրջանակներում երկրի վիճակը լավանալու է, Արագածոտնի մարզում էլ դարձյալ նույն խնդիրներն են՝ ոռոգման եւ խմելու ջրի, պարարտանյութի, ցրտահարված այգիների, կտրված խաղողի վազերի, նպաստների, չբավարարող կենսաթոշակի եւ աշխատավարձի։ Նկատելի էր նաեւ հետեւյալը, Արագածոտնի մարզ կատարած ՀՀԿ-ի այցի ժամանակ դաշնակցական մարզպետ Հրայր Կարապետյանն Անդրանիկ Մարգարյանին եւ Սերժ Սարգսյանին դիմավորեց Աշտարակ քաղաքում, բայց մշակույթի պալատում ընթացող հանդիպմանը չմասնակցեց եւ մարզի գյուղեր չուղեկցեց հյուրերին, ինչպես այդ բանն անում են մնացած բոլոր հանրապետական մարզպետները։ Հաջորդ տարբերությունը. վարչապետի եւ պաշտպանության նախարարի այցերը «պահպանում է» Զինվորական ոստիկանությունը, իսկ դիմավորողների եւ հանդիպման մասնակիցների մեջ կարեւոր են դառնում զինկոմները։ Օգտվելով պաշտպանության նախարարին տեսնելու հնարավորությունից, մարդիկ իրենց զինվոր, ազատամարտիկ, զոհված, հաշմանդամ զավակների կամ հարազատների հոգսերն են ներկայացնում, հիմնականում խնդրանքը լինում է կամ ֆինանսական օգնության մասին, կամ աշխատատեղով ապահովելու։ Արագածավան գյուղում մի կին խնդրում էր պաշտպանության նախարարին, որ բանակում գտնվող իր որդուն առաջիկա օրերին զորացրի, որովհետեւ մյուս որդուն բանակ են կանչել մայիսի 30-ին, եւ կինն ուզում էր, որ եղբայրները գոնե մի քանի օր իրար հետ լինեին։ Պաշտպանության նախարարը խոստացավ, որ զորացրումը մայիսի 25-ից շուտ չի լինի եւ կնոջ զինվոր որդին ճիշտ մայիսի 26-ին տանը կլինի։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ամենուրեք մարդկանց կոչ է անում ունենալ հույս ու հավատ. «լինել օբյեկտիվ, տեսնել դժվարությունները եւ դժվարությունների կողքին, անշուշտ, նաեւ՝ հաջողությունները։ Իսկ ով որ ասում է, որ մեր պետության գոյության ընթացքում չենք ունեցել հաջողություններ, որ այսօր ամեն ինչ սեւ է, ես այդ մարդկանց հետ բոլորովին չեմ համաձայնում»։ Սերժ Սարգսյանն ամենուրեք հիշեցնում էր, որ պատերազմը դեռ ավարտված չէ. «այսօր էլ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, հաշտության պայմանագիր չկա կնքված, զինադադարը շարունակվում է։ Եվ, ցավոք սրտի, այս զինադադարը կարող է խախտվել տարբեր-տարբեր պատճառներով։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս է Ալիեւի առողջական վիճակը եւ եթե հանկարծ Ալիեւը մահանա, ապա ինչպես կարող են իրերը դասավորվել, եւ հնարավո՞ր է, որ սկսվեն ռազմական գործողությունները։ Իմ պատասխանը միշտ լինում է այսպիսին՝ չունենք ստույգ տեղեկություններ, շատ դժվար է կանխատեսել այն իրավիճակը, ինչ կստեղծվի Ալիեւից հետո։ Բայց այսօր, վստահ եմ, որ Ալիեւի պաշտոնավարման ժամանակաշրջանում մենք համարյա երաշխավորված ենք, որ ռազմական գործողություններ չեն լինի։ Պատճառները տարբեր են, այդ թվում՝ ադրբեջանական բանակը չունի որեւէ վստահություն, ադրբեջանական ղեկավարությունը չունի որեւէ վստահություն։ Բայց չի բացառվում նաեւ, որ Ալիեւի փոխարեն գա մի նախագահ, որը դեռեւս պատերազմից չի այրվել եւ նրա համար կարող է միշտ էլ գայթակղիչ լինել պատերազմում։ Այնպես որ, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած անակնկալի, մենք պարտավոր ենք ամրապնդել մեր անվտանգությունը։ Եվ եթե այսօր հայկական բանակը մեծաթիվ է, կարծում եմ, 5-7 անգամ ավելի, քան մեր ուժերն են ներում, սա ստիպված քայլ է, եւ խնդրում եմ, որպեսզի սա ըմբռնումով ընկալեք»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպումների ժամանակ անկեղծորեն խոստովանում է. «իհարկե, ժողովրդին խաբելը շատ լավ բան է ընտրությունների ժամանակ, բայց հետո պատասխան տալու ժամանակն է գալու։ Բայց երբ որ նաեւ դաշնակցիդ ես հարվածում, դա արդեն անընդունելի է։ Թեպետ առաջինը եւս անընդունելի է, բայց ոնց որ թե ժողովուրդն էլ է ցանկանում խաբնվել։ Կցանկանայի ձեզ կոչ անել, որ շատ ավելի իրատես լինեք խոստումների նկատմամբ»։ Իսկ դաշնակիցների հարվածներին, որոնք ըստ Հանրապետականի, հիմնականում «գոտկատեղից ներքեւ են», ՀՀԿ-ն պատասխանելու է. «պատասխանելու ենք, ուղղակի քաղաքակիրթ ճանապարհով, իրենց նման գոտիկից ներքեւ հարվածներ չեք տա, պատասխանելու ենք՝ ցույց տալով մեր եւ իրենց տարբերությունը, երկրի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ եղած վերաբերմունքի տարբերությամբ։ Պատասխանել՝ չի նշանակում կռվել, չի նշանակում՝ թշնամանալ։ Եվ այդ պատասխանելու հնարավորությունն ավելի շատ մենք տեսնում ենք ոչ թե այս 10-15 օրվա ընթացքում, այլեւ հետագա տարիների ընթացքում, մեր գործերն ի ցույց դնելով։ Կյանքը մինչեւ ամսի 25-ը չէ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ