Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼԻՏՐԱ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԵՂԵ՞Ր

Մայիս 14,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԼԻՏՐԱ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԵՂԵ՞Ր Արտաշատի թիվ 22 ընտրատարածքում առաջադրված ՀԺԿ պատգամավորության թեկնածու Արամայիս Բարսեղյանի բնութագրմամբ, իրենց ընտրատարածքի վիճակն «ահավոր, շատ ծանր է»: Ա. Բարսեղյանի հավաստմամբ, հանրապետականներն ու դաշնակցականները մեկը մյուսին հերթ չտալով Արտաշատում ընտրակաշառքներ են բաժանում: «Մի տեղ գազ են անցկացնում, մի տեղ սելիտրա ու տարբեր տեսակի բաներ են բաժանում: Իսկ «Օրինաց երկիրը» համակարգիչներ է բաժանում,- հայտարարեց ՀԺԿ թեկնածուն՝ ավելացնելով,- Արտաշատի տարածաշրջանում գոնե օրինակի համար մեկ դպրոց գոյություն չունի, որին «Օրինաց երկիրը» 2-ական համակարգիչ տված չլինի»: Վերջինիս պնդմամբ, ժողովուրդը «հակված է ընտրակաշառքներ ընդունելու, քանի որ սոցիալապես շատ վատ վիճակում է գտնվում. «Գյուղերում ահավոր է վիճակը: Այնպես չի, որ ընտրակաշառքը վերցնեն ու տվողներին ձայն չտան: Եթե ընտրակաշառք են վերցնում՝ պարտավորություն են զգում, որ իրենց ձայնը պետք է անպայման տան նրան, ով իրենց սելիտրա ու չգիտեմ ինչեր է տվել»,- ասաց Ա. Բարսեղյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետականներն ու դաշնակցականները բարոյական ճնշումներ են գործադրում արտաշատցիների նկատմամբ. «Այդ երկու կուսակցությունները գրիչներ են նախապատրաստել՝ սեւ եւ կապույտ գույնի, ու հրահանգել են, թե մեկը, ով, ասենք, 100 ձայն ապահովի, պետք է իրենց ընտրողներին կոչ անի կապույտ գրիչով նշում կատարել քվեաթերթիկի վրա ու, ասենք, քվեաթերթիկի աջ կամ ձախ մասում եւ հակառակը: Մարդու վրա այդպիսի միջոցներով բարոյական ճնշումներ են գործադրում, որ նա վաղը գնա ու քվեարկի: Դրանք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ընտրական մեխանիզմներն են, որոնց միջոցով իրենք պետք է վերահսկեն ողջ գործընթացը»: Ա. Բարսեղյանը նշեց, որ կոնկրետ Արտաշատում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միմյանց դեմ պայքարելով՝ «իրար դեմ ընտրակաշառք տալու մրցում են սահմանել»: «Եթե ՀՅԴ-ն 1 ռուբլի է տալիս, ՀՀԿ-ն տալիս է 1 ռուբլի՝ պլյուս ինչ-որ բան»,- ասաց Ա. Բարսեղյանը՝ վստահեցնելով, որ իշխանամետ այս երկու կուսակցությունների միջեւ ընտրությունների օրը լուրջ պայքար է լինելու: «Դա լավ է, բայց միեւնույն ժամանակ գերիշխող են ՀՀԿ-ի ուժային եւ մնացյալ ադմինիստրատիվ ազդեցությունները, որոնց առկայության պայմաններում անգամ ՀՅԴ-ն է անզոր պահպանել իր ձայները»,- ասաց Ա. Բարսեղյանը: Անդրադառնա լով ընտրահանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչների առատությանը, ՀԺԿ թեկնածուն հայտարարեց, որ Արտաշատի թվով 58 ընտրատեղամասերում գործող ընտրահանձնաժողովներում որեւէ ընդդիմադիր ներկայացուցիչ չկա, եւ դարձյալ պնդեց, որ ՍԻՄ-ն ու ԱԺՄ-ն նույնպես իրենց տեղերը «շնորհել» են իշխանություններին: Իսկ ինչ վերաբերում է ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե «միայն հիվանդագին երեւակայություն պետք է ունենալ նման բան ասելու համար» իր հետ Արտաշատում մահափորձ կատարելուց հետո, Ա. Բարսեղյանն ասաց. «Մարդ պետք է փաստերով խոսի. տեղերն, այո, տրված են իշխանություններին: Հանձնաժողովներում 9 տեղից 6-ը ՀՀԿ-ն է զբաղեցնում, 3-ը՝ ՀՅԴ-ն: Դա արդեն բարոյականության հարց է. փաստացի հանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչներն են ԱԺՄ-ի ու ՍԻՄ-ի փոխարեն: Կոմկուս ընդհանրապես չկա, նրանք վաղուց արդեն իրենց տեղերը բաժանել էին: Ընդհանուր առմամբ, ոչ բոլոր տեղերում են ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ն այդպես վարվել: Որոշ տեղերում ԱԺՄ-ն ընդդիմությանը տեղեր հատկացրել է, միգուցե՞ որոշ տեղերում էլ՝ ՍԻՄ-ը»,- ասաց Ա. Բարսեղյանը, որի թեկնածությունը հիշյալ կուսակցությունները չեն սատարում: Նույն վիճակն է նաեւ թիվ 10 ընտրատարածքում. այստեղ ՍԻՄ-ը սատարում է ոչ թե «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի թեկնածությունը, այլ՝ Սամվել Ավետիսյանի, որին, ի դեպ, սատարում է նաեւ ՀՀԿ-ն: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել