«Սփյուռքում լուրջ գրականություն չկա» Վերջերս Երեւանում էր բուլղարահայ գրող, Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը։ «Հիշողությունը նման է ջրի, կլանում է այն ամենը, ինչ կատարվել է ժամանակի մեջ։ Օրերից մի օր միշտ էլ գտնվում է մեկը, որպեսզի արեւերես հանի այն, մաքրի տիղմից եւ փայլեցնի, ու հիշողությունը լույս է տալիս վերստին»,- կարծում է Սեւդա Սեւանը։ Նրա ստեղծագործություններում վերակենդանացած հիշողություններ են։ Վեպերում փորձել է կանչել «դեմքերի, որոնք վաղուց սիրելի չեն ոչ ոքի»։ Բայց գրողը համոզված է, որ «մեռածներն իրեն կասեն ճշմարտությունը», դրա համար էլ փորձել է ապրեցնել նախնյաց քաղաքը՝ Ռոդոսթոն։ Իր Դավիթ պապի քաղաքը առաջին անգամ այցելել է 6 ամիս առաջ, երեք օրով. «Վախենում էի, որ մեծ ցավ կզգամ, բայց հակառակը, հիացմունք ապրեցի, հասկացա, որ տանն եմ։ Չէ՞ որ Ռոդոսթոյում շուրջ 500 տարի հիմնականում հայեր են ապրել։ Իսկ հիմա այնտեղ ընդամենը փակ դռներ են մնացել՝ Մարմարայի ափերին։ Հայկական գերեզմանոցներից հետք անգամ չկա։ Սուրբ Գեւորգ եկեղեցու տեղում ինչ-որ պետական շենք է՝ թուրքական դրոշը վրան»։ Սեւդա Սեւանի «Ռոդոսթո, Ռոդոսթո», «Ինչ-որ տեղ Բալկաններում» վեպերի շարունակությունը դարձավ վերջերս լույս տեսած «Դեր Զորը»։ Նրա վրա հեղինակը սկսել է աշխատել 1978 թվականից։ Պատմում է պապի մասին, որը կորցնելով ընտանիքը, հասել է Դեր Զոր, փրկվել, հետագայում նորից ամուսնացել։ Վեպն իրականում ոչ թե գրողի պապի, այլ հարյուր հազարավոր հայերի ճակատագրի մասին է. «Գիրքը դեռ չսկսված ու նոր սկսվող ջարդի մասին է։ Ցեղասպանության ընդունումը առաջին հերթին ոչ թե մեզ, այլ ողջ մարդկությանն է պետք։ Մարդկության խիղճը պետք է մաքուր լինի»։ Արձակագիրը ցավով խոսեց նաեւ ժամանակակից հայ գրողների անապահով վիճակի մասին։ Թեեւ ծանոթ չէ նրանցից շատերի ստեղծագործություններին, սակայն համոզված է, որ նման պայմաններում լուրջ գրականություն դժվար թե ստեղծվի։ «Հայաստանում էլ, Բուլղարիայում էլ գրողները ստիպված զբաղվում են ուրիշ գործերով՝ օրվա հացը ապահովելու համար։ Իսկ գրականությունը, մանավանդ արձակը, հատուկ կենտրոնացում է պահանջում»,- կարծում է գրողը։ – Ինչպիսի՞ն է բուլղարահայ գրականությունը՝ ձեր գնահատմամբ։ – Բուլղարահայ գրականություն այսօր, կարելի է ասել, չկա։ Գրում են, ցավոք, ոչ հայերեն։ Առհասարակ, Սփյուռքում լուրջ գրականություն կամ չկա, կամ շատ քիչ է։ Հայը օտար հողում եթե կարողանա լեզուն էլ պահել, մեծ բան է։ – Դուք Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն եք։ Ի՞նչ է արվում Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերը սերտացնելու ուղղությամբ։ – Երկու աղքատ պետությունների միջեւ մշակութային կապերը սերտացնելու համար գումար է անհրաժեշտ։ Հայ մշակույթը Բուլղարիայում ավելի շատ է ներկայացված, քան բուլղարականը՝ Հայաստանում։ Մտադիր ենք աշնանը Հայաստանի մշակութային օրեր կազմակերպել Բուլղարիայում։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի է Սեւդա Սեւանը այսօրվա Հայաստանի մասին. «Ես դիվանագետ եմ, որեւէ կուսակցության չեմ պատկանում։ Միջազգային օրենքներով դիվանագետն իրավունք չունի քաղաքականությանը խառնվել։ Նախագահական ընտրություններ են եղել, առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ են, բայց ինձնից դրանց վերաբերյալ որեւէ բառ չեք կարող պոկել»։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ