Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԸ, ՈՐՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ

Մայիս 14,2003 00:00

ԶԵՆՔԸ, ՈՐՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ 2003թ. մարտի 5-ի ուշ երեկոյան «Հայլուր» լրատվական թողարկմամբ հայտարարվեց, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Ցուցադրվող կադրերի շարքում էր ՏՏ ատրճանակը, որի վրա կային հետեւյալ տառերը եւ թվերը՝ ՏՏ 265 50 չ: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրանը սպանվել է հենց այս ատրճանակով: Սկզբում իրավապահ մարմինների գործողությունները միտված էին նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած ատրճանակը հայտնաբերելուն: Իրավապահ մարմիններում տվյալ զենքի օգտագործման վերաբերյալ որեւէ տեղեկություն չկար: Այսինքն, այդ զենքով կատարված որեւէ հանցագործություն Հայաստանի իրավապահ մարմինները չեն գրանցել: Այդ զենքով Հայաստանում առաջին անգամ են մարդու վրա կրակել: Համենայնդեպս, իրավապահների տեղեկությունների բազայում այն գրանցված չէր: Մենք փորձեցինք պարզել, թե ընդհանրապես ՏՏ ատրճանակով քանի՞ հանցագործություն է կատարվել Հայաստանում: Նման տեղեկություններ ոստիկանությունը չուներ: Ոստիկանության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մատինյանը հայտնեց, որ իրենք նման հաշվառում չեն կատարել եւ չեն կարող ասել, թե հրազենով կատարված հանծագործությունների քանի տոկոսն է կատարվել ՏՏ ատրճանակով: Իսկ թե ինչու նման վերլուծություններ չեն կատարվում ոստիկանությունում՝ անհասկանալի է: Փոխարենը ստացանք հետեւյալ տեղեկությունները՝ 1993-2002թ.թ. հրազենով կատարված հանցագործությունների թիվը 828 է: «Մաուզեր» մակնիշի ատրճանակի 7,63 մմ փամփուշտի հիման վրա 1930 թ. Խորհրդային Միությունում ստեղծվեց 7,62 մմ փամփուշտով ատրճանակը, որը 1931-ից արդեն արտադրվում էր: «Մաուզերով» կարելի է կրակել նաեւ ՏՏ-ի 7,62 մմ փամփուշտները: Բանակում այն անվանվեց «7,62 մմ ՏՏ ատրճանակ»: ՏՏ-ն նշանակում է Տուլա, Տոկարեւ: Խորհրդային Միությունը արտադրել է 1 մլն 700 հազար ՏՏ ատրճանակ: Այն նաեւ արտահանվել է մի շարք երկրներ: Այդ ատրճանակը Եվրոպայի եւ Ասիայի 30 երկրների բանակներում սպառազինության մեջ էր: Արտադրելու լիցենզիա ստացան նաեւ Հարավսլավիան, Հունգարիան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Լեհաստանը: Այսօր էլ Չինաստանը եւ Լեհաստանը արտադրում եւ արտահանում են այդ ատրճանակը: 1951 թ., երբ խորհրդային բանակ մտավ 9 մմ «Մակարով» ատրճանակը, ՏՏ-ն հանվեց սպառազինությունից: Սակայն երկար տարիներ, խորհրդային զորքերի որոշ ստորաբաժանումներում դրանք դեռ մնում էին: ԱՊՀ երկրներում այն մնացել է Խորհրդային Միությունից: Էժան եւ հզոր լինելու պատճառով ՏՏ172ն լայնորեն օգտագործում է հանցագործ աշխարհը: ԱՊՀ-ի երկրներում ատրճանակների օգտագործմամբ գրանցված հանցագործությունների 30-35 տոկոսի դեպքում գործի են դրվել հենց ՏՏ ատրճանակները: Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կա զենքի սեւ շուկա: Մեր ունեցած տվյալներով, ՏՏ ատրճանակը կարելի է ձեռք բերել 500 դոլարով: Դրանք բերվում են դրսից՝ մաքսանենգ ճանապարհներով: Բավականին մեծ թվով ատրճանակներ մարդկանց մոտ հայտնվել են նաեւ ղարաբաղյան պատերազմից: Տ. Նաղդալյանի սպանության համար գործածված զենքի համարը ցուցադրվեց «Հայլուր» ծրագրով՝ մարտի հինգին: Դատախազության տարածած մի հաղորդագրութամբ, զենքը Տիգրանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանին եւ Ֆելիքս Առուստամյանին է հանձնել Գագիկ Շահբազյանը: ՏՏ-ի հետ եղել է նաեւ «Մակարով» մակնիշի ատրճանակ եւ 8 փամփուշտ: Իսկ որտեղից Շահբազյանին ՏՏ զենքը: Մեզ առայժմ հայտնի չեն քննության արդյունքները: Ինչ է պատասխանել Շահբազյանը քննիչների հարցերին՝ չգիտենք: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հայտնի տեսաժապավենում Ապերը՝ Հովհաննես Հարությունյանը ասաց, որ զենքը ինքն է տվել: Իսկ քննիչի հարցին՝ որտեղից, պատասխանել է՝ դրսից: Զենքի պատկանելության հարցը կարեւոր է եղել գործի քննության ընթացքում: Ու՞մ էր պատկանում զենքը: Կիլլերներն առանց զենքի են եղել, զենքը նրանց տվել են գործողությունից առաջ: Սա էլ անհասկանալի է, երբ մարդասպանը գործողության է գնացել, առանց զենքը ստուգելու: Համենայնդեպս, «նորմալ» կիլլերներն այդպես չեն գնում մարդ սպանելու: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել