Ո՞ւմ կհասնի 45 մլն դոլարը Նախորդ երկու օրերի ընթացքում Երեւանում գումարվել է տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։ Ամփոփելով այդ աշխատանքները, երեկ լրագրողների հետ հանդիպեցին՝ հայկական կողմից ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին Թոմաս Ադամսը՝ աշխատանքային խմբի անդամ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Իբրեւ նիստի աշխատանքներն ամփոփող գործնական քայլ, վերջիններս «Գառնի» տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վահե Գյուլզադյանի հետ համաձայնագիր ստորագրեցին։ Ըստ դրա, կենտրոնի զարգացման համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից կտրամադրվի 275 հազար դոլար դրամաշնորհ։ Իսկ առհասարակ, ըստ դեսպան Օրդուեյի. «Մենք ուսումնասիրում ենք, թե Հայաստանում որ ճյուղերը պոտենցիալ ունեն՝ դրանք էլ կդառնան կոմերցիզացիայի ենթակա օբյեկտներ»։ Խոսքը ինտելեկտուալ, գիտական պոտենցիալ ունեցող ոլորտների մասին է։ Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը, բնականաբար, այսպես ասած, առաջ է քաշել իրեն հետաքրքրող հարցերը։ «Իսկ հայկական կողմին ի՞նչն էր հետաքրքրում» հարցին ֆինանսների նախարարը կոնկրետ պատասխանեց՝ «ամեն ինչ»։ Մանրամասնելով, նախարարը թվարկեց ոլորտների մի ողջ պարբերություն՝ սկսած խորհրդատվությունից մինչեւ ԱՄՆ կառավարությանը 45 մլն դոլարի պարտքը, որն այս տարվանից արդեն պետք է սպասարկվի։ Ի դեպ, վերջինիս առիթով Համաշխարհային բանկը մեր կառավարությանն առաջարկել է «լեզու գտնել» ամերիկացիների հետ եւ պարտքը վերադարձնելու փոխարեն բնապահպանական ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Սակայն ֆինանսների նախարարը, ի զարմանս իրեն, հայտնաբերել է, որ «պարզվում է, Ամերիկայում օրենքներ կան»։ Սույն օրենքներով նման միջոցառումների համար երեք բացառություններ են թույլատրելի, որոնցից «ոչ մեկի մեջ Հայաստանը չընկավ», նկատեց Վ. Խաչատրյանը։ Բայց վերջինս հայավարի խոստացավ՝ «բանակցությունները կշարունակենք եւ հույս ունենք, որ կստացվի»։ Ամերիկյան կողմը տեղեկացրեց նաեւ, որ մեր երկրին օգնությունների բյուջեն կրճատվել է։ Այս հանգամանքը բացատրվեց Հայաստանի «գերազանցիկությամբ»։ Օրինակ բերելով իրենց «շրջանավարտ» երկրներին, նաեւ՝ մեզ հույս տալով, ամերիկացիները նկատեցին, որ մի օր այդ բյուջեն ընդհանրապես չի լինի, որովհետեւ կարիքը չի լինի։ Մինչդեռ ամերիկյան կառավարությունը մի նոր ծրագիր է սկսելու իրականացնել՝ 5 մլրդ դոլար տրամադրելով աղքատ երկրներին։ Պարոն Վարդան Խաչատրյանը հպարտորեն տեղեկացրեց, որ «մենք ամեն ինչ կանենք այդ չափանիշներին բավարարելու եւ այդ 5 մլրդ-ից մեր փայը կունենանք»։ Այս գերազանցիկության համար ամերիկացի պաշտոնյաները գովեստի խոսքեր շռայլեցին մեր նախարարին։ Իսկ հայ-ռուսական առավել հաջողված սիրախաղերին ամերիկացիները խանդով չեն վերաբերում։ Համենայնդեպս, պարոն Ադամսը փաստեց, որ իրենք ուրախ են «որ պարտքերը փակել եք»։ Ավելին՝ «Ռուսաստանը մեր թշնամին չէ, նրան էլ ենք օգնում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ