Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն անլո՞ւրջ է

Մայիս 14,2003 00:00

Գալուստ Սահակյանն անլո՞ւրջ է Ժուռնալիստների միությունը երեկ հանդիպման էր հրավիրել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին: «Մենք գոհ ենք քարոզարշավի ընթացքից»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Զանգվածային լրատվամիջոցների կողմից նախընտրական արշավի լուսաբանումից նա բողոքներ ու դժգոհություններ նույնպես չուներ. «Յուրաքանչյուրն իր գործը կատարում է իր հնարավորության, իմացության, գիտակցության, պատասխանատվության չափով»: Աղվան Վարդանյանը գոհ է նաեւ սոցհարցումներում ՀՅԴ ցուցանիշներից. «Մենք առաջինների շարքում ենք եւ կարծում ենք, որ այս տեմպերով շարունակելու դեպքում՝ Դաշնակցությունն իսկապես հաջորդ Ազգային ժողովում ունենալու է շատ ավելի ծանրակշիռ ներկայություն»: «Միասնություն» խմբակցության ղեկավարի հայտարարության կապակցությամբ, որ եթե Դաշնակցությունը մեծամասնություն ունենա ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մարմիններում՝ ուղղակիորեն կվտանգվի երկրի կայունությունը, քանի որ որեւէ քաղաքական ուժ չի ցանկանում աշխատել մեծամասնություն ունեցող Դաշնակցության հետ, Աղվան Վարդանյանն ասաց. «Նախ, մենք ավելի իրատես ենք, քան այլ կուսակցություններ, եւ չենք կարծում, թե բացարձակ մեծամասնություն ենք ունենալու բոլոր ոլորտներում: Բայց նույնիսկ պատրաստ ենք այդ պատասխանատվությանը: Դաշնակցության իշխանության գալու եւ ամբողջական մեծամասնություն ունենալու դեպքում՝ ընդհակառակը, ե՛ւ համագործակցողները շատ կլինեն, ե՛ւ կայունությանը որեւէ վտանգ չի սպառնա»: Գալուստ Սահակյանի մեկ այլ հայտարարության առնչությամբ, թե «ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ն իրենց պահում են կուրտիզանուհիների նման` ցանկանալով բավարարել ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ժողովրդին», Աղվան Վարդանյանն ասաց. «Եթե դա լիներ Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ես այլ կերպ կխոսեի, իհարկե: Բայց ճանաչելով Գալուստ Սահակյանին, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկն է՝ ե՛ւ անձը, ե՛ւ կենսակերպը՝ ուղղակի լուրջ չեմ վերաբերվում նման գնահատականներին: Եվ կարծում եմ՝ սա նաեւ, մի տեսակ, պրն Սահակյանի ցանկությունների դրսեւորումն է»: Ըստ նրա, «Գալուստ Սահակյանը, թերեւս, չի կարողացել ընկալել ՀՅԴ-ի ծրագրերը, մոտեցումները, գաղափարախոսությունը»: «Վստահ ենք, որ մեր որդեգրած՝ միավորող սկզբունքների շուրջ համագործակցությունը շատ ավելին է, քան պրն Սահակյանի դատողությունների աստիճանը»,- ավելացրեց ՀՅԴ ներկայացուցիչը: Ի դեպ, նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն պաշտպանում է մեծամասնականով առաջադրված ՀՅԴ ներկայացուցիչներին՝ Արմեն Ռուստամյանին ու Մարտուն Մաթեւոսյանին. «Կան բազմաթիվ տարածքներ, որտեղ Դաշնակցությունն է աջակցում հանրապետական թեկնածուներին: Այստեղ մեծ պրոբլեմներ չեմ տեսնում: Թեեւ որոշակի լարվածություն, մրցակցություն, բնականաբար, կա ընտրական այս փուլում»: Աղվան Վարդանյանի խոսքերով, նախագահական ընտրություններին Դաշնակցությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին՝ վստահ, որ երկրում անհրաժեշտ ու հնարավոր են փոփոխություններ, եւ դրանք կարելի է իրականացնել հենց այս նախագահի պաշտոնավարության օրոք: «Իհարկե, մենք գիտենք, որ հասարակության մեջ կա հսկայական մի շերտ, որը դժգոհ է ներկա իրողություններից, եւ նրանք այլ ընտրություն կատարեցին: Հարյուր հազարավոր մարդիկ են նրանք: Բայց ես վստահ եմ, որ այս լարվածությունը մեղմանալու է»: Փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում նաեւ ընդդիմությունը, սակայն, ըստ բանախոսի, «ամեն ինչ քանդելու եւ զրոյից սկսելու սկզբունքով»: «Նման փոփոխությունները զուտ հողից կտրված, անիրատեսական եւ իրենց կողմից անիրագործելի փոփոխություններ են»,- պնդեց Վարդանյանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել