ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՈՒՐ ԲԱԶՈՒԿԸ ՉԷ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ Սա է երազում Դաշնակցությունը, որը երեկ կայացած հանրահավաքում արձանագրեց. «Ընտրությունները կարծես սկսում են թեժանալ»: Ամիսներ առաջ նույն՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից հրապարակում ՀՀԿ անդամների հետ կողք կողքի կանգնած դաշնակցականները քարոզչություն էին անում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հատկապես տպավորիչ էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ելույթը, որը տեղացող ձյան տակ բացականչում էր. «Քոչարյանի ընտրությունը պետք է, ինչպես այս ձյունը… հողագործին»: Այժմ հանրահավաքային իր ելույթում Վահան Հովհաննիսյանն ակնարկներով կարծես փորձում էր բացատրել, թե ինչու սրվեցին իրենց դաշնակից հանրապետականների հետ հարաբերությունները, որոնց հետ վերջին օրերին հասցրին փոխանակել «կուրտիզանուհիներ», «քաղաքական կուրտիզաններ» կարգի փոխադարձ հաճոյախոսություններ. «Ինչ էլ լինի՝ ընտրությունները միշտ էլ մրցակցություն են, գաղափարների բախում, տեսակետների պայքար, ու միշտ էլ այդ պայքարը կարող է թեժանալ: Եվ մենք միշտ էլ ողջունում ենք ցանկացած պայքարի թեժացում այն ժամանակ, երբ այդ պայքարը մրցակիցների՝ մարդկանց միջեւ է, որոնք տեսնում են Հայաստանի լուսավոր ապագան եւ վիճում են այդ ապագային հասնելու ճանապարհների մասին»: Թերեւս ապարդյուն է վիճարկելը, թե որքանով է «ճանապարհների» շուրջ բանավեճի նմանվում վերոհիշյալ բնութագրումներով զրույցը, կամ՝ երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթում հրապարակվում են այսօրինակ հարցադրումներ. «Կլանային համակարգի եւ կաշառակերության նկատմամբ իր անհաշտ վերաբերմունքով հանդերձ՝ ՀՅԴ-ն չի խորշում մասնակցել ԱԺ եւ կառավարության աշխատանքներին, ուր, փաստորեն, կենտրոնացած են այդ ուժերը: Համակերպո՞ւմ չէ դա արդյոք»: Սակայն երեկ Դաշնակցության գործիչները դաշնակիցների հասցեին բավարարվեցին միայն ակնարկներով: «Մենք նկատում ենք, որ մեր արդար խոսքը որոշ դեպքերում ջղագրգիռ պատասխանի է արժանանում,- ասաց Վահան Հովհաննիսյանը:- Հայաստանում այսօր, ցավոք սրտի, հաճախ ոչ թե գաղափարներ են բախվում, այլ մարդիկ, ոչ թե տեսակետներ, գաղափարախոսություններ եւ քաղաքական ուղիներ, այլ մարդկանց խմբեր, որոնք ունեն իրենց շահերը: Եվ այդ բախումը քաղաքական բնույթ չի կրում»: Եթե փորձենք վերծանել այս ակնարկները՝ կստացվի, թե բանավեճը ոչ այնքան ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի, որքան ՀՅԴ-ի ու թերեւս Սերժ Սարգսյանի միջեւ է: Այդ ճամբարին ՀՅԴ Բյուրոյի անդամը վերագրեց «ընդհանրապես ոչինչ չփոխելու, ամեն ինչ հանգիստ ու անդարդ պահելու տիրող տրամադրությունը: Եվ ջղագրգռություն է առաջանում, երբ հանկարծ Դաշնակցությունն իր պաստառի վրա գրում է՝ «Փոխենք մեր կյանքը»: Կան մարդիկ, որոնք չեն ուզում փոխել մեր կյանքը, քանի որ իրե՛նց կյանքը լավ դասավորված է: Բայց ձե՞րը»: Նկատենք, որ հանրահավաքի եկածները հիմնականում հենց Դաշնակցության ներկայացուցիչներն էին, ու Վահան Հովհաննիսյանը նրանց կոչ արեց. «Այդ մարդկանց քարոզչության ժամանակ նույն հարցը տվեք՝ ո՞ւր էիր Տեր-Պետրոսյանի ժամանակ, տղա՛ ջան, կուսակցությո՛ւն ջան: Ու կտեսնեք, որ նույն տաքուկ տեղում էին»: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀԿ-ն «Հանրապետություն» միավորման մեջ էր, իսկ Սերժ Սարգսյանը գլխավորում էր ուժային նախարարությունները, դրանցից մեկում բացահայտելով բռնի միջոցներով իշխանափոխություն իրականացնելու Վահան Հովհաննիսյանի եւ նրա 30 ընկերների ծրագիրը: Իսկ այժմ անհնար էր նաեւ ՀՀԿ «Ապավինենք մեր մտքին ու բազկին» կարգախոսը չհիշել, երբ պրն Հովհաննիսյանն ասում էր. «Մենք ուզում ենք մաքուր խորհրդարան, որտեղ հնարավորին չափ քիչ են թափանցում եւ քիչ են ձգտում կիսահանցագործ տարրերը, որտեղ ոչ թե փողն է դերակատար, այլ գաղափարը, խելքն ու կրթությո՛ւնը, ոչ թե ուժն ու բիլակը»: Նաեւ կոչ արեց. «Եվ թող չվախենա՛ն «կադրային փոփոխություն» արտահայտությունից՝ այն արդարացված է»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում նույնպես ասաց, թե թող որեւէ կադր իրեն ապահովված չզգա, եթե ձախողել է ոլորտը. «Ով ուզում է լինի՝ դաշնակցական կլինի, հանրապետական կլինի՝ եթե իր գործը հաջողում է՝ պիտի մնա ու շարունակի, իսկ եթե չի հաջողում՝ պիտի զիջի իր տեղը»: Արմեն Ռուստամյանը նաեւ հայտնեց. «Մեզ հաճախ են ասում՝ ինչո՞ւ պաշտպանեցիք Ռոբերտ Քոչարյանին: Մենք այն կուսակցությունը չենք, որ պաշտպանենք, հետո ասենք՝ չենք պաշտպանել: Այո՛, պաշտպանել ենք ու գիտենք, թե ինչի համար ենք պաշտպանել, քանի որ 1998-ին մենք կանխել ենք կործանարար ընթացքն այս երկրի: Եվ սա ասում ենք բաց ճակատով: Կանխել ենք, քանի որ մեր երկրի ուղեգիծը գնում էր դեպի ապազգային ճանապարհ: Մենք շեղվել էինք մեր ուղեգծից, մեզ ուզում էին տանել, մեր հաղթանակները մեր ձեռքից առնել»: Ի դեպ, հիշեցնենք, որ 1998-ի իշխանափոխության առավել վճռորոշ դերակատարը ոչ այնքան ՀՅԴ-ն էր, որքան նույն Սերժ Սարգսյանը: «2003-ին էլ պաշտպանեցինք, քանի որ շատ լավ տեսնում էինք, որ վտանգ կա նորից շեղելու մեր ուղուց: Ուղին բռնած էր ճիշտ՝ կարող էր ամեն քայլին այդ ուղին շեղվել ռեւանշիստական ուժերի կողմից: ՈՒժերի, որոնք այս երկիրը հասցրել են այս վիճակին՝ նրա՛նք են դարձել ընդդիմություն եւ պահանջում ջոկել ճիշտն ու սխալը: Ի՞նչ իրավունքով»: Դաշնակցության քննադատության մշտական «թիրախ խմբում» է նաեւ ընդդիմությունը: Ասենք, թեեւ նախկին դաշնակցական Գառնիկ Իսագուլյանից բացի, կարծես ոչ մի այլ քաղաքական գործիչ վերջին տարիներին կախելու կոչեր չի արել՝ երեկ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մենք լսում ենք ամեն ինչ քանդելու, ջարդելու, ոչնչացնելու ու կախելու կոչեր, որոնք մեկ-մեկ լսվում են այն ճամբարից, որտեղից շատ հաճախ լսում ենք «արդարություն» բառը»: Ընդհանուր առմամբ՝ ընդդիմությանն ավելի քիչ ակնարկներ բաժին հասան, քան Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում Դաշնակցության գործընկերներին, որոնց հետ կարծես ոչ մի կերպ չի հաջողվում կիսել նույն կարկանդակը: Իսկ պրն Քոչարյանին էլ թերեւս ձեռնտու է այս արհեստական լարվածությունը՝ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ