Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղակադեմիան պարգեւատրեց իր շրջանավարտին

Մայիս 13,2003 00:00

Գյուղակադեմիան պարգեւատրեց իր շրջանավարտին Երեկ Գյուղատնտեսական ակադեմիան հյուրընկալել էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանին, Ոսկեգործների եւ ադամանդագործների տնօրենների խորհրդի նախագահ (ՀՌԱԿ համամասնական ցուցակով առաջադրված) Գագիկ Աբրահամյանին եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանին։ Մինչ հյուրերի ժամանելը, Գյուղակադեմիայի դահլիճում եռուզեռ էր։ Ռեկտորատը ջանք չէր խնայել այն լցնելու համար։ Բուհի մի աշխատակից, հավանաբար պարետը, փորձում էր նույնիսկ առաջին շարքում նստած լրագրողներին «տեղահան» անել, պատճառաբանելով՝ «ստեղ ղեկավարությունն ա նստելու»։ Իսկ ռեկտորը, հյուրերի հետ միասին, ի հակառակ ղեկավարության տեղերի համար «պայքարող» պարետի ջանքերի, բնականաբար նստեցին բեմի աթոռներին։ Շուրջ 15 րոպե Գյուղակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը փառաբանեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին, որը ագրոնոմիայի ֆակուլտետի 1989թ. շրջանավարտն է եղել։ Այնուհետեւ նրան պարգեւատրեց Գյուղատնտեսական ակադեմիայի ոսկե մեդալով՝ «Գյուղատնտեսությանը մատուցած ու մատուցելիք ծառայությունների համար»։ Ա. Աբրահամյանն էլ խոստովանեց, որ բուհի նման բարձր պարգեւը պարտավորեցնում է «ավելին անել, որպեսզի գոնե մի փոքր հեշտանան այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները»։ Նա նշեց, որ իրեն եւ ՀՌԱԿ-ին միավորում են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ստեղծման ծրագրերը։ ՀՌԱԿ ատենապետ Ռ. Միրզախանյանն էլ նշեց, որ կուսակցության եւ ՌՀՄ-ի այս հանդիպման արդյունքում արդեն ուրվագծվել են համագործակցության հիմնական ուղղությունները։ Նա տեղեկացրեց, որ մայիսի 19-ին Հայաստան կժամանեն ռուսաստանցի շուրջ 100 գործարարներ ու կառավարության անդամներ՝ մասնակցելու հայ-ռուսական առաջին բիզնես -ֆորումին։ Ռ. Միրզախանյանը մի դիտարկում արեց, որով փորձեց տարբերել իրենց կուսակցությունը մյուսներից. «Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ընդամենը ուզում են, մենք՝ կարող ենք, որովհետեւ միասին ենք Սփյուռքի խոշորագույն գործարարների ու Արա Աբրահամյանի հետ»։ Ելույթ ունեցան նաեւ Ա. Աբրահամյանի դասախոսները։ «Դու բոլորից տարբերվում ես, նմանակդ չկա, սիրելի Արա»,- այսպես բնութագրեց նրան ԳԱԱ ակադեմիկոս Վռամ Դովլաթյանը։ 2-րդ կուրսեցի Արմինե Աբրահամյանը բոլոր ուսանողների անունից խոստացավ հետեւել Ա. Աբրահամյանի օրինակին՝ «իր գիտելիքները ծառայեցնել ի նպաստ բազամաչարչար Հայաստան երկրի բարօրության»։ Հուզումնառատ մաղթանքներով Արմինեին չէր զիջում ուսխորհրդի փոխնախագահ Արա Հովհաննիսյանը։ Նա առանձնահատուկ շնորհավորեց ՌՀՄ նախագահին «բարձր մրցանակի արժանանալու կապակցությամբ» (նկատի ուներ պարգեւը- Գ. Հ.), այնուհետեւ խնդրեց աջակցել, որ Գյուղակադեմիայի մագիստրանտները արտադրական պրակտիկան անցկացնեն ՌԴ ձեռնարկություններում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել