Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մայիս 13,2003 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից Հաշմասայլակներին գամված, ցավազրկող դեղի պակասությունից գիշերները ոռնացող եւ «անջատված լուսի» պակասությունից մթության մեջ խարխափող մեր ազատամարտիկներին, թիկունքի ծանրությունն իր ուժահատ-պրկված ուսերին առած մեր ռամիկներին, սահմանապահ գյուղերի մեր ռանչպարներին, ազատամարտի որբացած մեր մանչուկներին ու մեր այրիներին, նահատակ զինվորների սպիտակած մազերով մեր մայրերին, նախահարձակ թուրքին հա՜ լացացնող մեր որձ տղաներին, թշնամուն ծնկի բերած մեր ամուր ու վստահելի բանակին, բանակի գլուխ կանգնած մեր ազդու ու պինդ այրերին, Եռաբլուրի ու եղբայրական գերեզմանի եւ բոլո՜ր անհայտ-հայտնի գերեզմանների վերեւից մեզ տեսնող ու մեզ վրա թեւածող պայծառ մեր ոգիներին. ողջունում ու շնորհավորում եմ՝ Հաղթանակը մերն է ու մեր Շուշին մերն է։ ՀԵՂԻՆԱԿ … Ու մի օր Հովսեփն ինքն-իրեն՝ խրամատից վերեւ, դիք-ժեռոտ բարձունքը հաղթահարել, հյուղակի վառարանի վերեւ հանած, հողում թաղված֊մեծ քարերի ելուստների արանքում թաքնված, ծուխ ու մուխ հանող վառարանի փողին հասել եւ… ուրախացած գոռգոռում էր, ուրախացած բղավում ու 42-ամյայի իր տարիքն ու ամեն մի զգուշություն մոռացած, տղեկի ուրախություն էր դրել բարձունքին-խրամատում նստած տղաների ու, հավանաբար, հեռվից նայող թուրքի նշանառուի նշացույցի տակ։ Ու, հիմա շփոթված֊ուրախ172կմկմալով բացատրում եւ ավելացնում էր, պատմում ու ճշտում էր՝ ուզում էի տեսնեի… վառարանի փողի համար… տղերքն ինչքա՞ն են չարչարվել, էդքան խորությունը ո՞նց են ծակել ու հորել էդքան քարքարոտ ու ժեռոտ թումբը, անտեսանելի ո՞նց են հարմարեցրել… Եվ, եթե փողի տաքությունը չլիներ, երեւի ձմռան էս ցրտին դուրս չգային, ու եթե չբարձրանայի, երեւի՝ չտեսնեինք. այդպես էլ դուրս կգային, կծաղկեին ու աչքից հեռու, իրենց ժամանակի հետ ու կյանքի տեւողությամբ-մեկ֊երկու ամսից կթոռոմեին-կչորանային։ Իսկ հիմա էս ձմռան ցրտին էդքան՝ սիրուն, մաքուր, նոր օդի պես-գարնանային տեսնում ենք… Եվ տղաները, հավանաբար, հեռվից հսկող թուրքի նշանառուից ու հեռադիտակով նայող թուրքերից չխոցվելու-չգնդակահարվելու համար, ամեն մի զգուշություն բանեցնելով, գլուխները քարերի տակ պահ տալով, հա֊հա՛ խփվելու վախը փորներում պահած, մեկ առ մեկ ու հերթով փորսող տալով հյուղակի տանիք-ժեռոտ բարձունքը բարձրանում ու Հովսեփի ցույց տված ծաղիկները տեսնում ու կռանում ու հոտ քաշում եւ արբենում, ու Հովսեփի նման արբենում էին ձմռան այդ կեսին֊գարնան նրանց գոյությամբ ու ներկայությամբ ու շնչառությամբ։ Ծաղիկը, որ Հովսեփը հերթով տղաներին ցույց տալիս ու այլայլված-ուրախ-շողալով պատմում էր, հողում թաղված վառարանի փողից մեկ մատնաչափ հեռավորության վրա էր դուրս եկել. ընձյուղը մի առ կիսաթեք ելել-հողից քիչ բարձր ցցված ժեռի կոշտ ելուստին գրկած բարձրացել էր, այնպես որ, համարյա հողում թաղված ցողունին սիմետրիկ կիպ-կպած՝ երկու կանաչ, հիմքերից խորքով կտրտված, սակայն ամփոփվելուց սրտանման տերեւները ելուստից ներքեւ էին մնացել-կախվել: Այնուհետեւ ցողունը ելուստից խույս-տվել-ուղղվել-ձիգ էր կանգնել՝ հիմքում ահագին տարածք էր անցել՝ մինչեւ ազատ ու ձիգ կանգնելու հնարավորություն էր ձեռք բերել ու ընդունել։ Ցողունը շատ երկար չէր, բայց եւ կարճ չէր, վրան շուրջանակի աճած, երկարավուն, կողքերից ալիք-ալիք-կտրտված, սահուն երիզված կանաչ տերեւներ ուներ՝ ամեն մի շուրջանակի տերեւներից մեկ ծաղիկ էր գլուխը բարձրացրել ու՝ թեքված ոտնուկի վրա օրորվում էր քամու սվսվոցներից։ Նույն ցողունից ելած չորս ոտնուկի վրա կիսաթեքված ու տղաներին նայող, մանկան երկնագույն աչիկներով ծաղիկներ, որ արեւ ու ջերմություն էին տենչում: Ամեն մի ծաղիկը բաղկացած էր հինգ ծաղկաթերթերից՝ միանման, փոքր, մի մասը՝ թուխ-երկնագույն-մանուշակագույն եւ պայծառ-դեղին, իսկ մեկ էլ մասը՝ բաց-մանուշակագույն՝ երկար ոտնուկների վրա ծաղկաբույլ կազմած… Ու ռուս-ժուռնալիստ Տանյան կռացավ-հոտ քաշեց եւ չնայած՝ խոհուն, հանգիստ֊հավասարակշռված մարդ է, բայց նաեւ՝ ա՜խ քաշեց ու թռչկոտելով ծափ զարկեց եւ կռացավ՝ Հովսեփին համբուրեց, ու ասաց՝ ո՞վ կհավատա, ո՞վ կհավատա, որ փետրվարին Իվան դա Մարիան ծաղկի, եւ էլյազն ասաց՝ ի՞նչ, ի՞նչ, ու Տանյան ասաց՝ ֆիալկա տրյոխցվետնայա տրավա, եւ Վովան թարգմանեց, ասաց՝ հայերեն կլինի՝ եռագույն մանուշակ, եւ Տանյան գլխով արեց-հաստատեց՝ այդպես է կոչվում՝ ասաց, նաեւ ասաց՝ մեզ մոտ՝ Ռուսաստանում, նաեւ այսպես են անվանում՝ Իվան դա Մարիա։ Ու տղաները կարծես մրցման մեջ են մտել ու ամեն մեկն իրեն հավանած ու իր իմացած ծաղկի անունն էր տալիս, ու Բորիսն ասաց՝ կարծես թե՝ ալպյան ձյունածաղիկ է, բայց ալպյան ձյունածաղիկի ցողունը կարճ է, ունի կախված զանգակաձեւ ծաղիկներ, սակայն միմյանցից բաժանված չեն, այլ իրար ագուցված են եւ հենց եկեղեցու զանգակ են խորհրդանշում՝ ամեն ցողունին՝ մեկ զանգակ… չգիտեմ։ Ու Արսենը պատմության ուսուցիչ է, եւ ասաց՝ բուրավետ մանուշակ է, տեսեք, թե ինչպես է… Բայց Փաշան, որ ծնողներն Անդրանիկ անունը կնքել, փխրուն սիրտ ու ռոմանտիկ բնավորություն տվել, սակայն մոռացել էին առնական թուրը կողքից կախել, ծանր, սուգ տարած եւ ուշադրության կենտրոնում պահվող այրու հպարտ քայլվածքով առաջանալով, տղաներին երկու ձեռքերով իրենից հեռացնելով-դեպի ծաղիկը ճանապարհ բացելով եկավ-չոքեց, կռացավ-քիթը խոթեց ձեռքով փնջված ծաղիկների արանքը, մի լավ հոտ քաշեց ու չոքած տեղից վերեւ՝ իբր բույրից շաղված-ռոմանտիկ հայացքով տղաներին նայեց ու ասաց՝ երկու տղայիս արեւը՝ ծաղկի անունը Արեւքուրիկ ծակծկված է… Վադոկան ձեռքերը գրպանում անհավես172անտարբեր կողքի նայեց, չլմփոցով թքեց ու ասաց՝ հա՞, ես էլ գիտեմ՝ իշակաթնուկ է։ Հետո նաեւ ասաց՝ դու հել-գնա թուրքի-Խոջալուն թալանիր, Փաշա, թուր էիր բռնելու էդ ձեռքերով, բայց տես, որ նոր դուրս եկած ծաղիկներն ես ճմռթում։ Ու տղաները փուլ եկան ծաղկի շուրջը-փորները բռնած։ Եվ Անդրանիկը՝ տղերքի Փաշան, որ՝ փափուկ սիրտ, կարճ բոյ ու նվազ մարմին ուներ եւ, որ միայն հայրենասիրությամբ եզր ունենար Փաշայի իր անվանը, ժամանակին հրամանատարից երկու օր խնդրել ու առաջին դիրքերից ճակատի գիծը կտրելով հետ եկել ու ազատագրված թուրքի-Խոջալու էր ընկել։ Եվ քանի որ իր պապական հայի-Խրամորթ գյուղը արդեն գրավված էր թուրքերի կողմից ու իր պապական տունը քանդված ու թալանված էր թուրքերի կողմից եւ դեռ 2,5 տարի թուրքն էր նստելու իր պապական-հայի գյուղում, ապա ընտանիքն իբր թե պաշտպանված, իբր թե հեռահար հրետակոծությունից ապահով, աչքից հեռու-ծմակների մեջ կորած գյուղերում էր պահ տվել: Եվ հիմա իր մայրն ու հայրը, ու կինն ու երկու զավակները սոված-թալանված-դատարկված, ու միայնակության զգացումով ու ձմռան ցրտաշունչ եղանակին սոված-ապրում էին, ապա Անդրանիկն իբր թե նոր ազատագրված հայի-Խոջալուից՝ սոխ, կարտոֆիլ, բրինձ, յուղ եւ հիմնականում՝ կարտոֆիլ գտնելու հույսով հրամանատարին խնդրել ու մեկ-երկու օրում ռազմաճակատի գիծը ոտքով կտրել ու թուրքի-Խոջալու էր հասել ու առաջին պատահած տան դուռը բացել եւ ներս մտել ու… ոտքերի տակ փռված տնական ալբոմի նկարները տեսել ու թուրքին թողած իրենց տան մասին հիշել ու թուրքին թողած իրենց տնական ալբոմի նկարների մասին է հիշել։ Եվ տնով-մեկ ցրված նկարներից՝ իրար գլուխ-գլխի տված-նկարված թուրքի երկու երեխայի նկարը հատակից՝ ոտքի տակից վերցրել արցունքոտված ու գալու նպատակի մասին մոռացած, նկարը դրել դեմը ու նկարում գլուխ-գլխի տված թուրքի երեխեքին նայելով ու իր երեխեքին նմանեցնելով, ամբողջ օրը լացել է, լացել է Կիկոսի մահով։ Ու ժամանակին երեխաներից մեծը՝ Պավլիկը, 10-12 տարեկան Պավլիկը, տեսնելով, որ թուրքը թուրքի-Աղդամից զոռում է, ու իրենց հայի գյուղում զենքի պակասություն կա, ու զենքի պակասությունից տղաները նեղվում են ու՝ էսօր, վաղը թուրքի-Աղդամի թուրքը գրավելու է իրենց սահմանային, թուրքի բերանին նստած պապական-հայկական ու պինդ ու ծուռ բնակիչներով գյուղը, ժամանակին ասել էր, ասել էր՝ պապա՛, մեր «Ժիգուլին» ծախիր ու տանկ առ, ու հետո, որ պատերազմը վերջանա, տանկը կծախես, նորից «Ժիգուլի» կառնես։ Ու հիմա Փաշա-Անդրանիկը «խորը-ապրումների»-լացի մեջ իր ու իր երեխաների ունեցած-անցած բանավեճը հիշում ու լացում է կըռըք-կեռեք, լացում է կըռըք-կեռեք… Եվ միայն օրվա վերջում համագյուղացու՝ նույն կարտոֆիլ գտնելու հույսով՝ տնաքանդ եղած-հեռու գյուղերից թուրքի-Խոջալու հասած տարիքով համագյուղացու՝ Արշավիր դայու ձայնից է զգաստացել եւ ուշքի եկել։ Ու Արշավիր դային չեղած բանն էլ է համով-համոզող պատմում, սակայն այս մեկն Անդրանիկն-ինքն էր հաստատում, եւ Արշավիր դային պատմում էր, քաղցր պատմում էր, թե… Օրվա վերջ էր եւ ուշ էի հասել ու՝ ուտելիքը, կարտոֆիլը կողքի գյուղերից սրբել-տարել էին, ու պատերազմի դաշտում բոլորն էլ սով քաշող մարդիկ են եւ մեղադրելու չէր, ու հույսս կտրած դուրս էի գալիս էդ տարածքից, եւ ինքս֊ինձ ասացի՝ էս տունն էլ մտնեմ ու վերջ, ու մտա… եւ մարմինս փշաքաղվեց էդ ձայնից, ու ինձ թվաց, թե թուրքի մեռելները շունչ են առել ու շղթա-շրջան կազմած հերթով լացում են իրենք-իրենց ձեռքով բռնած գործի արդյունք-լացը… Եվ մեկը՝ սուգ կապում-տղամարդկային172մարմինդ փշաքաղող լացի միջից դարդահան լինում-պրծնում ու ձայնը պատվավոր մյուսին էր հանձնում ու պատվավոր մյուսին էր տալիս, ու սա էլ իր հերթին իր բառերով դարդահան լինում-լացում ու… այսպես շարունակ… ու մտածեցի, որ մեր տանելիք-իրենց կարտոֆիլի լացն են լացում, ոնց որ մենք մեր Քերծի գլխին, մահից մազապուրծ, գյուղը թուրքին թողած մեր կարտոֆիլի լացն էինք լացում… Բայց, հանկարծ-կարծես գլխիս խփեցին, ու նոր հասկացա, որ սա հայի՛ լաց է, որ թուրքի տանը գտնվողը հայերեն է լացում, ու լացի միջից մեջբերված բառերը հայերեն է մեջբերում… Ու հանկարծ֊կարծես գլխիս երկրորդ անգամ խփեցին ու զգացի, որ ձայնը շատ, շա՜տ ծանոթ է, ու ինքս-ինձ ասացի՝ էս մեր Անդրանիկ-Փաշան է լացում, ու մտա… տեսնեմ Փաշաս մի բուռ դառած172չոքած ու լայն-զինվորական գոտին նեղ մեջքին-փոնթ ընկած, աչքերը ուռած ու փակված, գլուխը պոլին տալիս-լացում ու գլուխը պոլից կտրում172պատալոկին նայում-լացում է… Եվ ավտոմատը մոռացած-կողքին գցած՝ որ չստուգված շփաներկայից պախկված թուրքը դուրս գար-ավտոմատը վրեն կապեր ու նորից շփաներկան մտներ, ոչ մեկը չէր իմանա եւ ամոթ կլիներ՝ Փաշան այդպիսի մահ ունենար… Ու լացի միջից ասում էր, ինքն֊իրեն ասում էր՝ չէ՜, Պավլիկ ջան, չես համոզի, պապան «ժիգուլին» չի ծախելու-տանկ չի առնելու՝ որտեղ տանկեր՜ը՝ էնտեղ անմեղ երեխեքի արյունը… Եվ Անդրանիկը տղերքի՝ միմյանց պատմվող-թալանի իր պատմությունը լսելուց ու՝ հա՛, երկու տղաներիս արեւը՝ հաստատելուց֊երդվելուց հետո, չոքած տեղից ոտքի կանգնեց ու ասաց՝ եթե կասկածում եք, որ ծաղկի անունը Արեւքուրիկ ծակծկված է, ապա խնդրեմ, ընկեր Ազիզբեկն եկել է ու հյուղակում վառարանի կողքը նստած է, կանչեք֊թող գա-հաստատի։ Ու ընկեր Ազիզբեկը՝ ուղղամիտ, ուղղախոս ու ճշմարիտ մի մարդ, քայլող հանրագիտարան, դիմահար խոսող պարտուսի հի՜ն դասատուներից, մի քանի սերնդի է դաս տվել. տարիքը շրջապատում մոռացել են, սակայն բոլոր առարկաներին հավասարապես-գերազանցապես տիրապետում է, եւ երիտասարդի ավյունով հայի-Երեւան էր հասնում, թե որ «աչքաբաց ու գանգում պուժուժ ունեցող» իր գերազանցիկ աշակերտներին փորձեին անհավասար պայմաններ ստեղծեին ու դուրս թողնեին բարձրագույնից։ Ու հաղթանակած հետ էր դառնում, եւ կանցելյարի դեմը հավաքված համագյուղացիների մեջտեղը կանգնում ու ակնոցների վերեւից մարդկանց նայելով, հանգիստ-ծանր-երկար բացատրում էր «Երեւանի դասախոսների» նկատմամբ տարած իր հաղթանակներից. «… Ասացի՝ լսի՜ր, սիրելի՛ս….»։ Եվ «տուն»՝ հյուրասիրվելուց՝ վիրավորված հրաժարվում է, գնալ֊գալու ճանապարհածախսից հրաժարվում է՝ չէ՛, չէ՛, չ՜է, պա՛֊պա՛-պա՜՝ նա քո երեխան չէ, նա իմ երեխան է. որ էդ մե՜ծ ու ճանանչ քաղաքում՝ անուն֊ազգանունը տալուց հետո, ծննդավայրի անունն է տալիս, ու 20-25 հոգուն ծանոթացնում է իր ծննդավայրին, դա ինձ համար՝ էէէ՜՝մի քանի կերուխում արժե։ Սակայն ինքը սիրում է հյուրեր ընդունել, լավ, ճոխ, տեղը-տեղին պատիվ տալ նրանց՝ շատ ջերմ ու անմոռանալի մթնոլորտ ու միջավայր ստեղծելով՝ համով-հոտով, գեղեցիկ հիշողություն-բանաստեղծություններով: Բայց ամենքին չէ, որ հյուր կընդունի, ամենքին չէ, որ տուն կթողնի՝ «ուզում է թող»՝ նախագահը լինի, գլխավոր հաշվապահը լինի, շրջանից ու վերեւից եկած֊հյուրերին խառնված բարձր պաշտոնյա լինի՝ բարեւողի ձեռքը օդում թողնելով, ակնոցի վերեւից աչքերը կատաղած խեթում է՝ քեզ անձամբ ես հրավիրել ե՞մ, որ եկել ես, ու գլխահակ֊սառած֊կանգնածի քթին դուռը խփելով, ծանր թոնթորում է՝ այ մարդ, աներեսացել են, ասա՝ ես քո հետ բաժակ խփող ե՞մ, որ աներեսի նման հետեւներից ես ընկել։ Ու «ավտոբուսի շոֆեր Ռաֆիկը» մի անգամ, կանցելյարի դեմը, տղամարդկանց մոտ ու բոլորի ներկայությամբ մոտեցել եւ ասել էր, ասել էր՝ ընկեր Ազիզբեկ, ասում եմ՝ Բորիկի աղջկան տղայիս համար առնեմ, դու էդ աղջկան դաս ես տվել՝ լավն ու վատը կիմանաս՝ ի՞նչ կարծիքի ես։ Եվ Ոաֆիկը ներքնապես հրճվել է, եւ աղջկա հայրը, ներքնապես նեղվել է, որ հիմա առանց աչքը ճպելու, ընկեր Ազիզբեկն ասելու է իր իմացածը ու բոլորի ներկայությամբ խայտառակ է անելու իրեն։ Ու ընկեր Ազիզբեկն առանց աչքը ճպելու, ասել է, ասել է… Նախ, սկսենք ընտանիքից. էս մարդը գործից հետո չի լվացվո՞ւմ, թե՞ կինը չի լողացնում՝ ամառ-ձմեռ նայում ես՝ խոտի քիստերը՝ մազերի մեջ, երեսը սեւացած՝ խոզյայստվեննիյ սապոն չունե՞ն՝ կինը երեսը քսի, էս՝ մեկ, երկրորդը՝ հինգ-վեց չափահաս երեխա ունեն, դրանցից ո՞ր մեկն է բարձրագույն ավարտել՝ ոչ մեկը, ուրեմն, ուսումից, գիտությունից փախած ընտանիք է, երրորդը՝ էդ աղջկան մի քիչ տեղը չեմ բերում, էդ էն քամակը կախ գըզօղլանն է՞, որ ամբողջ օրը ձեռքը172ձեռքին խփում-քռքռում ու լոք տալիս-տղաների մեջքին նստում է՝ պա՛-պա՛-պա՜… չէ՛, չէ՛, չէ՜… Խորհուրդ չեմ տա. քամակը կախ հալով, որ թռավ-տղայիդ մեջքին նստեց ամբողջ օրերով, խեղճը ամբողջ օրերով շաղված-ճկռած ման է գալու՝ պա՛-պա՛-պա՜, չէ՛172չէ՛172չէ՜… Ու ընկեր Ազիզբեկը կռվի տարիներին էլ, չէր ուզում 14 տարեկանից սկսած, մինչեւ 50-ին հասած, հիմա արդեն ինքնաձիգները ձեռքներին, նախահարձակ թուրքից հողը պաշտպանող իր սաներից կտրվել։ Եվ կողքի գյուղից տնքտնքալով, ծանր տարիքով մարդու շնչահատ քայլվածքով գալիս, ու խրամատում պայծառանում էր իր սաներին տեսնելով։ Ու մեկ֊մեկ հեռադիտակը վերցնում, կրծքով խրամատի թմբին ընկնում ու երկա՜ր, մրմնջալով նայում էր թուրքի շարժ ու ձեւը՝ հա՛֊ձեր տերը չմեռնի֊հա՛, մրջյունների նման եկել֊լցվել են, եկել-լցվել են… Ու նաեւ՝ մեկ172մեկ հեռադիտակը աչքերից հեռացնում, ու շնչասպառ, մոտիկ կանգնածին կանչում է ա՛ խոխա, մի շուտ արի, մի ինքնաձիգդ վերցրու-շուտ արի, ու հասածին հեռադիտակը տալիս եւ արագ-արագ բացատրում է՝ տեսա՞ր, տեսնում ե՞ս, թփերի տակով-մեր կողմը նայելով ո՜նց է վազում իրենց խրամատը՝ տուր սպանիր, տուր սպանիր՝ ա՜յ-հա՜յ՝ աչքերս ո՜նց է դավաճանում, աչքերս ո՜նց է դավաճանում… Պահեք, մատաղ ինիմ ձեզ, չթողնեք թուրքը գա: Էս հողը մեկն է: Շատ տեղեր եմ եղել, շատ տեղեր եմ տեսել, բայց էս հողը մեկն է: Աչքներդ չճպեք, պահեք էս հողը: Էս քաղցր հողը պահեք, չթողնեք թուրքը մտնի ու անարգի: Չթողնեք թուրքը մտնի ու անարգի՝ մեզ, մեր սերունդը: Չթողնեք, մեռնեմ ձեզ, ձեր կյանքին մեռնեմ՝ չթողնեք։ Ու կռվի մեջ ու կռվի ժամանակ ամեն֊ինչ տեսած տղերքին իրիկունները, վառարանի շուրջ, գրքերից պատմում է, գրքերից պատմում է, թե թուրքն ինչի է ընդունակ: Եվ խո՜ւլ լռության մեջ, ընկեր Ազիզբեկի խո՛ւլ ձայնը արձագանքվում է վառարանի շուրջը խմբված տղաների ականջներում. «…Ու՝ տա՜ք, կարմրա՜ծ թավան թշշում էր Սիամանթոյի՝ մեր մե՜ծ բանաստեղծի գլխին… Եվ Կոմիտասը՜… Ու ազգի մեր մյուս մե՛ծն ու պարծանքը՝ Կոմիտա՜սը, ձեռքերը տարավ՝ ականջներն ու աչքերը փակե՛ց… Նա՛ գժվե՜ց…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել