ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը սկսվեց կիրակի օրը՝ մայիսի 11-ին, «Բանանց»-«Կոտայք» եւ «Միկա»-«Լեռնագործ» հանդիպումներով։ Իսկ ահա 5-րդ տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր։ «Փյունիկը» կհյուրընկալի «Դինամո-2000» -ին, իսկ «Շիրակը» Գյումրիում կմրցի Արարատի «Արաքսի» հետ։ Ինչ խոսք, այս հանդիպումներից կենտրոնականը համարվում էր «Բանանցի» եւ «Կոտայքի» մրցավեճը։ «Կոտայքը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը», որը խաղային մեծ պոտենցիալ ունի, անհաջող էր սկսել առաջնությունը, շանս էր ստացել արդարանալու իր երկրպագուների առաջ։ Բացի դրանից, «Բանանցի» հիմնական խնդիրը հոգեբանական արգելքը շրջանցելն էր։ Այս հանդիպումից առաջ հրաժարական էր տվել թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Առաջ գնալով նշենք, որ «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց լուծել բոլոր խնդիրները՝ կապված այս հանդիպման հետ։ Երեւանցիները հադիպման սկզբից տիրեցին նախաձեռնությանը եւ մեթոդաբար ճնշում գործադրելով մրցակցի դարպասի վրա, ի վերջո հասան իրենց նպատակին։ Չնայած առաջին վտանգավոր պահը ստեղծվեց հենց «Բանանցի» դարպասի մոտ, երբ թիմի ավագ Հովհաննես Դեմիրճյանը սխալվեց փոխանցում կատարելիս, բայց կոտայքցի Արմեն Մարկոսյանը չկարողացավ օգտագործել պատեհ առիթը։ Սա թերեւս միակ սխալն էր, որ թույլ տվեց «Բանանցի» վերջին պաշտպանի պարտականությունները կատարող Հովհաննես Դեմիրճյանը։ Հետագայում «Բանանցը» հստակ էր գործում պաշտպանությունում եւ Դեմիրճյանը լավագույններից մեկն էր իր թիմի կազմում։ Առաջին վտանգավոր պահը «Կոտայքի» դարպասին ստեղծվեց հանդիպման 10-րդ րոպեին։ Մեկ հպումով փոխանցումներով գեղեցիկ կոմբինացիա ձեռնարկեցին Արամ Հակոբյանը եւ Արամ Սարգսյանը եւ ստանալով գնդակը վերջինից, Արամ Հակոբյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ լայնակի փոխանցում կատարեց, որը կանխելիս քիչ էր մնացել ինքնագոլի հեղինակ դառնար Արսեն Մելոյանը։ Չորս րոպե անց «Կոտայքի» տուգանային հրապարակում երեւանցիները խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին եւ մոտ էին արդյունքի հասնելուն։ Բայց դարպասապահ Էդիկ Երիցյանին եւ «Կոտայքի» պաշտպաններին այս դրվագում հաջողվեց չեզոքացնել Արա եւ Արամ Հակոբյանների, եւ Ռոմեո Ջենեբյանի հարվածները։ Հանդիպման 27-րդ րոպեին Արամ Հակոբյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց «Կոտայքի» դարպասի հորիզոնական ձողից։ Ինչպես ասում են՝ գոլը հասունանում էր եւ իրոք շուտով հանդիսականները ականատես եղան դրան։ Հարձակմանը միացած «Բանանցի» պաշտպան Կարեն Սիմոնյանը հեռվից հարվածելու որոշում կայացրեց, եւ նրա հարվածից հետո գնդակը դիպչելով «Կոտայքի» պաշտպան Կարեն Գրիգորյանին, շեղեց ուղղությունը ու հայտնվեց «Կոտայքի» դարպասում։ Խփած գոլը նոր լիցք հաղորդեց տանտերերին, որոնց հաջողվեց ընդմիջման գնալուց առաջ եւս մեկ անգամ գրավել «Կոտայքի» դարպասը։ 40-րդ րոպեին Ռոմեո Ջենեբյանը հիանալի փոխանցումով առաջ նետեց արագաշարժ Արա Հակոբյանին եւ վերջինս հմտորեն խաբս տալով պաշտպանին, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Երկրորդ կեսում «Կոտայքը» ակտիվացավ, բայց ռեալ գոլային պահ «Բանանցի» դարպասի մոտ աբովյանցիներին ստեղծել այդպես էլ չհաջողվեց։ Իսկ «Բանանցը» խաղավերջում իր հաղթանակը ավելի համոզիչ դարձրեց, երբ Արամ Հակոբյանը խաղավարտից հինգ րոպե առաջ խփեց երրորդ գնդակը։ Այսպիսով «Կոտայքը» կրեց իր առաջին պարտությունը, իսկ «Բանանցը» ապացուցեց, որ կարող է պայքարել մրցանակային տեղերի համար։ Նույնպիսի՝ 3:0 հաշվով այս տուրում հաղթանակ տոնեց նաեւ Աշտարակի «Միկան», որը Աշտարակի «Քասախ» մարզադաշտում առավելության հասավ Կապանի «Լեռնագործի» նկատմամբ։ Իր հինգերորդ գոլը այս առաջնությունում խփեց Արամ Ոսկանյանը, բացելով խաղի հաշիվը։ «Միկայի» հաջողությունը «Լեռնագործի» հետ խաղում զարգացրին Կարեն Եղիազարյանը եւ Գրիգոր Մկրտչյանը։ Հետագայում շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, որոնցում հաղթողին նախօրոք գուշակել հնարավոր չէ։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ