Եկավ, տեսավ, արարեց Վերջերս լրացավ Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադրման վեց տարին: Տարեթիվը թեեւ հոբելյանական չէ, բայց արժե նշել, քանի որ Հայաստանի վերջին վեց տարիներին երաժշտական կյանքը մեծ մասամբ ձեւավորվում է նվագախմբի լայն գործունեությամբ, որը պայմանավորված է նրա ղեկավար Արամ Ղարաբեկյանի անխոնջ աշխատանքով: Անկեղծ ասած, 1994թ. ներկա լինելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած փայլուն համերգներից մեկին, ես նրան արդեն տեսնում էի մեծ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի դերում: Թերեւս արժեր ստեղծել եւս մեկ սիմֆոնիկ նվագախումբ՝ հատուկ Արամ Ղարաբեկյանի համար: Բայց դժվար տարիներ էին: Արամ Ղարաբեկյանը աշխատում էր Եվրոպայում, ուներ պայմանագրեր եւ պարտավորություններ, ինչպես նաեւ հյուրախաղեր տարբեր նվագախմբերի հետ: Արվեստում լինելով ռացիոնալ մտածելակերպի տեր մարդ, նա իրական ռոմանտիկ է։ Երբ 1997թ. հրավիրեցին Հայաստան՝ նոր կամերային ստեղծելու նպատակով, Ա. Ղարաբեկյանը իսկույն համաձայնեց: Եվ առաջին իսկ համերգների ծրագրերը զարմացրին ունկնդրին։ Մենք նոր երաժշտություն էինք բացահայտում մեզ համար, այն, որը սիրում է ինքը՝ դիրիժորը: Ծանոթացանք Պիտեր Վարլոքի, Էդվարդ Էլգարի ստեղծագործություններին: Իսկ Պյոտր Չայկովսկու, Հուստավ Մահլերի, Ալֆրեդ Շնիտկեի, Արվո Պյարթի, Էդվարդ Միրզոյանի հայտնի ստեղծագործությունների կատարումները ապշեցնում էին նրբաճաշակ եւ խոր մեկնաբանությամբ: Կամերային նվագախմբի գործունեությունը չի սահմափակվում համերգներով եւ հյուրախաղերով: Արամ Ղարաբեկյանը դարձել է հայ կոմպոզիտորների համախոհը՝ պատվիրելով նրանց ստեղծագործություններ իր նվագախմբի համար: Պետական ֆինանսավորման աղբյուրներից զրկված, հայ կոմպոզիտորները, ի դեմս Արամ Ղարաբեկյանի, ձեռք են բերել իրենց համար այնքան անհրաժեշտ աջակցություն: Հոբելյանական համերգը Արամ Ղարաբեկյանը անցկացրել է իրեն հատուկ փայլով: Ապրիլի 8-ին նվագախմբի պատվերով գրված Ստեփան Շաքարյանի երկու պիեսը՝ «Նախերգանքը» եւ «Հայկական պարերը» յուրահատուկ ելակետ էին դարձել համերգի հետագա վերելքի համար: Ի թիվս այլ ստեղծագործությունների, հնչեցին նաեւ Էդվարդ Էնգրի լարային քառյակի եւ նվագախմբի համար գրված Ինտրոդուկցիան եւ Ալեգրոն: Իսկ Չայկովսկու «Հիշողություններ Ֆլորենցիայից» ստեղծագործությունը ուղղակի ալեկոծեց դահլիճը: Ունկնդիրներն արդեն պատրաստ են այս զարմանահրաշ ստեղծագործության ոգեշունչ ընկալմանը՝ այս է դիրիժորի պատմությունը, որ ստեղծագործության հրաշալի կատարմամբ ներկաներին պարգեւեց հիանալի, անմոռաց րոպեներ, ուր միաձուլվեցին համընդհանուրն ու անձնականը: Կամերային նվագախմբի հովանու տակ ստեղծվել է մեծ երգչախումբ, որը ղեկավարում է խմբավար Ռոբերտ Մլքեյանը։ Ապրիլի 21-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած համերգը կարելի է համարել եւ երգչախմբի ու նրա ղեկավարի մեծ հաջողությունը, եւ Արամ Ղարաբեկյանի վեցամյա աշխատանքի արդյունքը: Գլուխգործոցների շարանը՝ Կոմիտասից, Եկմալյանից, Կանաչյանից, Արմեն Տիգրանյանից, Էդգար Հովհաննիսյանից, մինչեւ նորագույն խմբերգային երաժշտությունը՝ Մանսուրյանի, Հալաջյանի, Մլքեյանի, Սմբատյանի ստեղծագործությունները, ցուցադրեցին պրոֆեսիոնալ խմբերգային արվեստի եւ նրա անսպառ աղբյուրների՝ ժողովրդական երաժշտության ողջ ազգային հարստությունը: Հալաջյանական 16 ձայնանի խմբերգային պարտիտուրը, փայլուն կատարմամբ, հնչեց կատարյալ լարվածությամբ եւ սիմֆոնիկ նվագախմբին համահունչ: Արամ Ղարաբեկյանի նվագախմբի եւ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած երգչախմբի գործունեությունը չափազանց արդյունավետ է մեր ողջ երաժշտական մշակույթի համար, որը դժվար ժամանակներ է ապրում: ՄԱՐԳԱՐԻՏԱ ՌՈՒԽԿՅԱՆ