Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2

Մայիս 13,2003 00:00

«Վատ ես ապրելու, Սերգո ջան»-2 Հայոց համազգային շարժում կուսակցության նախընտրական ծրագրային կետերից մեկի համաձայն, քանի դեռ հիմնական քաղաքական հարցը լուծված չէ (նկատի է առնվում ԼՂՀ հիմնախնդիրը), բնակչության սոցիալական պաշտպանվածության, կենսաթոշակային ապահովման, զբաղվածության, տնտեսական հնարավոր աճերի մասին բոլոր խոստումները, մեղմ ասած, փուչ են։ Այս սկզբունքից ելնելով, ՀՀՇ-ն վերադառնալով ակտիվ քաղաքականություն, իր թիվ մեկ խնդիրը համարում է «հասնել իշխանությունը բռնազավթած ապօրինի նախագահի պաշտոնանկությանը, սահմանադրական կարգի վերականգնմանը, օրինական իշխանության հաստատմանը»։ Կուսակցության հաջորդ հիմնական խնդիրն է՝ «թույլ չտալ ՀՀ Սահմանադրության նենգափոխումը, որը կոչված է օրինականացնել հաստատվող բռնապետությունը, նպաստել ծավալվող ահաբեկչությանը, քայքայել պետականության հիմքերը»։ Ապա՝ «պետության ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները անմիջականորեն կամ միջնորդավորված պետք է բխեն միայն ՀՀ քաղաքացու շահերից»։ ԼՂՀ հարցի կարգավորման առնչությամբ ՀՀՇ-ն հետեւյալ տեսակետն է արտահայտում. «Վերջ տալ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը ոտնահարող տհաս քաղաքականությանը, սկսել իրական բանակցություններ ԼՂ-ի պարտադիր մասնակցությամբ եւ վճռական դերակատարությամբ։ ՀՀ տարածքի որեւէ մաս չի կարող լինել սակարկության առարկա»։ 17 կետից բաղկացած նախընտրական ծրագրում ՀՀՇ-ն նաեւ խոստանում է «այլ պետությունների, առաջին հերթին հարեւան երկրների հետ, նորմալ միջպետական փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հաստատում(…) «մշտական թշնամու» եւ «մշտական բարեկամի» գաղափարների մերժում(…), վասալային կախվածության վերածված հայ-ռուսական հարաբերությունների» վերանայում։ Իսկ ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը լուծելի են՝ «Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման, երկկողմանի հարաբերությունների հիմքի վրա»։ Տնտեսական համակարգի ազատականացման եւ տնտեսական մենաշնորհի վերացման նախընտրական շրջանում ավանդական համարվող խոստումը ՀՀՇ-ի ծրագրում եւս տեղ է գտել։ Բայց ի տարբերություն մյուս կուսակցությունների, ՀՀՇ-ն գտնում է, որ բարձրագույն կրթություն ունեցողների համար պարտադիր զինվորական ծառայությունը պետք է լինի մեկ տարի։ Իսկ ոչ բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիներն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ 2 տարվա փոխարեն պետք է 1,5 տարում կատարեն։ Նաեւ, քաղաքական սպանությունների բացահայտում՝ առաջնահերթությունը «27»-ին տալով։ Ապա՝ գիտության, լեզվի, մշակույթի նկատմամբ պետական հոգածության ապահովում։ «Քվեարկիր հանուն Հայաստանի» կարգախոսով ՀՀՇ-ն հայցում է, որպեսզի ընտրողներն իրենց քվեով նպաստեն երկրում օրինականության վերականգնմանը, «ազատական, ժողովրդավարական քաղաքականության իրականացմանը»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել