Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ

Մայիս 13,2003 00:00

ԵԿԵԼ ԷԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ «Արդարություն» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Մալաթիա-Սեբաստիայում հանդիպում էր ընտրողների հետ: Ընդունելությունը ջերմ էր, բազմամարդ: Դաշինքի կազմում էր նաեւ այս համայնքի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: «Արդարությունը» համայնք էր եկել նաեւ հայտարարելու, որ թիվ 10-ում պաշտպանում է հենց նրա, եւ ոչ այլ մեկի թեկնածությունը եւ կոչ արեց մայիսի 25-ին քվեարկել «Արդարություն» դաշինքի եւ Սմբատ Այվազյանի օգտին: Ի դեպ, վերջինիս ելույթն էլ բուռն ու ծափերով ընդունվեց ու ժամանակ առ ժամանակ ընդհատվեց: Թեկնածուն անդրադարձավ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական հարցերին, շրջանցեց նաեւ Սահմանադրության հանրաքվեի անցկացման խնդիրն ու այդ իմաստով իշխանությունների նպատակը՝ կոչ անելով դեմ քվեարկել դրան նաեւ այն պատճառով, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում վտանգվելու է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն, ու Մեղրին կրկին դրվելու է ԼՂ հարցի կարգավորման զոհասեղանին: Չշրջանցեց նաեւ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու խնդրին, նաեւ ՍԴ-ի հրապարակած եզրակացությունը՝ ասելով, թե այն անձամբ իրեն չի բավարարել՝ միաժամանակ ընդգծելով, որ ՍԴ-ն «մեկ տարի հարկադիր տվեց Ռ.Քոչարյանին», ինչն ուղեկցվեց ռեպլիկով՝ «տղա ջան, դու ընտրված ես»: «ՀՀ քաղաքացիներիս համար ավելի նպաստավոր կլիներ, եթե ՍԴ-ն ասեր ու հստակեցներ՝ կամ անվավեր ճանաչել ընտրությունները, կամ՝ ուղղակի մերժեր հայցը»,- ասաց Ս.Այվազյանը: Նա խոստովանեց, որ, թերեւս, իմաստ չունենար ու ինքն իր թեկնածությունը չառաջադրեր ԱԺ ընտրություններում, բայց կա մի կարեւոր հանգամանք՝ իր, որպես քաղաքական գործչի համար. «Ես ԱԺ ընտրությունները տեսնում եմ՝ որպես նախագահական ընտրությունների շարունակություն, եւ համոզված եմ, որ Քոչարյանի ռեժիմը երկար չի կարող մնալ Հայաստանում»: «Սա պատգամավոր կընտրվի»,- արձագանքեց նրա պոտենցիալ ընտրողներից մեկը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել