Հերթական անօրինական որոշումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստն ավելի քան երկու ժամ տեւեց, ընդ որում՝ արանքում 10-15 րոպեանոց «թայմ աուտ» վերցրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր հարցերը մանրամասնորեն քննարկվեցին, թեեւ հակված չենք կարծելու, որ դրան նպաստեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Իլեյն Կոնկեւիչի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ավելի քան ներկայացուցչական կազմի մասնակցությունն այդ նիստին: ԿԸՀ-ն միաձայն հաստատեց նախ թափանցիկ քվեատուփերի ձեւը: Ընդունեց նաեւ ԱԺ ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի անցկացման կարգի վերաբերյալ որոշումը, որով ամրագրվեց, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ու հանրաքվեի քվեարկությունների կազմակերպման համար տեղամասային կենտրոններում տեղադրվելու են առանձին թափանցիկ քվեատուփեր: Որոշման 3-րդ կետով որոշվեց, հաշվի առնելով թափանցիկ քվեատուփի տարողությունն ու ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների չափերը, ԱԺ ընտրությունների համար, տեղամասային կենտրոններում, որտեղ ընտրողների թիվը մինչեւ 1000 է, տեղադրել 1 քվեատուփ, իսկ 1000-ից ավելի ընտրող ունենալու դեպքում՝ 2 թափանցիկ քվեատուփ՝ դրանք տեղադրելով իրար վրա: Որոշվեց նաեւ, որ տեղամասային հանձնաժողովները քվեարկության ավարտից հետո նախ պետք է ամփոփեն ԱԺ ընտրությունների, ապա նոր միայն՝ Սահմանադրության հանրաքվեի արդյունքները: ԿԸՀ նիստի օրակարգում եղած ամենաանհեթեթ ու անօրինական որոշումը, որն ընդունվեց, ներկայացրել էր ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը, թեեւ քվեարկության արդյունքը ցույց տվեց, որ հանձնաժողովում դրան բոլորն էին համաձայն: Բանն այն է, որ ԿԸՀ-ն ընդունեց մի որոշում, որով հաստատվեց ՀՀ ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրության քվեարկությունների ընտրողների վերջնական ցուցակի ձեւը: Ըստ այդմ, ընտրողների միեւնույն ցուցակում ընտրողը ստորագրելու է երկու անգամ. մեկը՝ ԱԺ ընտրությունների, մյուսը՝ հանրաքվեի համար նախատեսված սյունակներում: Իսկ այդ դեպքում անհամեմատ դյուրին կլինի կեղծել մասնավորապես Սահմանադրության հանրաքվեի արդյունքները, որովհետեւ, մեկ ընդհանուր ցուցակի պայմաններում ԱԺ համասնական ու մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ, որ կարեւորն է, Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը հեշտ կլինի նկարել, ընդ որում՝ նկարել միանգամից, առանց դժվարություն կրելու՝ երկու առանձին ցուցակներում կեղծ ստորագրություններ դնելու ու ՀՀ-ում չեղած մարդկանց փոխարեն քվեարկելու տեսանկյունից: Ընտրակեղծիքի այդ տարբերակը մեզ հայտնի է դեռ ՀՀ նախագահի ընտրությունների փորձից: Որոշումն անօրինական ու անհեթեթ է նաեւ այն տեսանկյունից, որ ԱԺ ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն տարբեր բաներ են եւ կարգավորվում են միանգամայն առանձին օրենքներով, ուստի հայտնի չէ, թե ընտրողների մեկ ընդհանուր ցուցակ ունենալու դեպքում ԱԺ ընտրությունների ու հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ընտրացուցակները հատկապես դրանցից որին են կցվելու եւ որ փաթեթում են զմռսվելու: Սա հարցադրում է, որին, կարծում ենք, մատների արանքով չպետք է նայի նախեւառաջ ԿԸՀ-ն, ապա նաեւ ընդդիմությունը: Սեփ. լր.